ՌԴ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼԱՆՔ ՈՒՆԵՑՈՂ 5800 ՄԻԳՐԱՆՏԻ ԱՐԳԵԼԱՆՔԸ ՀԱՆՎԵԼ Է
Արխիվ 12-16ՌԴ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼԱՆՔ ՈՒՆԵՑՈՂ
5800 ՄԻԳՐԱՆՏԻ ԱՐԳԵԼԱՆՔԸ ՀԱՆՎԵԼ Է
Այն, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Ռուսաստանում հայ միգրանտների հետ կապված օրենսդրությունն էակաորեն թեթեւացվեց, հայտնի փաստ է: Բայց նաեւ փաստ է, որ դեռ չեն արդարացել մեր շատ հայրենակիցների սպասումները, որ այդպիսով կլուծվեն նաեւ արտաքսումների ու Ռուսաստան գնալ-գալու, այնտեղ մնալու հետ կապված բոլոր խնդիրները: Այս եւ միգրանտներին հուզող այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ հետ.-ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Դուք նշում էիք, որ միգրանտների խնդիրները նվազելու են, բայց փաստորեն այսօր միգրանտները հաճախ կրկին լուրջ խնդիրների առաջ են կանգնում: Ի՞նչն է պատճառը:
- ԵՏՄ անդամությունն այդ հարցերի հետ կապ չունի: ԵՏՄ-ն չի անդրադառնում անկանոն միգրացիայի հետ կապված հարցերին:
Այլ բան, որ հաշվի առնելով հայ-ռուսական ռազմավարական կապերը, այդ հարցն ամենաբարձր մակարդակներով էլ է քննարկվում: Ավելինª ես տեսնում եմ ՌԴ-ի կողմից հստակ պատրաստակամություն, որ ինչքան հնարավոր է լիբերալ ու նոր պայմաններ լինեն մեր քաղաքացիների մասով: Բայց նաեւ պետք է նկատի ունենալ, որ կան նաեւ ռուսական ընդհանուր օրենսդրության պահանջները:
- Այն, որ հայ միգրանտների խնդիրները սրվել են, միայն օրե՞նքն է պատճառը, թե... Քիչ չեն մեր կոնկրետ քաղաքացիների բողոքները, որ իրենք տուժել են ոչ թե ռուսական օրենսդրության, այլ կոնկրետ անձանց պատճառով:
- Օրենքը, իրոք, էապես դյուրին է դարձրել ՌԴ-ում հայ միգրանտների կյանքը, բայց միայն օրինական միգրանտների համար: Բայց միեւնույն ժամանակ Ռուսաստանը նաեւ պայքարում է անկանոն միգրացիայի դեմ, այսինքն խստացնում է անօրինական միգրացիայի դեմ պայքարը, բայց դրան զուգահեռ հեշտացնում է կանոնավոր միգրանտների ապրելակերպը ՌԴ-ում:
- Պարոն Եգանյան, նույն միգրանտները նշում են, որ նոր օրենքի համաձայն` մեծ է արտաքսման վտանգը: Ի՞նչ կասեք այդ մտահոգության վերաբերյալ:
- Արտաքսման մեծացման վտանգ չկա: Այլ բան, որ եթե միգրանտները նախկինում խախտել են կամ ապագայում խախտեն միգրացիոն օրենսդրության պահանջները, եթե վարչական իրավախախտումներով նախատեսված արարքներ թույլ տան, ապա շատ հավանական է, որ հետագայում արգելվի նրանց մուտքը ՌԴ, միայն այդքանը: Ընդ որում, հունվարի 1-ից նոր օրենքը ուժի մեջ մտավ, ըստ որի` մինչեւ տասը տարի ժամկետով կարող է ՌԴ մուտք գործելու արգելանքը դրվել: Դրանք անլեգալ, անկանոն միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քաղաքականության քայլերն են: Բայց դրա հետ մեկտեղ, օրինական միգրանտներին ասում են առանց թույլտվության, առանց որեւիցե լրացուցիչ փաստաթղթի թող գան ՌԴ-ում աշխատեն:
- Ունե՞ք մոտավոր տվյալներ, թե Հայաստանից ՌԴ մեկնող միգրանտների քանի՞ տոկոսն է օրինական, եւ քանիսը` անօրինական:
- Ցավոք, ոչ ոք չի կարող նման տվյալներ ունենալ: Ամեն դեպքում, մենք բոլորին զգուշացնում, տեղեկացնում, հորդորում ենք, ինչու չէª նաեւ խնդրում ենք, որ ցանկացած երկիր` այդ թվում ՌԴ, մուտք գործելուց առաջ հստակ տիրապետեն, թե ինչպես պետք է մուտք գործեն, ինչպես պետք աշխատանքային գործունեություն ծավալեն, որպեսզի չխախտեն այդ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգը եւ պահանջները: Հակառակ պարագայումª անցանկալի իրավիճակում կարող են հայտնվել:
- Պարոն Եգանյան, շատ հաճախ Հայաստանից Ռուսաստան մեկնող միգրանտներն աշխատում են անհատ անձանց մոտ, եւ պարզ է, որ այս դեպքում նրանք չեն կարող որեւէ պայմանագիր կնքել: Ի՞նչ անել այս պարագայում:
- Բոլոր երկրներում, ինչպես նաեւ ՀՀ-ում, աշխատանքային գործունեությունը պետք է պատշաճ ձեւակերպում ունենա, եւ բոլոր երկրները պայքարում են անօրինական աշխատանքի դեմ: Այնպես որ, միգրանտները պետք է հետեւեն, որ աշխատանքային պայմանագիր ունենան, պետք է պահանջեն այդ պայմանագրերը գործատուներից:
- Ամեն դեպքումª ի՞նչ անեն այն միգրանտները, որոնց մուտքը ՌԴ արգելված է: Կա՞ն ինչ-որ մեղմացուցիչ հանգամանքներ, ըստ որոնց` նրանք կկարողանան կրկին մեկնել ՌԴ: Ի վերջո, նրանցից շատերն իրենց հացի խնդիրը արտագնա աշխատանքի միջոցով են լուծում:
- Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ կա կոնկրետ մշակված մեխանիզմ, եւ այդ մեխանիզմով մեր քաղաքացիների դիմումները մեկ առ մեկ ներկայացվում են ռուսական կողմին` խնդրանքով, որպեսզի ներողամտություն ցուցաբերեն:
- Իսկ ունե՞ք կոնկրետ դեպքեր, երբ Ձեր նշած ներողամտությունը ցուցաբերվել է` ՌԴ մուտքի արգելանք ունեցող միգրանտների նկատմամբ:
- Ստացել ենք շուրջ վեց հազար չորս հարյուր նման դեպքերի մասին դիմումներ, որից հինգ հազար ութ հարյուրի նկատմամբ կիրառվել է վերոնշյալ մեխանիզմը:
Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
