ՌՈՒՍ ԳՈՐԾԻՉ. "ԵԹԵ ԵՄ-Ի ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՇԱՏ ՎԱՏ Է"
Արխիվ 12-16ՌՈՒՍ ԳՈՐԾԻՉ. "ԵԹԵ ԵՄ-Ի ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՇԱՏ ՎԱՏ Է"
Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է, սակայն, ինչպես հաճախ են ասում ընդդիմախոսները` արեւմտամետ հայ քաղաքական գործիչները, ԵՏՄ-ի հեռանկարներն ու սպասվող արդյունքները միայն թղթի վրա են: Գործնականում ոչինչ չի արվում: "Իրավունքը" այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ ՎԱՍԻԼԻ ԼԻԽԱՉՈՎԻՆ:–Պարոն Լիխաչով, ԵՏՄ-ից սպասելիքներն առայժմ կարծես թե միայն թղթի վրա են: Գործնականում դեռ տեսանելի բաներ չկան: Ըստ Ձեզ, արդյունքները ե՞րբ կլինեն իրատեսական:
– Նախ ասեմ, որ այս փաստաթուղթը գործնականում ոչնչով չի զիջում ԵՄ-ի տնտեսական զարգացման ծրագրին: Միջպետական պայմանագրում երկու դժվար փուլ կա` ինչ անել եւ ինչպես անել: Ինչ անելն արդեն նկարագրված է:
Ինչ վերաբերում է գործողություններին եւ ինչպես անելուն, ապա ասեմ, որ օրեր առաջ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հանդիպումը: Այն ցույց տվեց, որ աստիճանաբար սկսվելու են ԵՏՄ-ի համագործակցության շրջանակում գործնական քայլեր, որոնք առնչվում են օրենսդրական տարբեր ակտերի փոփոխությանը: Մեր ընդհանուր նպատակների, գործիքակազմի տեսանկյունից ԵՏՄ անդամ-երկրները` նաեւ Հայաստանը, գտնվում են քաղաքական լավ վիճակում: Չնայած իմ կողմից մատնանշված իրավիճակին` կան նաեւ շատ խնդիրներ:
– Կոնկրետ ի՞նչ խնդիրներ: Հիմնականը կառանձնացնե՞ք:
– Այդ մասին խոսեցին մեր հայ գործընկերները, նաեւ նախարարը (նկատի ունի միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին): Հիմնական խնդիրը ԵՏՄ-ի երկրների օրենսդրությունների համապատասխանությունն է, ինչպես նաեւ ԵՏՄ երկրների ինքնիշխանության պահպանումը:
– ԵՏՄ-ի փաստաթուղթը տնտեսական առումով համարեցիք հավասարազոր ԵՄ-ի տնտեսության զարգացման ծրագրին: Արեւմուտքի փորձագետները, սակայն, վերջին շրջանում խոսում են ռուսական տնտեսության անկման մասին: Այս հայտարարությունները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը:
– Արեւմուտքը բավական խորամանկ վարվեց: ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց, որոնք չեն համապատասխանում միջազգային օրենսդրությանը: Ես սա ասում եմ որպես միջազգային իրավունքի պրոֆեսոր: Պատժամիջոցները կարող են կիրառվել միայն ՄԱԿ-ի թույլտվությամբ` ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի համաձայն, երբ խախտվել են անվտանգության նորմերը: Իսկ ՌԴ-ն անվտանգության նորմեր չի խախտել: Իսկ այդ պատժամիջոցները հարվածեցին մեր տնտեսությանը: Օրինակ, մինչ այդ, ռուսական խանութների ցուցափեղկի վրա կային լեհական, բելգիական, իսպանական արտադրության գյուղատնտեսական մթերքներ, իսկ հիմա... Ռուսաստանն էլ, ի պատասխան կիրառեց հակապատժամիջոցներ:
– Փաստորեն, ռուսական տնտեսությունն զգում է իր վրա այդ պատժամիջոցները:
– Այո: Դա նաեւ զգացվում է ռուբլու տատանումների ժամանակ:
– Ռուբլու արժեզրկման մասին եւս խոսում են Արեւմուտքի փորձագետները:
– Այդ ամենը կա: Բայց համաշխարհային ճգնաժամը վերաբերում է ոչ միայն ՌԴ-ին: Իմ հայ գործընկերները ԱԺ-ում մեզ հետ հանդիպման ժամանակ խոսում էին հայկական դրամի տատանումների մասին, որոնք ռուբլու հետ տեղի ունեցող գործընթացներով են պայմանավորված: Բայց տեսեք` ինչ է կատարվում դոլարի հետ: Այն տատանվում է նավթի, գազի, էներգակիրների գնի նվազման պատճառով:
– Մայիսին Ռիգայում Հայաստանը, հավանաբար, ԵՄ-ի հետ կստորագրի քաղաքական բնույթի համագործակցության փաստաթուղթ: Ըստ Ձեզ` փաստաթղթի ստորագրումից հետո հայ-եվրոպական հարաբերությունները կարո՞ղ են համատեղվել Հայաստան-ԵՏՄ համագործակցության հետ:
– Քանի որ ես չգիտեմ ու չեմ տեսել այդ փաստաթուղթը, չեմ կարող ասել` Հայաստանն ինչ պարտավորություններ է իր վրա վերցնում: Բայց ԵՄ-ի հետ համագործակցության փաստաթղթի ստորագրումը միայն Հայաստանով չի սահմանափակվելու: Մի բան, սակայն, պետք է հաշվի առնել, եթե այդ փաստաթուղթը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը, դա շատ վատ է: Իսկ եթե չի սահմանափակում, Հայաստանը պետք է հասկանա` այդ պարտավորություններն ինչպես են համատեղվելու այլ` ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵՏՄ-ի պարտավորությունների հետ: Ցանկանում եմ մի կարեւոր փաստ շեշտել. Ռուսաստանը Հայաստանին վերաբերում է որպես հավասար գործընկերոջ, հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը:
– Բայց հայ հանրության մի մասը, ինչպես նաեւ արեւմտամետ գործիչներն անդամակցությունը ԵՏՄ-ին համարում են Հայաստանի անկախության զիջում:
– Դե, արեւմամետ գործիչներին ձեռնտու է ներկայացնել այնպես, որ Մոսկվայի ու Երեւանի, հայ եւ ռուս ժողովուրդների հարաբերությունների միջեւ անջրպետ կա: Նման կարծիքի դեպքում մի երկիրը միշտ թույլ է համարվում: Իսկ թույլերին, գիտեք, ծեծում են: Մենք պետք է հակառակն անենք` երկու ժողովուրդների բարեկամությամբ ամրացնենք հայ-ռուսական հարաբերությունները: ԵՏՄ-ի այս համաձայնագրի նպատակն է ուժեղացնել ԵՏՄ երկրներին: Ավելին ասեմ` այս համաձայնագրին ցանկանում են միանալ 40 պետություն: Եթե այն լիներ վատ փաստաթուղթ` թե՛ մաքսային, թե՛ տնտեսական առումով, այդքան շատ ցանկացողներ չէին լինի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
