ՎԵՐԱԴԱՐՁԸ ԴԵՊԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Արխիվ 12-16
ՎԵՐԱԴԱՐՁԸ ԴԵՊԻ ԻՐԱՎԱԿԱՆ
ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ
2015-ի մարտի 17-ի ՍԴՈ-1196 Որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ սահմանադրությանը մասամբ հակասող էր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը, ըստ որի` քրեական գործերով վճռաբեկ դատարան կարելի էր դիմել միայն փաստաբանի միջոցով:
Սահմանադրական դատարանի որոշումն այս անգամ նույնպես «խուճուճ» էր. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը` դատավարության այն մասնակիցների մասով, ովքեր չունեն պաշտպան և որոնց համար օրենքով սահմանված կարգով երաշխավորված չէ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորությունը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը»:
Փորձված աչքը չի քարող չնկատել, որ ՍԴ-ն ցավում է, որ ստիպված է անհարմար վիճակի մեջ գցել նրանց, ովքեր «բռթել» էին այդ նորմը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ մեկ անգամ հաջողվել էր այդպիսի նորմ մտցնել քրեադատավարական օրենքում. Այն կոչվել էր` «արտոնյալ փաստաբանների ինստիտուտ», եւ փաստաբաններից մի քանիսին էին միայն թույլ տարվում բերել վճռաբեկ բողոք…
Եվ այսպես` ակնհայտ հակասահմանադրական նորմը վերացվել է: Մնում է նշել, որ այդ նորմը հակասահմանադրական ճանաչելու խնդրանքով ՍԴ դիմել էր նաեւ ՍԻՄ կուսակցության «Մարդու իրավունքների» հանձնաժողովի ղեկավարը:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
