ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԹՈՂԱԾ` ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ԴԵ՞Մ
Արխիվ 12-16ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ
ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԹՈՂԱԾ` ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ԴԵ՞Մ
Գրեթե մեկ շաբաթ դպրոցներում ազգային երգ ու պարի դասավանդման շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ավելին` բանը հասել է նրան, որ արդեն ստեղծվել է ֆեյսբուքյան խումբ` ընդդեմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, "Կարին" ավանդական երգ ու պարի համույթի ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ, ում նախաձեռնությամբ անցյալ տարի հայ ազգային երգն ու պարը մտավ դպրոցներ` որպես հիմնական առարկա: Ծրագրի նպատակը, ըստ Գ. Գինոսյանի, հայ երեխային ազգային արմատներին կապելն ու ազգային հոգեկերտվածքով հայ քաղաքացի դաստիարակելն է: Սակայն ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, "Բերդ" պարային անսամբլի գլխավոր պարուսույց, Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ այդ մասին այլ տեսակետ ունի:
Նրա դիտարկմամբ` 40 տարի է, ինչ մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը պատրաստում է մասնագետներ` պարուսույց-մանկավարժներ, ինչո՞ւ պիտի այսօր դպրոցներում ֆիզկուկլտուրայի կամ երգեցողության ուսուցիչը դասավանդի այդ առարկան: Կ. Գեւորգյանի հիմնական զայրույթն այն է, թե ծրագրի կայացմանը նպաստելու համար ինչո՞ւ իրենք ներգրավված չենք այդ աշխատանքներին` իրենց պոտենցիալ հնարավորություններով ու պրոֆեսորադասախոսական կազմով:Լավ է, որ նման նախաձեռնություն կա ընդհանրապես, ու այսօրվա սերունդը համակարգիչներին ու փողոցային բարքերին կառչելու փոխարեն, կարող է կապվել իր ազգային ավանդական երգ ու պարին: Բայց, ցավալի է, որ արվեստի երկու վաստակավոր գործիչներ ազգային երգն ու պարը սերնդի մեջ սերմանելու համար համախմբվելու փոխարեն պայքարում են միմյանց դեմ: Պարոնա՛յք, միմյանցից դասաժամեր փախցնելու մտքից կուրացած` մի պահ հանեք սեւ ակնոցներն ու սթափ նայեք, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ազգային երգն ու պարը բիզնես տեսնելով` ոչ մի հայ դպրոցականի կամ էլ ուսանողի չեք կապի ազգային ակունքներին:
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
