ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՔԱՆՍՏԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԳԱՍԻՔԸ
Արխիվ 12-16
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՔԱՆՍՏԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԳԱՍԻՔԸ
Մոսկվայում տեղի ունեցած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի ժամանակ, որտեղ 90 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել Աշոտ Դանիելյանը, հայ մարզիկի պատվին հնչած Հայաստանի օրհներգի ժամանակ Ադրբեջանը ներկայացնող Բախտիյար Աբասովը, ով բրոնզե մեդալ էր նվաճել կքանստել էր: Այս ոչ մարզական վարքը Ադրբեջանի ներկայացուցչի կողմից, բնավ չէր կարող անուշադրության մատնվել: Սակայն սրան հաջորդող իրադարձությունները, փոքր ինչ տարօրինակ ստացվեցին: Նախ Աբասովը լկտիաբար հայտարարեց թե ինքը դիտավորյալ է այդ քայլն արել.«Չէի կարող կանգնած լսել Հայաստանի հիմնը: Մրցաշարն անցկացվեց մի քաղաքում, որտեղ շատ հայեր են ապրում: Ես դիտավորյալ նստեցի: Այդ բնավորությունն իմ արյան մեջ է: Նման իրավիճակի կրկնվելուց ես դարձյալ չեմ կանգնի: Եթե որեւէ ադրբեջանցի շարունակեր կանգնած մնալ, կնշանակի նա ադրբեջանցի չէ: Այո, ես վատ էի զգում, երբ հնչում էր Հայաստանի հիմը: Ոչ մի ցավ չունեի, բողոք չունեի, պարզապես նստեցի, երբ հնչեց ինձ հետ ոչ մի կապ չունեցող հիմնը»,- Աբասովի խոսքը մեջբերում է Sovsport-ը՝ հղում անելով Sportbox.az-ին: Մինչ դեռ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը այս հարցին անդրադառնալով նշում է թե Աբասովը անձամբ իրենից ներողություն է խնդրել, ինչպես նաեւ մեր մարզիկից: Սակայն դրան հաջորդում է Աբասովի պատասխանը, վերջինս հերքում է տեղեկատվությունը թե ներողություն է խնդրել հայերից.«Ես հայերից ներողություն չեմ խնդրել, սուտ են հայ պաշտոնյաների բոլոր խոսակցությունները, թե մրցաշարից հետո ներողություն եմ խնդրել»,-Աբասովի խոսքն է փոխանցում azerisport-ը: Այս քայլն իհրակե սպասելի էր, չէ որ այս մարզիկը Ադրբեջանի վարած քաղաքականության մի մասնիկն է, որը մշտապես սնուցվել է հիվանդագին «գաղափարներով»: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կայքը ներկայացրեց նաեւ Համառուսաստանյան եւ Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեեւի պատասխանը ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանի բողոքին՝ ուղղված Եվրոպական եւ Միջազգային սամբոյի ֆեդերացիաների ղեկավարությանը.«Ես
դատապարտում եմ մարզիկի համար անընդունելի այդ արարքը: Մանավանդ, որ նա Ադրբեջանի հավաքականի անդամ է եւ ներկայացնում էր իր երկիրը աշխարհի գավաթի պաշտոնական խաղարկությունում: Դա ոչ մարզական պահվածք է: Այդպիսի մարզիկն արժանի չէ աշխարհի գավաթի խաղարկության մրցանակակրի կոչմանը: Մարզիկը, որ խախտում է մրցումների անցկացման կանոնակարգն ու էթիկայի կանոնները, գտնում եմ, պետք է հանվի առաջնությունից եւ զրկվի մեդալից: Մարզիկի հետագա մասնակցության հարցը միջազգային մրցաշարերին պետք է որոշի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն»,- նշել է Համառուսաստանյան եւ Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեեւը: Այն, որ Ադրբեջանը միջազգային մրցաշարերում եւ միջոցառումներում իրեն քաղքակիրթ ներկայացնելու եւ դրսեւորելու մշակույթից դեռ շատ հեռու է, համոզվում ենք ամեն հարմար առիթի դեպքում, սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավը Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանի գործողություններն են, ով նախ ընդհանրապես չէր պատրաստվում ուշադրություն դարձնել այս միջադեպի վրա եւ ոչ էլ պատրաստվում էր բողոք ներկայացնել, հետո միայն փոխեց դիրքորոշումը, ինչն իհարկե ստեղծված աղմուկի արդյունքն էր: Հասկանալի է, որ սամբո մարզաձեւը շատ խնդիրներ ունի Հայաստանում եւ ֆեդերացիան մշտապես պայքարում է, որպեսզի մարզիկները կարողանան մասնակցել միջազգային մրցաշարերի, անգամ անտեսելով այն փաստը, որ ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորություններ էլ չունեն: Միայն թե, որքանով է ճիշտ խուլ ու համր ձեւանալ, մի իրավիճակում երբ ակնհայտ ոտնահարվում է մրցաշարի կանոնակարգը, էթիկայի կանոնները եւ ամենակարեւորը անհարգալից վերաբերմունք է դրսեւորվում հայ մարզիկի նկատմամբ, ով դժվարին պայմաններում մարզվելով, հաղթահարելով մի շարք խնդիրներ արժանիորեն ծածանում է հայկական դրոշն ու հնչեցնում Հայաստանի օրհներգը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
