"ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՆԱԵՎ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ"
Արխիվ 12-16"ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՆԱԵՎ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ"
Աշխատանքային այցով Հայաստանում են գտնվում ՌԴ Պետդումայի մի շարք պատգամավորներ, որոնց թվում են նաեւ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության հետ կապված ՌԴ Պետդումայում ստեղծված աշխատանքային խմբի անդամ Իրինա Ռոդնինան եւ Օլեգ Լեբեդեւը: Առիթը բաց չթողնելով` ոճրագործի կատարած անմարդկային արարքի մասին ռուսական կողմի դիրքորոշման, այս պահին նախաքննության ընթացքի եւ ամբողջությամբ հայկական կողմին հանձնելու վերաբերյալ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել օլիմպիական եռակի չեմպիոնուհի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ Պետդումայի պատգամավոր ԻՐԻՆԱ ՌՈԴՆԻՆԱՅԻ հետ, ով անդրադառնալով Պերմյակովի կողմից կատարված հանցագործությանը, նախ ասաց.-Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա հունվարի 12-ինª ողբերգություն էր ոչ միայն հայ, այլեւ ռուս ժողովրդի համար: Այնպիսի ողբերգություն, որ բառով չի կարելի նկարագրել: Ես ցավում եմ նաեւ, որ դեպքին հաջորդող օրերին որոշ մարդիկ դա սկսեցին կապել հայ-ռուսական բարեկամության հետ, բայց նաեւ ուրախ եմ, որ մեր բարեկամությունն այնքան ամուր գտնվեց, որ կարողացավ հաղթահարել այդ փորձությունը: Սա իսկապես մեծ փորձություն էր ե՛ւ հայ ժողովրդի, ե՛ւ ռուսական կողմի համար: Ավետիսյանների ողբերգությունը եւ մերն է, եւ ձերը: Ճիշտ էª սպանվեց մի ողջ հայ ընտանիք, եւ հայերի ցավը այլ է: Բայց մեզ համար եւս սա ծանր հարված էր, որովհետեւ մենք մեր բարեկամներին երբեք չենք ցանկանում հարվածել մեջքից, ցավեցնել:
- Քանի որ Դուք վերոնշյալ ոճրագործության հետ կապված Պետդումայում ստեղծված աշխատանքային խմբի անդամ եք, կասե՞քª ինչ է Ձեզ հայտնի մինչ այս պահը ընթացող նախաքննությունից:
- Մեր աշխատանքային խմբի գերխնդիրն այն է, որ հետեւենք իրավապահների անաչառ աշխատանքին: Մեզ համար կարեւորն այն է, որ այդ գործընթացը լինի բաց, թափանցիկ: Ռուսաստանի քննչական կոմիտեն Հայաստանի քննչական կոմիտեի հետ համատեղ սերտորեն աշխատում է, եւ այսօր կարելի է ասել, որ հետաքննության մեջ նկատելի է որոշակի առաջընթաց: Ինչպես ես, այնպես էլª իմ գործընկերները, բնականաբար, իրավասու չենք նախաքննական գաղտնիքներ հրապարակել, եթե անգամ դրանց տիրապետում ենք: Այս պահին կարող եմ միայն հստակ մի բան ասել` Պերմյակովի դատը կլինի Հայաստանի տարածքում, Գյումրիում, 102 ռազմաբազայում, ինչպես խնդրել էր հայկական կողմը: Ասեմ ավելինª այս գործի հանդեպ վերահսկողություն կա ոչ միայն խորհրդարանական ու միջխորհրդարանական հանձնաժողովների, այլեւ` անմիջապես ՌԴ նախագահի կողմից: Երեք օրը մեկ քննչական կոմիտեի կողմից նախագահին տեղեկացվում է գործի ընթացքի վերաբերյալ:
Ճիշտ է, համաձայն ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված համաձայնագրի 5-րդ կետի, եթե կատարվել է զինվորական հանցագործություն, ապա նախաքննությունն ու դատավարությունն իրականացվում է ՌԴ տարածքում: Իսկ Պերմյակովը, բացի այն, որ սպանել է յոթ մարդու, կատարել է նաեւ երեք զինվորական հանցագործություն: Բայց, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության խնդրանքով, համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ դատավարությունը եւ նախաքննությունն իրականացվի ՀՀ տարածքում: Մեր աշխատանքային խումբն ամեն օր աշխատում է քննչական կոմիտեի հետ, որպեսզի արագ բացահայտվեն հանցագործության բոլոր հանգամանքները: Մենք պետք է հանդիպենք նաեւ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ: Այս հետաքննությունը մեր պատվի հարցն է: Նախաքննության ավարտից հետո` ինչպես նշեցի, գործը կքննվի Հայաստանի տարածքում` ռուսական դատարանի կողմից, եւ եթե անգամ դատը լինի փակ, վճիռը ՌԴ օրենսդրության համաձայնª կլինի հրապարակային: Հայտնի կդառնան բոլոր հանգամանքները: Եվ, հավատացեք, մեր օրենքները բավական խիստ են, ու հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ: Մեզ հիմա պետք է միայն ժամանակ, որպեսզի ստանանք այն ամբողջական տեղեկատվությունը, որը կբացահայտի նաեւ այդ ոճրագործության պատճառները: Իսկ այն, որ նա կպատժվի, դրանում ոչ ոք թող չկասկածի: Այնպես որª մեզ մնում է համբերությամբ սպասել նախաքննության ավարտին եւ դատավարության ընթացքին, որը, վստահ եմ, որ կլինի բաց եւ թափանցիկ` հասու թե՛ հայ եւ թե՛ ռուս ժողովրդին:
- Կան վարկածներ, որ Պերմյակովը հանցագործության պահին եղել է աֆեկտի ազդեցության տակ: Դուք նման տեղեկատվության տիրապետո՞ւմ եք:
- Ես նույնպես լսել եմ նման բան, բայց տալ որեւէ պատասխան, ցավոք, այս պահին չեմ կրող, քանի որ դրանով զբաղվում է քննչական մարմինը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
