Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԿԱՏԱՐԵԼ ԹՈՒՐՔԱՄԵՏ ՔԱՅԼԵՐ
Արխիվ 12-16Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ
ՍՏԻՊՎԱԾ Է ԿԱՏԱՐԵԼ ԹՈՒՐՔԱՄԵՏ ՔԱՅԼԵՐ
Այս տարի ապրիլի 23-ին աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում 100 անգամ կղողանջեն զանգերը: Սակայն, ինչպես տեղեկացրել է Կ. Պոլսի տեղի Հայոց պատրիարքի տեղապահ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, զանգեր չեն ղողանջի Ստամբուլում: Մինչդեռ Ստամբուլի հայկական ութ եկեղեցիներում մարտի 23-ին Դարդանելի ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորների համար հոգեհանգստի պատարագ է մատուցվել: Այս մասին «Իրավունքը» խոսեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ.
-Ցավոք, Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունը ստիպված է կատարել թուրքական իշխանությունների համար նպաստավոր եւ հաճելի քայլեր` դրանով եւս մեկ անգամ իրեն դուրս դնելով ընդհանուր հայության, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու ընդհանուր քայլերից: Բայց այստեղ, իհարկե, նաեւ տեսնում եմ անձնական հանգամանք: Կ. Պոլսի պատրիարքության ներկայիս փոխանորդը` Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, իր անձնական որակներով բավական հարմարվողական է եւ պատրաստ է նույնիսկ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւացող քայլեր անել: Ինչպես նաեւ այն հանգամանքը կա, որ Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունում չեն անցկացվել եւ չեն թույլ տրվել անցկացնել պատրիարքական ընտրություններ: Ըստ էության, համայնքն իր պատրիարքությամբ առանց ղեկավարի է, եւ նմանատիպ զարգացումներ սպասել էին: Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, ապա մի կողմից հասկանալի է, որ Թուրքիայում հայկական եկեղեցիների զանգերի ղողանջներն առաջացնում են թուրքերի ազգայնամոլական տրամադրություններ: Բայց մյուս կողմից` նման կտրուկ մերժումը եւ հայտարարությունը` չմիանալ Հայ առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիների գործողություններին, իրոք, ցավալի է եւ անընդունելի: Իսկ այն, որ նրանք պատրաստվում են հոգեհանգիստ անել Դարդանելի ռազմական գործողությունների ժամանակ զոհված հայ եւ թուրք զինվորների համար, ապա դրանով եւս մեկ անգամ Թուրքիան շարունակում է իր ուրացման քաղաքականությունը` փորձելով հավասարեցման նշան դնել մի կողմից պատերազմի մասնակցող եւ բնականաբար, զոհեր տվող Օսմանյան բանակի եւ մյուս կողմից անզեն հայ ժողովրդի միջեւ, որը ենթարկվեց ցեղասպանության:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
