Կ. Բաբաջանյան. «ՀՈՒՍԱԼՔՎԵԼՈՒՆ ՏԱՍ Է ՊԱԿԱՍ» (Տեսանյութ)
Արխիվ 12-16Կ. Բաբաջանյան. «ՀՈՒՍԱԼՔՎԵԼՈՒՆ ՏԱՍ Է ՊԱԿԱՍ» (Տեսանյութ)
«Իրավունքը» երգիծանքի ու հումորի տոնի առթիվ «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր «32 ատամ» ակումբի գլխավոր պրոդյուսեր, «32» թատրոնի դերասան, բեմադրիչ, ռեժիսոր ԿԱՐԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ: Մեկ ժամվա ընթացքում մեր հյուրը պատասխանեց ընթերցողների տասնյակ հեռախոսազանգերին` տալով հնչած հարցերին երբեմն շատ լուրջ, երբեմ էլ կեսկատակ պատասխաններ:
«ԻՆՁ ՊԱՐՏՎԱԾ ԿՀԱՄԱՐԵՄ, ԵՐԲ ԼՔԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՍ»
- Բոլոր տաղանդավոր արվեստագետները, չգիտես ինչու, արտագաղթում են, «32 ատամից» էլ գնաց մեր Նարեկ Ներսիսյանը, ինչո՞վ է պայմանավորված, որ Դուք դեռ հայրենիքում եք: Դա հայրենասիրությունից է, թե՞… (տիկին ՎԱՐԴՈՒՀԻ, ք. Երեւան)
- Իրերս եմ հավաքում…(ծիծաղում է Կ.Բ.-ն-հեղինակ) Իհարկե, դրանից է: Մի քանի պատճառ կա իմ այստեղ մնալու. նախ ես մի անգամ իմ հարցազրույցներից մեկում ասացի, որ ինձ պարտված կհամարեմ, երբ լքեմ հայրենիքս: Երբեք չեմ ասում` երբեք, դա ինձ խորհուրդ են տվել, բայց եւ այնպես գայթակղիչ առաջարկները, օրվա մեջ հիասթափությունները, բնականաբար, ինչպես սովորական, նորմալ մարդ, յուրաքանչյուրիս գլխում, այդ թվում` իմ, լինում է նման մտադրություն: Բայց մյուս կողմից էլ չէ որ նախաձեռնություններ ունենք, թատրոն ենք կառուցել մեր ձեռքերով, մեր միջոցներով, թիմ ունենք, որը տարիներ շարունակ մեր հետ աշխատել է… Հայրենասիրության մասին քիչ եմ ուզում խոսել, չի կարելի դրա մասին շատ խոսել, պետք է ընդամենը գործ անել: Այնպես որ, ես կխոսեմ պարտավորություններիս մասին. բավականին շատ մարդիկ այսօր աշխատում են ու գործում են այն դաշտում, որտեղ ես ղեկավարում եմ ու իմ արտագաղթելու որոշումը միայն ինձ համար չի լինի ճակատագրական, դրա համար մի քիչ վերապահումով եմ մոտենում այդ հարցին: Իհարկե, ամեն ինչ անում եմ, որ տարվա մեջ մի քանի անգամ գնամ արտասահման, որպեսզի նոր լիցքեր ստանամ, բայց մշտական գնալու դեռ ցանկություն չունեմ եւ պայքարում եմ մնալու համար:
- Ունեք «32 ատամ» ակումբ, «32» թատրոն, «32» փրոդաքշն, այս թիվը կարծես հետապնդում է Ձեզ, հետաքրքիր է` էլ ի՞նչ կուզենայիք ունենալ 32 հատ կամ 32 անունով (ԱԼԻՍԱ, ք. Երեւան):
- Կուզեմ 32 երեխա ունենամ, բայց քանի որ բազմակնությունը մեզ մոտ ընդունված չէ, մի քիչ ինձ դժվար կլինի:
- Փաստորեն, հումորով ընդունեմ պատասխանը..
- Ոչ, անկեղծ եմ ասում, կուզեմ շատ երեխաներ ունենալ, իսկ ընդհանրապես 32-ով շատ բան կուզեմ ունենալ, օրինակ, 32 մարզ լինի Հայաստանում, 32 միլիոն բնակչություն ունենա Հայաստանը: Իհարկե, մեծ Հայաստանը, այս փոքր տարածքում 32 միլիոնին դժվար կլինի պահել: Այսինքն` այն, ինչ-որ մարդ ուզում է ունենալ, կուզենա 32 հատ ունենալ դրանից:
«ՑԱՎՈՔ, ՓՈՂ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՈԿՈՍԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ Է»
- Ինչպե՞ս կգնահատեք մեր հեռուստատեսության աշխատանքն այսօր, հատկապես ազգային արժեքների պահպանման ու եվրոարժեքներին տուրք տալու հարցում (ՀԱՅՈՒՀԻ, ք. Երեւան):
- Կան մարդիկ, կան խմբեր, որոնք հաստատ մտահոգված են այս հարցով, որոնց թիվը գնալով, բնականաբար, պակասում է: Շատ կարեւոր հանգամանք կա, դա կոմերցիա ասածն է, ցավոք: Այսօր քանի որ գնում ենք դեպի կապիտալիզմի, առաջատար հեռուստաընկերությունները, որոնք մասնավոր են, իրենք հիմնավորում են դա, այսպես ասած, կոմերցիոյով: Իհարկե, դրա մեջ կա ճշմարտություն: Ես լինելով երկար տարիներ հեռուստատեսային դաշտում` գիտեմ դա ինչ է: Բայց այստեղ շատ կարեւոր նշանակություն ունի պետության դերը, այսինքն` պետական հովանավորությունը: Այդ ուշադրությունը պետք է լինի պետության կողմից: Իսկ եթե մասնավոր սեկտորը` բիզնեսմենը, որ մի օր քնի ու առավոտյան զարթնի եւ որոշի այնպիսի բան անել, որ իր ազգին, իր ընտանիքի վաղվա համար (վաղը ասում եմ, բայց տարիների մասին է խոսքը) կարեւոր լինի, դա կլինի բոնուս: Մենք նաեւ դրա վրա պետք է աշխատենք: Հասարակությունը պետք է այնպիսին դառնա, որպեսզի բիզնեսմենը փորձի ինքն էլ մտահոգ լինել: Թեպետ սա լավատեսությամբ չեմ ասում, որովհետեւ այսօր հուսալքված վիճակ է նաեւ բիզնեսմենների մոտ: Ցավոք, փող ունեցող մարդկանց մոտ ազգային գիտակցության տոկոսը շատ ավելի ցածր է: Նախ այդ մարդիկ են քիչ եւ ով էլ կա, իրոք, հուսալքված է: Այնուամենայնիվ, արժեհամակարգը` ազգային, մշակութային մասով, իրոք, շատ անմխիթար վիճակում է: Մեր վերջին շրջանի աշխատանքներով` դա կլինի «32 թատրոնի» ներկայացումները, Հանրայինի եթերում «Հայադարանը», թե կլինի ֆիլմ, օրինակ, «Ես եմ»-ը` Հայոց բանակին նվիրված, իմ պարտքն եմ համարում այդ ուղղությամբ աշխատանք տանել: Անկեղծորեն ասեմ` դրա պատճառով շատ դժվարություններ եմ ունենում, բայց դեռ չեմ հուսալքվել, թեպետ հուսալքվելուն տաս է պակաս:
«ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԴԵՐ ՈՒՆԵՆԱԼ»

- Ըստ Ձեզ, այսօրվա հումորային հաղորդումները, ներկայացումները պետք է հաճոյանա՞ն հանդիսատեսին, թե՞ ինչ-որ սանդղակ պետք է պահպանվի, ասենք, գրաքննությամբ (Պարոն ՀԱԿՈԲ, ք. Երեւան):
- Մանավանդ Ձեր սերունդը, շատ ավելի լավ գիտի, թե ինչ է նշանակում գրաքննությունը: Տարիներ առաջ` Խորհրդային ժամանակաշրջանում, աշխարհն այլ ուղի էր բռնած, մանավանդ հենց այն մեծ տերությունը, որտեղ Հայաստանը մաս էր կազմում: Այն ժամանակ կար դա ու ինքներդ գիտեք, որ սա ունի երկակի ստանդարտ, քանի որ մի կողմից գրաքննությունը խեղդում, սպանում է ստեղծագործ միտքը, մանավանդ ազգային շահերի առումով եւ դա բնական է: Եթե կայսրության համար ստեղծվում են ստանդարտներ, բնականաբար, չի կարող դա դրական ազդեցություն ունենա բոլորի համար միաժամանակ: Բայց արեք ու տեսեք, որ դա նաեւ ունի իր լավ կողմերը, երբ այդ սանդղակի ներքեւի շեմը գոնե պահպանվում է: Խոսքը գնում է հակադաստիարակչության, հակապետականության մասին: Գիտեք, մենք այսօր անցումային փուլում ենք, մի կողմից ինտեգրվում ենք եվրոպական ընտանիքներին, եվրոպական արժեքներին, համագործակցում ենք եվրոպական կառույցների հետ , մյուս կողմից էլ այսօր նաեւ Ռուսաստանի կողմից ստեղծվող նոր քաղաքական պլատֆորմ է կառուցվում, որին նաեւ հայտ ենք ներկայացրել մաս կազմելու: Մենք, իրոք, հիմա շատ լուրջ ծանր վիճակում ենք: Ես կխոսեմ մշակութային մասով. կարծում եմ` ամեն դեպքում ստեղծել մի կառույց, որը կփորձի ինչ-որ ձեւ կանոնավորել Ձեր հարցադրումը, միանշանակ դրական ազդեցություն կունենա: Իհարկե, մտավախություն կա ու բոլորին այդ հարցն է հետաքրքրում, թե ով պետք է լինի, ովքեր պետք է ընգրկված կլինեն այդտեղ, որովհետեւ այսօր ստեղծել 15-20 հոգանոց մի հանձնաժողով, որտեղ կլինեն մարդիկ, որոնք կորոշեն, թե ինչն է այսօր թույլատրելի, ինչը` ոչ, մեծ խնդիր է: Չնայած ուշ, թե շուտ, պետք է մենք ուժ գտնենք մեր մեջ ու ստեղծենք դա: Այսօր ամենաթողությունը նաեւ մշակույթում կարող է ճակատագրական դեր ունենալ, քանի որ արդեն նշաններ կան, որ մենք ընկած ենք շատ ավելի ուրիշ բաների հետեւից ու մոռացել ենք, որ բարձիթողի վիճակում է ամենակարեւորը` մեր մշակույթը:
Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում`
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Տեսանյութը` ՆԱՐԵԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
