ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ` "ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ"
Արխիվ 12-16ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ` "ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ"
Այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանիª Չինաստան կատարած այցը բավականին հետաքրքիր արդյունքներ էր խոստանում, ենթադրելի էր ի սկզբանե: Ո՛չ միայն այն պատճառով, որ այցն ամենաբարձր մակարդակով էրª պետական ու մի քանի օրվա տեւողությամբ, եւ ո՛չ էլ այն, որ ընդունելությունն ընդգծված սիրալիր էր: Այս գործոններն էլ իրենց հերթին են, իհարկե, շատ բան հուշում, սակայն Ս. Սարգսյանի այս այցին կարեւորություն է տալիս շատ ավելի էական մեկ այլ հանգամանք. ռազմավարական նշանակության այն շահերը, որոնք ունի Չինաստանը հարավկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաեւ արդեն մեզ համար էական կարեւորություն ձեռք բերող այն հետաքրքրությունները, որոնք նույնիսկ մեխանիկորեն են առաջանումª ելնելով ժամանակակից աշխարհում Չինաստանի կարգավիճակից:
ԻՆՉՈՎ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Թե ինչով է փոքրիկ Հայաստանը Չինաստանի համար ռազմավարական առումով կարեւոր, նոր չէ, որ պետք է հայտնի դառնա: Ամեն դեպքումª հիշեցնենք. թյուրքական աշխարհը, որ Թուրքիայից հասնում է մինչեւ Արեւմտյան Չինաստանª թյուրքական ծագումնաբանության ույղուրական տարածաշրջան ¥Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջան¤ հենց Հայաստանի պատճառով է, որ "կտրված է": Ընդ որումª ույղուրները, դրա հարեւանությամբ գտնվող չինական Տիբեթը քանիցս ենթարկվել են Վաշինգտոնի "գունավոր" հարձակումներին, ինչի հանդարտեցման համար Պեկինը նույնիսկ ստիպված էր քանիցս զորք կիրառել: Իսկ Տիբեթին սահմանակից Մյանմա ¥Բիրմա¤ պետության հյուսիս-արեւելյան ¥Չինաստանին սահմանակից¤ գոտին, որն ունի չինական բավականին ստվար բնակչություն, հենց այս պահին էլ "գունավորվում է", եւ նույնիսկ Պեկինի համար դարձել է նույնը, ինչ Դոնբասը` Մոսկվայի համար: Այն, որ Վաշինգտոնը կփորձի այս կայծը տարածել դեպի Տիբեթ եւ ույղուրական գոտի, փորձագետները չեն էլ կասկածում: Ու դա շատ լուրջ գլխացավանք կարող է դառնալ Չինաստանի համար, եթե միաժամանակ այս գոտում նաեւ Թուրքիան ակտիվացնի իր պանթուրքական ծրագրերը:
Դրա համար պետք է ստեղծել Ադրբեջանի հետ Թուրքիայի սահմանային կապ, եւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նման փորձեր եղել են, այն էլª ԱՄՆ-ի ուղղակի հովանավորությամբ, եղան ¥Գոբլի պլան, Մեղրիի միջանցքի ծրագիր¤: Իսկ հայ-ադրբեջանական շփման գծում ներկայիս ռազմական ակտիվ վիճակը հուշում է, որ այդ ծրագրերն այսօր էլ ակտիվ փուլում են: Ապաª կա նաեւ Կենտրոնական Ասիան շիկացնելու խնդիր, որը եւս Վաշինգտոնն աչքից դուրս չի թողնում. արմատական իսլամիզմն ամենեւին էլ պատահաբար չէ այդ տարածաշրջանը հռչակել է իր հիմնական թիրախներից մեկը, էլ չենք խոսում այդ տարածաշրջանի երկրների բավականին սուր հրահրվող ներքին խնդիրների մասին: Դրան էլ հավելենք, որ ԱՄՆ-ն այդպես էլ մտադիր չէ զորքերը մինչեւ վերջ հանել Աֆղանստանից, որը եւս այդ ողջ տարածաշրջանը վերահսկող գործոն է:
Մի խոսքով, եթե ինչ-որ բան լինի Ղարաբաղի հետ, ապա Չինաստանը հաստատ դրա արձագանքներն անձամբ իր վրա կզգա: Եվ , իհարկե, ամենեւին էլ պատահական չէ այն ընդգծված հետաքրքրվածությունը, որ Պեկինը նաեւ Ս. Սարգսյանի այցի ընթացքում ցուցաբերեց ղարաբաղյան հարցի նկատմամբ: Նկատի ունենք, որ Ս. Սարգսյանի եւ Չինաստանի ղեկավար հանդիպում-բանակցությունների արդյունքում ստորագրված համատեղ հռչակագրում երկկողմ "համագործակցության շարունակական խորացման եւ զարգացման" ծրագրերը ֆիքսելովª միանգամից Հայաստանը մեծ վեճերի առիթ դարձած Թայվանն ընդունում է, որպես "Չինաստանի անքակտելի մաս", ապա դրանից անմիջապես հետո էլ չինական կողմն է Ղարաբաղի հետ կապված հնչեցնում այնպիսի մտքեր, որոնք հազիվ թե Ադրբեջանում ջերմորեն ընդունվեն: Եվ միանգամից էլ թեման տեղափոխվում է "երկկողմ հարաբերությունների խորացմանը նպաստող ուղիների" դետալավորման հարթություն, որտեղ արդեն առաջին պլան են մղվում տնտեսական, առեւտրային, ֆինանսական գործոնները, սակայն նույն ջերմ տոնայնությամբ խոսվում է նաեւ կյանքի գրեթե բոլոր բնագավառների մասին, մինչեւ իսկ` ռազմական օգնության:
ԵՐԵՎԱՆԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
ՊԵԿԻՆԻՑ
Այսպիսովª կարող ենք ֆիքսել հետեւյալը. Չինաստանի արտաքին քաղաքականության համար Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում առանձնահատուկ գործոն է, որի ամրապնդման համար բարձրª պետության ղեկավարի ստորագրված հռչակագրի մակարդակով առաջարկում է իր աջակցությունը: Հայաստանի համար էլ, անշուշտ, այդ աջակցությունը կենսական նշանակություն ունի: Այն առումով, որ ժամանակակից համաշխարհային տնտեսության հիմնական ներդրողներից, ֆինանսավորողներից մեկը հենց Չինաստանն է, որի այդ ֆունկցիան գնալով միայն աճում է: Այսինքն, եթե Պեկինը, պատկերավոր ասած, նույնիսկ "մեկ աչքի պոչով" նայի հայաստանյան տնտեսության ուղղությամբ, ապա դա էլ բավական կլինի Հայաստանում էական արդյունքներ ունենալու համար: Եվ Պեկինն էլ, որի առանձնահատկություններից է անիմաստ խոստումներ չտալը, Հայաստանի հարցով ֆիքսում է. "Չինական կողմը խրախուսում եւ աջակցում է իր ձեռնարկություններինª Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ անելու եւ ձեռնարկություններ ստեղծելու հարցում... հայկական կողմին հետագա հնարավոր աջակցություն կցուցաբերի ժողովրդի բարեկեցության բարձրացման համար կարեւոր նախագծերի իրականացման հարցում...":
Թե դա ինչ գործնական էֆեկտ կունենա, իհարկեª ժամանակը ցույց կտա, թեեւ այցի ընթացքում արդեն իսկ ստորագրվել են մի շարք կոնկրետ պայմանագրեր` արտոնյալ վարկի տրամադրման, զբոսաշրջության զարգացման, չինական հայտնի "Մետաքսի ճանապարհ" ծրագրի, ատոմային էներգիայի եւ մի շարք այլ ուղղություններով, ընդ որում, կա նաեւ պայմանավորվածություն հաշված ամիսներ անցª ամռանը Երեւանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստի "օրակարգում անհրաժեշտաբար հայ-չինական համագործակցության հեռանկարային բոլոր ծրագրերը" ներառելու ավելի գործնական տեսք տալու մասին: Ընդ որում, դրանց թվում են մի շարք առանցքային ծրագրեր, որոնց մասին Ս. Սարգսյանը խոսեց իր գրեթե բոլոր հանդիպումներում: Օրինակª Պեկինի համալսարանում ունեցած ելույթում ՀՀ նախագահն անդրադառնալով "Մետաքսի ճանապարհի" թեմային, նշեց. "Հայաստանն ակնկալում է չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում": Երկաթուղու եւ հայկական նոր ատոմակայանի ֆինանսավորման թեման նաեւ Չինաստանի պետական խորհրդի նախագահի (վարչապետ) Լի Քեցյանի հետ հանդիպման օրակարգում էր, ընդ որում, պարոն Քեցյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղում էլ հանձնարարել է. "Այդ հարցերով պատասխանատու նախարարինª անձամբ զբաղվել նշված աշխատանքով":
Չնայած այն, որ Չինաստանը Ս. Սարգսյանի այցի նախաշեմին էլ էր հետաքրքրության նշաններ ցուցաբերում Իրան-Հայաստան երկաթուղու նկատմամբ, բաց տեքստով ներկայացրեց նաեւ այս ամսվա կեսերին Հայաստան այցելած չինական խոշոր շինարարական ընկերություններից մեկիª CCECC-ի պատվիրակությունը: Ընդ որումª այդ հետաքրքրությունը կարելի է հասկանալª ելնելով նաեւ Պեկինում ՀՀ նախագահի ընդգծած այն մտքից, որ այդ երկաթուղին նաեւ. "Կապահովի չինական կողմի գործուն ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում": Ամեն դեպքումª չինական "Մետաքսի ճանապարհի" հարավային տրանսպորտային թեւն արդեն իսկ գործնականում հասնում է մինչեւ Իրան: Բայց ահա այս հատվածում Թուրքիան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ծրագրով վաղուց է հավակնություններ ցուցաբերում դառնալ "Մետաքսի ճանապարհը" մինչեւ Եվրոպա հասցնող հիմնական հանգույց: Բայց փաստն այն է, որ դա Թուրքիայի համար նաեւ դառնում է ողջ թուրքական աշխարհով մեկ ուղղակի երկաթուղային կապ ապահովող համակարգ, եւ այս առումով եւս Պեկինի համար, թերեւս, ցանկալի կլիներ Հայաստանում այդ կապը կտրող կետի առկայությունը: Առավել եւս, որ Չինաստանը հայտարարել է նաեւ Կերչի նեղուցով դեպի Ղրիմ անցնող տրանսպորտային համակարգի շինարարության ծրագրին իր մասնակցության մասին, եւ Իրան-Հայաստան երկաթուղին էլ այդ ուղղության հետ շրջանցիկª դեպի Մերձավոր Արեւելք տանող կապի հնարավորություն կտա: Եվ, վերջապես, չմոռանանք նաեւ, որ Հայաստանը դա Եվրասիական միությունն է, որի հետ կապը Պեկինի համար, իհարկե, ավելի ցանկալի լուծում կլիներ, քան ասիական ուղղությամբ պարբերաբար ժեստեր նետող, սակայն ՆԱՏՕ-ի անդամ մնացող Թուրքիայի:
Մի խոսքովª այս բոլոր նյուանսները հուշում են, որ հայ-չինական այս նորացված համագործակցության շրջանակներում ամենամոտ ապագայում մասնավորապես Իրան-Հայաստան երկաթուղու հարցով գործնական փոփոխությունների ականատես կլինենք: Բայց էլի ժամանակից առաջ չընկնենքª սպասելով ռեալ զարգացումներին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
