ԻՆՉՈ՞Ւ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՐԴԻՆԵՐԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԵՆ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՐԴԻՆԵՐԸ ՀՀ
ՔԱՂԱՔԱՑԻ ՉԵՆ
Այսօր Հայոց ցեղասպանության եւ մեծ հայրենազրկման հետեւանքների վերացման թեմաների շուրջ կազմակերպվել էր համաժողով: Համաժողովում անդրադարձ կատարվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած` «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաժողովը նախաձեռնել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որին, սակայն, չէր մասնակցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իսկ խմբակցության ղեկավարն էլ գտնվում էր գործուղման մեջ: Բայց մինչ համաժողովը կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանն «Իրավունքի» հետ զրույցում հայտարարել էր, որ համաժողովը «Ժառանգություն» խմբակցությունն է նախաձեռնել, քանի որ սա Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունն է: Իսկ Զարուհի Փոստանջյանը կուսակցության կողմից է ներկայացվել: Մի խոսքով ասած, ոչ մեկ ոչ մեկից տեղյակ չէ:
Համաժողովի ավարտից հետո «Իրավունքը» Րաֆֆի Հովհաննիսյանից պարզեց` ի վերջո, ինքը համաձայնե՞լ է, որ իր կուսակիցները հանդիպեն Սերժ Սարգսյանի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանը նախ հղում արեց իր վերջին ասուլիսին, որտեղ ներկուսակցական բոլոր հարցերին պատասխանել է. «Այդ ասուլիսին ժամանակ տրվեց լրիվ բացատրությունը: Դուք ներկա էիք այդ ասուլիսին: Ընկալելով ու գրելով այդ ասուլիսի անցուդարձի մասին` իմ գնահատականը չեմ տա ձեր ռեպորտաժին, դա ձեր իրավունքն է: Բայց դրանից հետո երբ գալիս եք եւ խորհրդաժողովի դուրս հարցը կրկնում եք, ցույց է տալիս` սարի վրա բան կա»:
Հիշեցնենք`մարտի 12-ին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր: Հանդիպումից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպողներին անվանեց Բաղրամյան 26-ի հաճախորդներ, քանի որ կուսակցությունը համաձայն չի եղել այդ հանդիպմանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ընթացքում ԱՄՆ-ում էր եւ հայտարարություն տարածեց` օգտագործելով ինքնանպատակ խորհրդակցություններ բառակապակցությունը` հասկացնելով, որ իր կուսակիցների հանդիպումը ինքնանպատակ է եղել:
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը լիազորությունից դուրս ոչինչ չեն արել, բայց եթե ինքը լիներ, չէր հանդիպի Սերժ Սարգսյանի հետ:
- Պրն Հովհաննիսյան, ձեր որդիներից են քանի՞սն են ՀՀ քաղաքացի ու քանի՞սն են ծառայել Հայոց բանակում:
- Ես ու որդիներիցս Արմենն ենք ՀՀ քաղաքացի:
- Իսկ երբեւէ փորձե՞լ եք ձեր մյուս որդիներին համոզել դառնալ ՀՀ քաղաքացի:
- Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է շարժվի ոչ թե ծնողական թելադրանքով, այլ ինքն իր կամքով պիտի որոշի: Իմ ցանկությունն այն է, որ իրենք երբ գիտակցեն, լինեն ՀՀ քաղաքացիներ, Հայաստանը լինի իրավական այն պետությունը, որը երիտասարդներին օտարության չտանի, այլ ետ բերի: Իմ ցանկությունն այն է, որ Հայաստանը լինի այն հայրենիքը, որը յուրաքանչյուրին տա այդ հնարավորությունը եւ յուրաքանչյուր հայ մարդ դառնա ՀՀ քաղաքացի: Բայց յուրաքանչյուր երիտասարդ, այդ թվում` նաեւ իմ երեխաները` խելացի, գիտակից, պատրաստված, իրենք պետք է կայացնեն այդ որոշումն իրենց կյանքի համար: Անգամ ծնողն իրավունք չունի դա անելու:
Դե ինչ թողնում ենք, որպեսզի ընթերցողը կարծիք կազմի, թե ինչն է պարոն Հովհաննիսյանի որդիներին խանգարում դառնալ ՀՀ քաղաքացի այն դեպքում, երբ դեռ երկու տարի առաջ նրանց հայրը ցանկանում էր ընտրվեր ՀՀ նախագահ:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ`«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐՈՒՄ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
