Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՄԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ԱՄԵՆ ՕՐ ԱՊՐԻԼԻ 1 Է

Արխիվ 12-16

ՄԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ԱՄԵՆ ՕՐ ԱՊՐԻԼԻ 1 Է


Այսօր ծաղրի, ծիծաղի եւ կատակի միջազգային օրն է: Կենցաղում այն պարզունակ ընկալվում է որպես "խաբելու օր", սակայն ինչպես իրավացիորեն նկատեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը` չարժե, որ որոշ կայքեր տափակ հումորներ եւ էլ ավելի տափակ ստեր մոգոնեն, քանզի նրանց համար ամեն օր ապրիլի 1 է: Խոշոր հաշվով, նույնը կարելի է ասել եւ մեր ընդդիմադիր կուսակցությունների եւ շարժումների մեծամասնության մասին, քանզի վաղուց արդեն նրանք քաղաքական դաշտը վերածել են կրկեսի, իսկ իրենք հաճախ չեն տարբերվում ծաղրածուներից:



ՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ` ԲԱՑԱՌԱՊԵՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԻՄԻՏԱՑԻԱ

Պատմականորեն ապրիլմեկյան յուրահատկություններով մենք պարտական ենք վիկինգներին: Նրանք ունեին ծաղրի աստված Լոքի, ով ծաղրում էր եւ անհարմար վիճակի մատնում մյուս աստվածներին, այդ թվում եւ գերագույն դից Օդինին: Լոքիի տոնը հենց ապրիլի 1-ն էր, երբ քրմերը երկրպագելու փոխարեն ծաղրում էին աստվածներին, իսկ մահկանացուները` իրար, անկախ զբաղեցրած հանրային դիրքից: Բայց խեղճ Լոքին, եթե հանկարծ առնչվեր մեր ընդդիմադիրների հետ, ապա ընդմիշտ կկորցներ իր հումորի զգացումը, քանզի մերոնք ի վիճակի են տարիներով ամեն ինչ ծաղրի ու զավեշտի վերածել եւ հարուցել ժողովրդի զզվանքը քաղաքականությունից ընդհանրապես:
Դե, "քառյակը" ու "եռյակը" վաղուց ոչ եւս են, ինչը երեկ հաստատեց արդեն ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` նշելով, որ այդ միավորումների կուսակցությունները փոխադարձ որեւէ պարտավորություններ չունեն: Յուրաքանչյուրն էլ, ինչպես կարողանում է իր գլխի ճարն է տեսնում: Օրինակ, ԼՏՊ-ն այն բանից հետո, որ ԲՀԿ-ում առաջնորդափոխություն տեղի ունեցավ, հասցրեց քանիցս հրապարակավ թույն թափել Հայոց ցեղասպանության 100-ամյակի հռչակագրի եւ միջոցառումների առնչությամբ: Դե, Լեւոնի պաթոլոգիկ թրքասիրությունը եւ ազգային ամենայն ինչի հանդեպ կատաղի ժխտողականությունը նորություն չէ, այն հայտնի է 1990-ից ի վեր: Պարզապես զավեշտալի է` ումից եւ ինչ է նա ակնկալում շահել` սրտխառնոց առաջացնող իր թեզերը շարադրելով, որոնք ափսոսանք են հարուցում, թե ինչու դրանց վրա ծախսվել է ոսկեղենիկ հայերենի բառամթերքը: Երեւի թե նկատի ունի, որ անգլոսաքսերի արմատական շահից է բխում, այսպես կոչված, "հայ-թուրքական հաշտեցումը", ու հույս ունի "քեռի Սեմից" հերթական ֆինանսական եւ քաղաքական ողորմությունը ստանալ ու դրանով մի կերպ երկարացնել սեփական անիմաստ քաղաքական գոյությունը մինչեւ 2017-ի ԱԺ ընտրությունները: Սակայն ծեր աղվեսից երես են թեքել գործնականում գրեթե բոլոր նրանք, ովքեր 2008-ի հեղաշրջման փորձից հետո նրա երեսից բանտ եւ այլ հալածանքներ ճաշակեցին:
Նիկոլը վաղուց նրան բանի տեղ չի դնում եւ իրականացնում է սեփական քաղաքական նախագիծը, նույնիսկ հարազատ մարդը` խնամի Դավիթ Շահնազարյանը, նրանից հեռու է, իսկ գնդապետ Արամ Զաքարյանը այնքան է հիասթափվել ոչ միայն Լեւոնից ու ՀԱԿ-ից, այլեւ ընդդիմադիր գործունեությունից առհասարակ, որ օրերս բավականին բարձր պաշտոն է ստանձնել Ռազմական ոստիկանությունում: Վստահաբար, ցանկացած պահի պաշտոնի կգցվի եւ Գագիկ Ջհանգիրյանը, եթե, իհարկե, մոռացության մատնեն նրա ամբողջովին մրոտված կենսագրությունը եւ պաշտոն առաջարկող լինի:
Իսկ "Ժառանգությունից" այլեւս ոչ մի կերպ գլուխ հանել չի լինի: Երեւի թե, 550 հազար քվե մսխել հաջողացրած ամերիկացի Րաֆֆի Հովհաննիսյանից արդեն հայրենիքում էլ հիասթափվել եւ համոզվել, որ նա ոչ թե քաղաքական գործիչ է, այլ քաղաքական ծաղրածու, ու "քեռի Սեմի" առատաձեռնությունը, կարծես թե, այլեւս նրա վրա չի տարածվում: Երեւի թե, հենց դա է նպաստել, որ "Ժառանգությունում" աներեւակայելի խառնաշփոթ է, եւ արդեն գլուխ հանել էլ չի լինում, թե ով իրավասու է կուսակցության անունից հայտարարություն տարածել, իսկ ով` ոչ:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա "տրանսֆորմացումները" եւ "բյուրեղացումները" դեռ երկար կտեւեն, կլինեն նաեւ խանդի տեսարաններ` կուսակցությունից դուրս եկած պատգամավորների վրա ախորժակ պահող ՕԵԿ-ի հետ, իսկ խորհրդարանական պաշտոններում նախկիններին նորերով փոխարինելը ահագին ջուր կքաշի եւ հղի է սկանդալներով, քանզի վիճելի իրավիճակներում կես եղած ԲՀԿ-ական պատգամավորական կորպուսը նույնիսկ խմբակցության իրավազոր նիստ հրավիրել չի կարող:
Դե, տարատեսակ պոպուլիստական քայլերով իր ընդդիմադիր կարգավիճակը վեր ստանձնելու ՕԵԿ-ի մասին չենք էլ խոսում ու նշենք, որ թերեւս միայն առայժմ դաշնակների անելիքներն են պարզ` մարդիկ դեռեւս նոմինալ ընդդիմադիր են համարվում, բայց չեն թաքցնում, որ կարող են եւ կոալիցիայի մեջ մտնել:
Կարճ ասած, իրավացի է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, պնդելով, որ աշնանը նոր միայն ինչ-որ ռեալ վերադասավորումներ եւ հստակեցումներ կերեւան ընդդիմադիր դաշտում: Հետեւաբար, մինչեւ աշուն ընդդիմադիր գործունեություն, որպես այդպիսին, չի կարող լինել, կարող է լինել միայն դրա ծաղրանկարային իմիտացիան: Ինչը եւ անում են ընդդիմադիր գործիչները` պարբերաբար անիմաստ հայտարարություններ անելով, որոնք ժողովրդի մի ականջից մտնում են, մյուսից` դուրս գալիս:

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՆՐԻ ՃԳՆԱԺԱՄԸ


Արմատական ընդդիմության ազատված խորշը ձգտում են զբաղեցնել 3 առաջնորդներ, կամ առաջնորդության հավակնություն ունեցողներ` Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Ժիրայր Սէֆիլյանը: Նիկոլը, թեեւ հաճախ սուր ելույթներ է ունենում խորհրդարանում, սակայն առանձնապես չի շտապում փողոցում փորձել սեփական ուժերը` ինչքան էլ արմատական լինի նրա հռետորաբանությունը, այնուամենայնիվ, նա բավականին սթափ է մտածում: Զարուհու քայլերից սեփական կուսակիցները գլուխ չեն հանում` այն աստիճանի դրանք անկանխատեսելի են, իսկ ԱԺ-ում նրա մշտական ճիչերի պատճառով, երեւի թե, մինչեւ այս ԱԺ-ի լիազորությունների ավարտը արդեն ամբողջ պատգամավորական կորպուսը ականջի բժշկի կարիք ունենա:
Իսկ փողոցների եւ հրապարակների թատերաբեմը մնացել է "Հիմնադիր խորհրդարանին" եւ Ժիրայր Սէֆիլյանին: Այդ միավորումը հույս ունի ամենատգեղ ձեւով հարամելով ապրիլի 24-ը` այդ օրն ինչ-որ բաներ հրահրել եւ մեկնարկել "ռեժիմը հեռացնելու" գործընթացը: Նրանց բոլոր հրապարակային միջոցառումները, ինչը ցույց տվեց նաեւ Գյումրիի միջադեպը, ուղեկցվում են փորձանքներով: Եվ իզուր չէ, որ Երեւանի քաղաքապետարանը ապրիլի 24-ին նրանց հանրահավաք է արտոնել միայն Էրեբունի թանգարանի մոտ, աչքից հեռու: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այդ "քայլող փորձանքները" համաձայնություն են տվել քաղաքապետարանին հենց նշյալ վայրում հանրահավաք անցկացնելու: Երեւի թե մտածում են, որ օրը կգա, օրվա պարզունակ խորամանկությունն էլ հետը:
Բայց նրանց շփոթության մատնեցին դաշնակներն ու Շանթ Հարությունյանը: Արմեն Ռուստամյանն առանց այլեւայլության, դատապարտեց նրանց քայլերը եւ հայտնեց, որ դեմ չէ ձերբակալություններին, եւ այժմ նրան "հեղափոխականները" ատում են ավելի շատ, քան "ռեժիմին" եւ Սերժ Սարգսյանին: Իսկ Շանթը տեղով համարվում է "հեղափոխական ռոմանտիկայի" քայլող, ավելի ճիշտ` բերդում նստած խորհրդանիշ, եւ նրա կոչը` կտրուկ գործողությունների օրը ապրիլի 24-ից այլ օրվա տեղափոխել, անհարմար վիճակ ստեղծեց "100-ամյակն առանց ռեժիմի" երազողների համար: Ոչ այն է` Շանթին էլ Ռուստամյանի պես աչքի գրող դարձնեն, ոչ այն է` պատասխանեն: Ու, ի վերջո, Սէֆիլյանը շատ զգուշավոր եւ քաղաքավարի պատասխան է ուղարկում նրան` երեւի թե, "Հիմնադիր խորհրդարանում" հասկացան, որ դատափետումով կզրոյացնեն առանց այն էլ ցածր սեփական վարկանիշը:
Իսկ "Հիմնադիր խորհրդարանի" ներկայացուցիչների հրապարակային ելույթները, գնահատականներն ու հայտարարությունները այնքան անտրամաբանական են, որ դրանց լսողի ուղեղը պարզապես կկախվի գերտաքացած համակարգչի պես: Բայց ԶԼՄ-ները, երեւի թե, ժողովրդի ուղեղը չեն էլ խնայում եւ մի գլուխ տեսագրություն են դնում Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց հետ:
Ինչեւէ, հույս չկա, բայց, այնուամենայնիվ, հորդորենք քաղաքական գործիչներին` գոնե ապրիլի 1-ին վարվել իսկական ծաղրածուների պես եւ այդ օրը բացառապես ճշմարտություն ասել: Դրանում որեւէ ռիսկ չկա` այդ ճշմարտությունը մարդիկ էլի որպես սուտ կընկալեն, եւ միայն քչերը կվարվեն հակառակը: Բայց գոնե այդ քչերը կհարգեն ձեզ, պարոնայք եւ տիկնայք քաղաքական ծաղրածուներ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ