10 ՀՈԳՈՎ, ԵՐԿՈՒ ՁԵՌՔԵՐՆ ԱՆԴԱՄԱՀԱՏՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԱԾՆԵՐԸ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Արխիվ 12-1610 ՀՈԳՈՎ, ԵՐԿՈՒ ՁԵՌՔԵՐՆ ԱՆԴԱՄԱՀԱՏՎԱԾ
ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԱԾՆԵՐԸ ԲԵՐՄԱՆ ԵՆ
ԵՆԹԱՐԿՎԵԼ
Մարտի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտ 10 հոգու կողմից ծեծի ենթարկված երկու ձեռքերն անդամահատված 24-ամյա Արտյոմ Առաքելյանն «Իրավունքի» թղթակցին տեղեկացրեց, որ վնասվածքներ է ստացել ձեռքերի ոտքերի, ծնոտի, քթի շրջանում: «Բարեբախտաբար կոտրվածքներ չկան: Ես հիվանդանոց չեմ գնացել, բայց գնացել եմ դատաբժշկի մոտ: Բողոք եմ ներկայացրել ոստիկանության: Կենտրոնի բաժնում, բայց տեղեկություն չունեմ որևէ մեկին բռնել են, թե՝ ոչ»,- ասաց Արտյոմ Առաքելյանը: Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ իր հետ եղած աղջիկները, ում ներկայությամբ հայհոյանքներ են հնչել, որի պատճառով նա կռվի է բռնվել, ասաց, որ աղջիկների հետ նա նոր էր ծանոթացել, իսկ դեպքից հետո նրանց այլեւս չի տեսել:
ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության աշխատակից Արմեն Մալխասյանը «Իրավունք»-ի թղթակցին տեղեկացրեց, որ դեպքի կապակցությամբ ոստիկանությունում կատարվում է հետաքննություն: «Միջադեպի մասնակիցներից այս պահին կան բերման ենթարկված անձինք, այս պահին ավելին ասել չեմ կարող»,- ասաց Ա. Մալխասյանը:
Հիշեցնենք, որ դժանաբար ծեծի ենթարկվելու մասին տեղեկություն էր տարածել ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Առաքելյանը: Նա իր գրառման մեջ նշել էր, որ Հյուսիսային պողոտայում երկու աղջկա հետ զբոսնելիս, սեռական բնույթի ռեպլիկներ է լսել: Նա մոտեցել է երիտասարդներին, պարզելու համար, թե արդյոք դրանք իրենց հասցեին են ուղղված եղել, թե՝ ոչ, որին ի պատասխան, երիտասարդները հարվածներ են հասցրել նրան, գցել են գետնին ու մոտ տասը հոգով սկսել են ծեծել: «Ու չգիտեմ ինչ կլիներ եթե ոստիկանները ժամանակին չմիջամտեին: Տասից յուրաքանչյուրը իրա պարտքը համարեց ոտքերով գլխիս մի քանի ուժգին հարված հասցներ: Ավելորդ չեմ համարում ասել, եթե ով չգիտի, ես առաջին կարգի հաշմանդամ եմ, երկու ձեռքերս անդամահատված են, ինձ ծեծելու համար մի հոգին բավականա համոզված եղեք, բայց դա էն դեպքում եթե ես մեղավոր եմ: Էս արարքը արդարացում ու ներում չունի ոչ հանցագործ աշխարհում, ոչ օրենքով, ոչ էլ որևէ մի այլ ձև: Ոստիկանները դրանցից մենակ մեկին հասցրին ձերբակալեն, մնացածը փախան: Ամեն ինչ անելու եմ որ էդ սրբապիղծները իրանց արժանի պատիժը կրեն»,- գրել է Արտյոմը:
Մեկ այլ գրառման մեջ նա խնդրել էր իրեն չխճալ, քանի որ ինքը չի ընդունում իր հասցեին ուղղված խղճահարությունը և եթե սխալ է գործում, պատրաստ է պատասխան տալ իր սխալի համար, իսկ հասարակությունից խնդրում է, որ 10 հոգով մեկի վրա հարձակվելու և դաժանաբար ծեծի ենթարկելու երևույթը դատապարտեն, որ նման դեպքեր այլևս տեղի չունենան:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
