Զատիկին ընդառաջ. Նարեկացի Արվեստի միությունում ցուցադրվեց «Արարատից Սիոն» փաստավավերագրական ֆիլմը
Արխիվ 12-16Զատիկին ընդառաջ. Նարեկացի Արվեստի միությունում ցուցադրվեց
«Արարատից Սիոն» փաստավավերագրական ֆիլմը


Ապրիլի 1-ին նախազատիկյան Կինոչորեքշաբթին ներկայացրեց կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն» ֆիլմը:
Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Նարեկացի Արվեստի միության Հանրային Կապերի պատասխանատու Արմեն Բաղդասարյանն ,ով հակիրճ ներկայացրեց միջոցառման նպատակն ու հյուրերին:
Այնուհետև ելույթ ունեցավ ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն,ով հակիրճ ներկայացրեց ֆիլմի ստեղծման մասին ու սյուժեն, նշելով, որ այն դիտել են շուրջ 75 միլիոն մարդ ամբողջ աշխարհում ու որ նա արժանացել է անգլիական ֆիլմարտադրության երկու պատվավոր մրցանակների:
Վերջում ելույթ ունեցավ Տեր-Արսեն քահանան, ով խոսեց Զատկի տոնի խորհրդի ու նշանակության մասին,իր տերունական աղոթքն ու օրհնությունը հղելով բոլորին:
Վավերագրական ֆիլմը ստեղծողները ներկայացնում են այս պատմությունների մի շարք կարևոր էջեր` բացահայտելով սեփական ինքնության թանկարժեք հայեցակետեր: Նրանք անցնում են հայ ուխտավորների ուղիներով, որոնք ընկած են երկու պատմական կիզակետերի միջև` Արարատից Սիոն:
«Արարատից Սիոն» փաստավավերագրական ֆիլմը պատմում է, թե ինչպես են հայերը հայտնվել Սուրբ Հողում` Երուսաղեմում, ինչպես են հաստատվել այնտեղ, ձեռք բերել հոգեւորական որոշակի իրավունքներ, դիրք, տեղ:
Ֆիլմի հեղինակների խոսքով, այն հայի ինքնության մասին է: Ֆիլմում հենց այդպես էլ ասվում է, որ ազգին ճանաչելու, ազգի ինքնությունը պարզելու համար պետք է հետեւել նրա ուխտագնացությանը: «Արարատից Սիոն» ֆիլմի հեղինակներն ասում են, որ փորձել են ներկայացնել հենց հայերի ուխտագնացության պատմությունը, հային ներկայացնելու համար:
Ֆիլմը ռեժիսորա-օպերատորական տեսանկյունից բավականաչափ ստացված է, կատարված են բավական հարուստ նկարահանումներ, բավական տեսարժան նկարահանումներ: Պատկերի առումով ինչ որ պահ առաջանում է որոշակի ձանձրույթ, քանի որ խաղարկային տեսարանները շատ քիչ են, քիչ են հարցազրույցները, դինամիկան երբեմն պակասում է: Բայց դա երեւի թե ճաշակի եւ անձնական տպավորության հարց է:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները` Սիրարփի Կարապետյանի


