«ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՁԱՅՆՈՎ ԼՈՒՅՍԻ ՄԱՐԴՈՒՆ ՉԵՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ»
Արխիվ 12-16«ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՁԱՅՆՈՎ ԼՈՒՅՍԻ ՄԱՐԴՈՒՆ
ՉԵՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ»
Ուղիղ 10 տարի առաջ դերասան, նմանակող, Հումորի եւ երգիծանքի հանրապետական փառատոնի առաջին մրցանակակիր ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ հիմնադրեց «Մեկից մեկ» երգիծական շքահանդեսը, որի շնորհիվ, ապրիլի 1-ը Հայաստանում պաշտոնապես ճանաչվեց երգիծանքի ու հումորի օր: Այդ օրվանից ապրիլմեկյան տոնակատարություններն առանց նրա դժվար է պատկերացնել: Հենց այս առթիվ էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:
«ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՄԻՇՏ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ Է ԵՂԵԼ»
-Պարոն Բաղդասարյան, ըստ էության, Ձեր ստեղծած կերպարներում ունեցել եք մի քանի նախագահ «հոգեզավակ», մի քանի կուսակցությունների առաջնորդներ, ո՞ւմ համար եք այսօր Ձեզ մեղավոր կամ հպարտ զգում:
- Նախագահներից ոչ մեկի համար էլ մեղավորություն ինքս չեմ զգում: Իմ աշխատանքը պատվով կատարել եմ ու կարծում եմ` իրենք էլ պատվով ընդունել են դա: Ամեն դեպքում, իմ վրա չեմ զգացել վիրավորվածության կամ նեղսրտության որեւիցե դրսեւորում: Դրա համար երեք կերպարներից էլ համաչափ իմ շնորհակալությունն եմ հայտնում:
Իսկ ընդհանուր առմամբ բոլոր կերպարներն էլ յուրովի հրաշք էին: Մինչեւ այսօր ինձ հարց են տալիս` տեքստերը իրենց հետ ճշտե՞լ ես, թե` ոչ: Ուզում եմ անկեղծ հայտարարել` ոչ, ով հավատում է` կհավատա, ով չի հավատում` թող փորձի գոնե հավատալ: Եթե տեքստը ճշտես որեւիցե մեկի հետ, այն իր էներգետիկան կորցնում է: Իհարկե, դու էլ պետք է հասկանաս` ինչ ես ներկայացնում, դու պիտի մարդուն անդրադառնաս իր կատարածի, արածի չափաբաժնով, չփորձես մտնել նրա անձնական դաշտ, ընտանիք: Բայց այն, ինչով նա որպես քաղաքացի, որպես պետական ծառայություն կատարող մարդ պարտավորվածություն ունի Սահմանադրության առաջ, կարելի է անդրադառնալ դրան: Կարելի է անդրադառնալ իր ներքին ու արտաքին վարած քաղաքականությանը, բայց արտաքինում որոշակիորեն փորձել եմ զսպվածություն դրսեւորել, որովհետեւ ինձ համար միշտ իմ երկրի առաջին դեմքը կամ դեմքերը ավելի թանկ են, քան այլ երկրի առաջին դեմքերը: Իսկ ներքին կյանքում չեմ կարողանում անարդարությունը հանդուրժել:
«ՀԻՄԱ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է «ՋՐԻԿԱՆԱԼ»»
-Հետաքրքիր է, կյանքի որեւէ փուլում եղե՞լ է դրվագ, որ Դուք, օրինակ, նախագահներից որեւէ մեկի ձայնով զանգահարեք լույսի մարդուն:
- Ընկերական շրջապատում արել եմ, նման առիթներ եղել են հատկապես սկզբնական փուլում: Երբ նոր էի սկսում, երբեմն «ջրիկանում էի»: Այնպես որ, նախագահների ձայնով լույսի մարդուն չեմ զանգահարել:
- Այնուամենայնիվ, բեմում եղել եք ե՛ւ նախագահ, ե՛ւ օլիգարխ, ինչո՞ւ աշխատանքային «մազոլ» ձեռք չբերեցիք` կլոր փորի տեսքով:
- Արտիստը շատ չաղ չպետք է լինի, երբ նա չաղանում է, ուրեմն` պետք է անցնի այլ աշխատանքի: Ցանկալի է լինել թեթեւ, որպեսզի կարողանաս ծառացած մարտահրավերները թեթեւ հաղթահարել: Կարծում եմ` մարդը պիտի նիհարի էլ, չաղանա էլ, տխրի էլ, ուրախանա էլ, կատակի էլ, լուրջ բան էլ ասի...
- Ինչ-որ առումով որոշակի քաղաքական գործիչների թերությունների հայելին դարձաք, նրանցից շատերն այսօր ակտիվ քաղաքականության մեջ չկան, չե՞ք կարծում, որ դրանում Դուք մի փոքր լումա ունեք:
- Կարծեմ-չկարծեմ, ամեն դեպքում կա այն, ինչ կա: Հանդես գալուց այդքան խորը չեմ վերլուծել. կատարել եմ այն, ինչ զգացել եմ: Երջանիկ է մարդը, երբ ոգեւորվում է որեւիցե գաղափարով:
«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲԵՄԵՐԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆՔ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏԻ»
-Երգիծանքի եւ հումորի (Ծիծաղի) օրվան նվիրված ի՞նչ է նախատեսել այսօր «Մեկից մեկ» տոնահանդեսը:
- Քաղաքային բեմերից տեղափոխվել ենք սահմանամերձ գոտի: Այսօր երգիծանքի եւ էստրադայի վարպետները, ծաղրածուները, տիկնիկային թատրոնի արտիստները, մնջախաղացներն ու պարային խմբերը հանդես կգան Տավուշի մարզում` ուրախություն ու ժպիտ պարգեւելով հեռավոր համայնքների մեր հայրենակիցներին: «Ծիծաղը կփրկի աշխարհը» խորագրի շրջանակներում կկազմակերպվի ծիծաղաշարժ լուսանկարների ցուցահանդես, տիկնիկային ներկայացում` մանուկների համար, տոնական համերգ` Բերդի զորամասում եւ երգիծական եզրափակիչ երեկո` Բերդի քաղաքային մշակույթի տանը:
- Ի՞նչ կցանկանայիք այս պահին ասել լավ հումորի կարոտ ժողովրդին:
- Ծիծաղեք, ինչքան կարող եք շատ ծիծաղեք, որովհետեւ միայն ծիծաղը կփրկի աշխարհը, իհարկե, ապրիլի 1-ին...
Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
