«ՈՉ ՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԻՐ «ՊՈՍՏԸ» ԶԻՋԵԼ ՄԵԿ ԱՅԼ ՂԵԿԱՎԱՐԻ»
Արխիվ 12-16«ՈՉ ՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԻՐ «ՊՈՍՏԸ» ԶԻՋԵԼ ՄԵԿ ԱՅԼ ՂԵԿԱՎԱՐԻ»
Տեղական ինքնակառավարման մարմիններում շարունակում է լայնորեն քննարկվել ու օր օրի ավելի բուռն թափ ստանալ ՀՀ կառավարության որոշումը, ըստ որի` Հայաստանի մի շարք գյուղական եւ քաղաքային համայնքներում տեղական հանրաքվեներ կանցկացվեն: Իսկ հանրաքվեի արդյունքում 80-ից ավելի համայնքներ կվերամիավորվեն, եւ կձեւավորվի 14 խոշոր համայնք: Կառավարության վերոնշյալ պիլոտային ծրագրի շուրջ համայնքներում ծավալվող քննարկումների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
–Պարոն Կարապետյան, որպես համայնքներին առավել մոտ կանգնած քաղաքական գործիչ, ըստ Ձեզ, ի՞նչ տրամադրություններ են տիրում համայնքներում` վերոնշյալ հարցի շուրջ:
– Այդ թեմայով հետաքրքիր մտքեր են ծավալվել. այն գյուղապետները, այն համայնքները, ովքեր վստահ չեն իրենց վրա, որ կարող են ընտրվել համայնքի ղեկավար, նրանք դեմ են: Իսկ այն համայնքի ղեկավարները, որոնք ավելի վստահ են, որ կարող են ավելի շատ ձայն հավաքել եւ դառնալ համայնքի ղեկավար, որովհետեւ իրենց ընտրական զանգվածը ավել մեծ է, նրանք կողմնակից են: Դա բնական է, ոչ մի ղեկավար չի ուզում իր «պոստը» զիջել մեկ այլ ղեկավարի, եւ ոչ մի գյուղի բնակիչ էլ չի ուզում, որ իր համապատասխան տեղեկանքները, փաստաթղթերը ստանալու համար 30-40 կմ ճանապարհ գնա ու նոր ստանա իր տեղեկանքը: Կարծում եմ` այնպես չէ, որ համայնքային բնակչությունը միաձայն կողմնակից կլինի այս համայնքների խոշորացմանը: Մի խոսքով` համայնքի ղեկավարների միջեւ տարաձայնություններ կան. մարդիկ կան, որ կողմնակից են, կան մարդիկ, որ կողմնակից չեն:
– Ի՞նչ կասեք համայնքների խոշորացման ծրագրի մասին, որքանո՞վ է այն արդարացված:
– Նախ` այդ գործընթացը սկսելու համար կարծում եմ` պետք է անպայման տվյալ համայնքների ազգաբնակչության կարծիքը հաշվի առնել: Եվ գտնում եմ, որ համայնքների խոշորացումը տարբեր մարզերում տարբեր մոտեցումներ պետք է ունենա, հատկապես սահմանամերձ գոտիներում: Այստեղ խնդիրն այն է, որ համայնքների խոշորացումը պետք է օգուտ տա ե՛ւ համայնքի բնակչությանը, ե՛ւ համայնքին, ե՛ւ պետությանը. այս երեք պայմանները պետք է ապահովել: Եթե մենք խոշորացում պետք է կատարենք միայն մի բանի համար, որ դա եվրոպական կառույցների, եվրոպական այլ միջազգային կազմակերպությունների պայմաններից է ելնում, ես այդպես չեմ գտնում:
Համայնքների խոշորացումը պարտադրված չէ պետության կողմից, դա ընդամենը համաձայնեցված պետք է լինի տվյալ համայնքի բնակչության հետ: Այն համայնքները, որոնք այսօր գոյատեւում են` հենց այդ համայնքի լինելու առկայությամբ, չպետք է այնպես անել, որ այդ համայնքը վերանա: Նորից եմ կրկնում` տարբերակված մոտեցում պետք է ցույց տանք համայնքներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
