Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ ՉԵՆ ԾՆՎԵԼ ՆՈՐ ԴԵՄՔԵՐ»

Արխիվ 12-16

«ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ
ԴԱՇՏՈՒՄ ՉԵՆ ԾՆՎԵԼ ՆՈՐ ԴԵՄՔԵՐ»


Թատերական գործիչների մասնագիտական տոնի առթիվ «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո այս անգամ հյուրընկալել էր «32 ատամ» ակումբի գլխավոր պրոդյուսեր, «32» թատրոնի դերասան, բեմադրիչ, ռեժիսոր ԿԱՐԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ: Մեր հյուրը մեկ ժամվա ընթացքում սիրով պատասխանեց ընթերցողների հեռախոսազանգերին ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, որոնցից մշակութային հատվածը ներկայացնում ենք ստորեւ:

«ԻՆՉ ԷԼ ԵՂԵԼ Է ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ, ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՌՆԱԼ»

- Կմեկնաբանե՞ք «32 ատամի» մասնատումը. ի՞նչ վեճ է տեղի ունեցել ձեր միջեւ: Տարբեր ժամանակահատվածներում համացանցում խոսվում էր այդ մասին, սակայն հստակ պարզաբանում չկար (ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ք. Երեւան):


- Սա ամենաշատ տրվող հարցն է մեր կյանքում: Կրկնեմ` ունեցել ենք տարաձայնություն գեղագիտական եւ մեր ապագա անելիքների առումով, որի պատճառով էլ գնացել ենք այդ քայլին: Ինչ էլ եղել է մեր անձնական հարաբերությունների մեջ, բնականաբար, դա երբեք չի կարող հանրային դառնալ, որը նորմալ է:
- Իսկ շփում կա՞ հիմա ձեր եւ Vitamin-ի տղաների միջեւ, որովհետեւ կարծիք էր ստեղծվել, որ Դուք վիճել եք, սակայն անցյալ տարի` «Եվրատեսիլից» առաջ, Vitamin-ի Արամ MP3-ին նվիրված հաղորդումներից մեկում ներկա էր «32 ատամի»-ի ողջ կազմը, այդ թվում եւ Դուք:
- Մեր երազանքն էր դա` դեռեւս 2007 թվականից, երբ Արամը «Երկու աստղ» նախագծում մասնակցում էր, ու մենք էլ օգնում էինք: Այն օրերից ինքս էլ ասում էի` Արամ, դու մի օր գնալու ես «Եվրատեսիլ»: Ու եկավ մի օր, որ Արամը գնաց «Եվրատեսիլ», կապ չունի` մեր հե՞տ գնաց, թե` մենակ, փաստացի, իմ երազանքն ու իմ ցանկությունն իրականացավ, եւ իմ այնտեղ չհայտնվելը, ուղղակի, բացատրություն չէր ունենա:
- Այդ թողարկումից հետո հեռուստադիտողները հույս ունեին, որ Ձեզ կրկին կտեսնեն միասին: Հնարավո՞ր է դա: Մենք բոլորս էլ ուզում ենք տեսնել առաջվա որակյալ եւ ճաշակով հումորը:
- Իհարկե, մենք բաց ռեժիմով աշխատում ենք բոլորի հետ, այդ թվում` նաեւ մեր ընկերների...

«ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԶՈՐ ՖԻԼՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ»


- Ձեր «Ես եմ» ֆիլմը` նվիրված բանակի 20-ամյակին, մեծ արձագանք գտավ ու շատ սիրվեց, չե՞ք պատրաստում նոր ֆիլմ, օրինակ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված (ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ, Արարատի մարզ):
- Ցավոք, մենք հետ ենք ընկնում գործընթացներից: Թող նեղանան, թող չհասկանան իմ ասածը, թող ասեն` հլը էդ ջահելին նայի` ոնց է խոսում, բայց ես հայտարարում եմ` պատմական ոչ մի արժեքավոր ֆիլմ չունենք եւ կարիք ունենք պատմական հզոր ֆիլմ ստեղծելու: Գիտեմ, որ դա գիտակցում են բոլորը, գիտեմ նաեւ, որ մեր երկրի առաջին դեմքն էլ պատմական ֆիլմերի սիրահար է: Մենք կարիք ունենք ցուցադրելու մի հզոր ֆիլմ, թե պատմական որ շրջանը կվերցնենք, դա տեխնիկական հարց է: Ես պատրաստ եմ լինել այդ գործընթացի մեջ մաս կազմող անձ, թե ինչ կարող եմ իմ վրա վերցնել, դա արդեն քննարկման հարց է:

«ԱՎԵԼԻ ՄՏԱՀՈԳԻՉ Է, ԵՐԲ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՑԹՈՒԽ»

- Վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացել, որ ասմունքողները վերածվում են թամադաների, Ձեր կարծիքով այս դեպքում ինչո՞վ պետք է զբաղվեն թամադաներն ու շոումենները (ՍՈՒՍԱՆՆԱ, ք. Երեւան):
- Դե եթե թամադաներ չկան, ասմունքողներն ստիպված թամադա են դառնում, եւ դա նորմալ է: Անկեղծ լինեմ, ավելի մտահոգիչ է, երբ դերասանները դառնում են հացթուխ: Բայց դերասանական աշխարհում, ինչպես բոլոր ոլորտներում, գոյություն ունեն տարբեր կարգավիճակի, տարբեր ունակությունների մարդիկ, ու եթե մարդիկ կան, որոնք հանդիսավարությամբ` թամադայությամբ փող են աշխատում, դա նորմալ է: Այլ բան է, երբ դու տեսնում ես, որ շատ ավելի մեծ գործերի ունակ դերասանն է դա անում: Դրանում ցավ ես ապրում, եւ ավելի մեծ ցավ ես ապրում այն մարդկանց, այն կոլեգաներիդ համար, որ նույնիսկ թամադայություն չեն կարողանում անել: Բայց երբ տեսնում ես, որ մարդ կա` կարողանում է իր ինտելեկտով, իր ճարտասանությամբ, իր խոսքով, իր տեսքով ուրախացնել կոնկրետ 200 հոգու եւ դրա դիմաց փող աշխատել, դա էլ է մշակույթ: Այսօր շատ հաճախ ինձ զանգահարում, խորհուրդ են հարցնում, թե ով կարող է թամադայություն անել, ես միանշանակ այդ պահին փորձում եմ հիշել այն մարդկանց, որոնք, իրոք, այդ գործը կանեն լավ: Ամեն մեկն իր ոլորտում երբ գործը լավ է անում, հավատացեք, այդքան կապ չունի, թե որտեղից է եկել:

«ՆՈՒՅՆ ՄԱՐԴԻԿ ԵԹԵՐՈՒՄ ՆՈՒՅՆ ՁԵՎՈՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՎ` ՀՈԳՆԵՑՐԵԼ ԵՆ»

- Այսօրվա հումորային հաղորդումները քչերին են ծիծաղեցնում: Ըստ Ձեզ` որակյալ հումոր չե՞ն անում, թե ուղղակի մեր հայերին է դժվար դարձել ծիծաղեցնելը (ԼԻԱՆԱ, ք. Երեւան):
- Ձեր նշած երկու տեսակետի մեջ էլ ճշմարտություն կա: Լճացում է տեղի ունեցել, նույն մարդիկ եթերում նույն ձեւով ներկայանալով` հոգնեցրել են մարդկանց ու հոգնեցնում են: Դա միշտ եղել է, ու բոլոր ոլորտներում է այդպես: Մեքենաարտադրության մեջ էլ, եթե նոր մոդել չեն հանում, մարդիկ հիասթափվում են այդ մակնիշի մեքենայից: Բնականաբար, դեգրադացման նշաններ կան, հումորի որակի անկում կա, ու ես դա կապում եմ այն գործընթացի հետ, որ երկար ժամանակ հումորային դաշտում չեն ծնվել նոր դեմքեր: Դրա բացատրությունն էլ ունեմ, բայց մի քիչ ավելի նեղ մասնագիտական տեսանկյունից կարող եմ ասել, երեւի երկար կտեւի: Եվ հետո, իսկապես դժվար է ծիծաղեցնել, ինչքան մարդ սոցիալապես շատ ավելի ծանր վիճակում է լինում, այնքան ուրախանալու կարիք է զգում, դա հայտնի բան է: Վերջին շրջանում ակտիվորեն երիտասարդությունը` մեր սերունդը, գուցե մի քանի տարի մեծ եւս, լցվեցինք հեռուստատեսային դաշտ եւ հիմա այդ վակուումն է, այդ դատարկությունն է, որ տեղը պետք է լրացվի ու, ցավոք, ուշանում է, եւ դա մտահոգեցնող է:
- Հնարավո՞ր է` առաջիկայում վերադարձ եթեր եւ եթե այո, ապա ինչպե՞ս է սպասվում Ձեր մուտքը` նորից որպես հումորի՞ստ, թե այս անգամ ավելի լուրջ ոլորտում (ՆԱՐԵԿ, ք. Երեւան):
- Այս պահին հստակ չեմ կարող ասել, թե երբ կվերադառնամ ֆիզիկապես եթեր: Բայց մեր փրոդաքշնի, մեր թիմի գործունեությամբ ստեղծված գործեր կան այսօր եթերում, թեպետ ֆիզիկապես մենք չենք երեւում, այլ տիտրերում ենք: Հումորով երեւալու համար, բնականաբար, շատ ավելի երկար պետք է մտածենք ու աշխատենք այդ ուղղությամբ, որովհետեւ նույն կերպ երեւալ չենք պատրաստվում: Այնպես որ, հստակ ժամանակ չեմ կարող ասել, թե երբ կլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.
- Շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ