ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ ԼՅՈՎԻԿԻ ՀԵՏ ՍՊԱՆՎԱԾ ԴՐՈՅԻ ՏՈՒՆԸ
Արխիվ 12-16ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ ԼՅՈՎԻԿԻ ՀԵՏ ՍՊԱՆՎԱԾ ԴՐՈՅԻ ՏՈՒՆԸ
"Նուբարաշեն" ՔԿՀ-ի դիմաց հնչած կրակոցներից Երրորդմասցի Լյովիկի հետ սպանված Դրաստամատ Թադեւոսյանի` Դրոյի մոր` Սիրուն Նաջարյանի բնակարանում ոստիկանության աշխատակիցները օրերս խուզարկություն են իրականացրել: Թե ինչ նպատակով, եւ արդյոք որեւէ բան առգրավվել է, փորձեցինք պարզել փաստաբան ԱՐՄԵՆ ՖԵՐՈՅԱՆԻՑ, ով ներկա Է եղել խուզարկությանը.-Խուզարկությունն իրականացվել է մարտի 28-ին: Ոստիկանությունը չցանկանալով խուզարկությունը կապել մարտի 4-ին տեղի ունեցած սպանությունների հետ` փորձել է այլ պատճառ գտնել: Մասնավորապեսª ոստիկանության թիրախը, որպես այդպիսին, ընտրվել է Սեպուհ Թադեւոսյանը` Դրոյի եղբայրը: Իբր թե, ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սեպուհ Թադեւոսյանը կասկածվում է գողություն կատարելու մեջ: Այդ հիմքով էլ դիմել են դատարանª Սեպուհի բնակարանում խուզարկություն անցկացնելու թույլտվության համար, մինչդեռ բնակարանը, որը խուզարկվել է, պատկանում է Սեպուհի մայրիկին, եւ այնտեղ, ի դեպ, բնակվել է նաեւ Դրաստամատ Թադեւոսյանը: Ընդ որումª խուզարկությունն անցկացնում էին այն ժամանակ, երբ տանը` ցավակցելու նպատակով, մեծ թվով մարդիկ կային:
Մենք բոլորս, սակայն, հասկանում ենք, որ ոստիկանությանը պարզապես անհրաժեշտ էր բնակարանում խուզարկություն կատարել, եւ որ դա ինքնանպատակ չէր: Ավելին ասեմª Դրոյի եղբայրը չէր էլ կարող մասնակցել ոստիկանների կողմից հիշատակվող գողությանը, քանի որ այդ ժամանակահատվածում գտնվում էր Հունաստանում, եւ Հայաստան էր եկել եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար: Այսինքնª այդ խուզարկությունը բացահայտ ապօրինի բնույթ էր կրում:
- Խուզարկության ընթացքում որեւէ բան առգրավվե՞լ է իրավապահների կողմից:
- Ոչինչ չի հայտնաբերվել, ոչինչ չի առգրավվել: Ոստիկանները փնտրում էին ինչ-որ ոսկյա զարդեր:
- Այսինքն` այդ խուզարկությունը, ըստ Ձեզ, կապ ունե՞ր Դրաստամատ Թադեւոսյանի սպանության հետ:
- Փաստաթղթային առումով կապ չուներ, բայց, իմ համոզմամբ, կապ ուներ. նրանց պարզապես պետք էր խուզարկել Դրաստամատ Թադեւոսյանի բնակարանը:
Սպանության շարժառիթների, ինչպես նաեւ սպանության վերաբերյալ այլ հանգամանքներ փաստաբանին հայտնի չէին, քանի որ վերջինս մասնակցել է միայն խուզարկությանը, եւ հայտնի չէ, թե հետագայում կներգրավվի՞ սույն գործով` որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, թե` ոչ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
