"ԻՐԱՎՈՒՆՔԸ" ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ
Արխիվ 12-16Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական Մայր թատրոնի բեմում մարտի 28-ին կրկին "100 տարի անց" ներկայացումն էր: Պերճ Զեյթունցյանի համանուն պիեսի հիման վրա ստեղծված այս բեմադրությունը, որը ներկայացնում է, թե ինչպես են 100 տարի անց Երեւանում հանդիպում հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից, Թուրքիայի ծովային նախարար Ջեմալ փաշայի թոռը` Ջեմալը եւ 1922թ. հուլիսի 27-ին Թիֆլիսում Ջեմալ փաշային գնդակահարած Արտաշես Գեւորգյանի թոռը, հանդիսատեսի աչքերից արցունքներ քամեց, պահանջատիրության, վրեժխնդրության ու պատվախնդրության նոր թափ հաղորդեց:
Մայր թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը ներկայացրել էր երկու պապերի թոռների երեւանյան հանդիպումը, որի ընթացքում նրանց միջեւ տեղի է ունենում բարդ ու հոգեբանական ծանր երկխոսություն: Իհարկե, ներկայացումն առանց արցունքների ու հառաչանքների անհնար էր դիտել, բայց կարեւոր էր մի շարք հարցերի պատասխաններ, որոնք իրենց խաղով հանդիսատեսին տվեցին դերասանները: Ավելին` ոչ թե խաղով, այլ դերասաններն ապրեցին այդ հանդիպումն ու 100 տարվա չսպիացող վերքերի մրմուռն ու ցավը...
Իսկ ներկայացման վերջում չդադարող ծափերի ներքո անակնկալ էր սպասվում Արտաշես Գեւորգյանի թոռան կերպարը կերտած ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանին: Այս մասին "Իրավունք" թերթի մշակութային բաժնի վարիչ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ բեմահարթակից նշեց. "Նախ շնորհավորում եմ թատերական գործիչներին մասնագիտական տոնի առթիվ եւ ուզում եմ նշել, որ գեղեցիկ ավանդույթ ունի "Իրավունք" թերթն ու ամեն տարվա ավարտին որոշում է մշակութային ոլորտի տարվա լավագույն եւ վատագույն գործիչներին` իհարկե, ընթերցողների կարծիքը հաշվի առնելով: Եվ այսպես` պատվոգիր է տրվում ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանին` "Իրավունք" թերթի կողմից 2014 թվականին Հայաստանի Հանրապետությունում լավագույն դերասան ճանաչվելու կապակցությամբ` Պերճ Զեյթունցյանի "100 տարի անց" ներկայացման մեջ տպավորիչ կերպար կերտելու համար": Ընդունելով պատվոգիրը` ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ ասաց. "Շատ շնորհակալ եմ "Իրավունք" թերթի ամբողջ անձնակազմից` այս գեղեցիկ անակնկալի համար, շատ հաճելի է, երախտապարտ եմ: Այս մրցանակը բոլորինն է, սա բեմադրիչինն է, սա իմ ընկերներինն է, կոլեգաներինն է, իմ սիրելի հանդիսատեսինն է": Իսկ հանդիսատեսը հաստատեց. "Արժանի է":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
