ԱՇՈՑՔԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ. «ՊԱՐԱՊ ԵՆ ԵՂԵԼ, ԲՈՂՈՔԵԼ ԵՆ ԷԼԻ»
Արխիվ 12-16ԱՇՈՑՔԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ
ՄԱՍԻՆ. «ՊԱՐԱՊ ԵՆ ԵՂԵԼ, ԲՈՂՈՔԵԼ ԵՆ ԷԼԻ»
«Գալա»-ն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ Շիրակի մարզի Ամասիայի ու Աշոցքի համայնքի գյուղացիները հնարավոր է ճանապարհ փակեն, եթե կաթ մթերող ընկերությունները շարունակեն գյուղացիներից ցածր գնով կաթ մթերել: Եթե նախկինում կաթը մթերում էին 170, հիմա` 150-160 դրամով: Գյուղացիները մտավախություն ունեն, որ եթե կաթի առաջարկն ավելի մեծանա, կաթ մթերող ընկերությունները մթերման գինը կհասցնեն 100-110 դրամի:
Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով գյուղացիների բողոքին, այն համարեց սեզոնային. «Գարնան վերջին ու ամռան սկզբին կաթնատվությունն ավելանում է, առաջարկը եւս, բնականաբար, մթերման գնի նվազում է տեղի ունենում: Շուկայական հարաբերություններ են: Այլ հարց է, եթե 170 դրամից միանգամից իջեցնեին 100 դրամի, դա կասկածի տեղիք կտար:
Ինչ վերաբերում է գյուղացիների այն բողոքին, որ պետական մակարդակով պետք է միջամտել գնագոյացմանը, սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահի խոսքով` եթե կաթ մթերող ընկերությունը մեկը լիներ, մենաշնորհ առաջանար, ՏՄՊՊՀ-ը կարող էր միջամտել:
Գյուղացիները հայտարարել էին, որ եթե հարցը չլուծվի, ապա միջպետական ճանապարհը կփակեն:
Աշոցքի գյուղապետ Արթուր Ալոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում, որ Աշոցքի գյուղացիները բողոքել են: «Նման խնդիր չկա: Գյուղացիները մեզանից լավ գիտեն, որ դա սեզոնային է: Երեւի պարապ են եղել, բողոքել են էլի»,- գյուղապետը:
Ամասիայի գյուղապետ Աղասի Ամիրյանը եւս տեղյակ չէր խնդրից, քանի որ մեկ շաբաթ է, որ առողջական խնդիրներ ունի: «Բայց գյուղի հետ կապը կա, ես նման խնդրի մասին չեմ լսել»,- վստահեցրեց Աղասի Ամիրյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
