ԻՆՉՊԵՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ... ՆՎԵՐԻՑ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ... ՆՎԵՐԻՑ
- Ժողովրդական խոսք է, որ նվեր ստացած ձիու ատամները չեն հաշվում: Տատիկս ցանկանում է ինձ նվիրել 600 քմ հողակտոր: Նվիրատվության պայմանագիրը կնքել ենք, պետական գրանցում կատարել, որից հետո պարզվեց, որ միայն այդ հողակտորի գույքահարկի պարտքը կազմում է մոտ 1 000 000 ՀՀ դրամ:Ինչպե՞ս կարող եմ հրաժարվել նվերից:
Ժաննա
-Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 597 հոդվածի` նվեր ստացողն իրավունք ունի մինչեւ նվերն իրեն հանձնելը` հրաժարվել դրանից: Նվերն ընդունելուց հրաժարվելը պետք է կատարվի նվիրատվության պայմանագրի համար սահմանված ձեւով: Այն դեպքում, երբ նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը գրանցված է, նվերն ընդունելուց հրաժարվելը նույնպես ենթակա է պետական գրանցման:
ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ-ՉՀԵՏԱՁԳԵԼԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇԵԼԻՔՆ Է
- Կենտրոնի դատարանում գործ ունեմ: Ես գիտեմ, որ օրենքով կետ կա, որ ապացույցներ տրամադրելու համար դատարանը պետք է նիստը հետաձգի եւ ժամկետ տա: Նիստի ժամանակ միջնորդեցի, որ դատարանը հետաձգի, որ ապացույցներ ներկայացնեմ, դատարանը մերժեց եւ նշանակեց վճռի հրապարակման օր: Արդյոք ճի՞շտ է դատարանը: Ես շատ վիրավորված եմ:
30 տարվա մանկավարժ
-Դատարանի կողմից գործի քննությունը հետաձգելը, կարծում եմ, դատարանի իրավունքն է եւ ոչ պարտականությունը, ուստի դատարանն իր այդ իրավունքն իրականացնում է հայեցողական իրավազորությամբ` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից: Առավել եւս, Ձեր գրածից հասկացվում է, որ Դուք գտնվել եք դատաքննության փուլում, որտեղ օրենսդիրը կաշկանդում է Ձեզª ներկայացնել լրացուցիչ ապացույցներ` սահմանելով որոշակի կանոններ` այն ներկայացնելու համար:
ՆՎԵՐ ՍՏԱՑՈՂԸ
ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՀԱՅՏ ՄՆԱԼ
- Մորաքույրս ինձ լիազորագիր է տվել, որպեսզի իրեն սեփականության իրավունքով պատկանող ողջ գույքային միավորները նվիրեմ 3-րդ անձի` առանց անուններ տալու: Նոտարական գրասենյակում ինձ տեղեկացրել են, որ այդ լիազորագիրն իրավաբանական ուժ չունի: Բացի այդª իրավունք ունի՞ մորաքույրս նվիրել համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
Գարիկ, մշտական ընթերցող:
-ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 599 հոդվածի 5-րդ կետի ուժովª ներկայացուցչին տրված լիազորմամբ պարտադիր պետք է նշվի նվեր ստացողի (նվիրառուի) անունը, ինչպես նաեւ նվիրատվության առարկան: Հակառակ պարագայում օրենսդիրն այդպիսի լիազորագիրը դիտում է առոչինչ:
Ինչ վերաբերում է համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը նվիրելուն, ապա նման իրավունք կա: Պայմանով, որ համատեղ սեփականության բոլոր մասնակիցները տան իրենց համաձայնությունը` ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 198 հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի
հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
[email protected] հասցեով
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
