ՌՈՒՍ ԳՈՐԾԻՉԸ` ԱՐԵՎՄՏՈՒՔԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ. "ԴԵ ՆՐԱՆՔ ԷԼ Ի՞ՆՉ ՈՒՆԵՆ ԱՍԵԼՈՒ..."
Արխիվ 12-16
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման կոմիտեի անդամ ԲՈՐԻՍ ՌԵԶՆԻԿԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց` ԵՏՄ-ի շրջանակներում տնտեսական ինչպիսի՞ հարաբերություններ են զարգանալու, տնտեսության ո՞ր ճյուղերն են առավել առաջընթաց ունենալու: "Համագործակցության ոլորտը պետք է ընդգրկի տնտեսության բոլոր ճյուղերը",- ասաց Ռեզնիկը:Անդրադառնալով արեւմտամետ հայ գործիչների այն մտահոգությանը, որ ԵՏՄ-ի հեռանկարների մասին խոսակցությունները միայն թղթի վրա են, իրական քայլեր չեն արվում, ռուս գործչի խոսքով` բանակցությունները նոր են սկսվում. "Արդյունքներ արձանագրելու համար անհրաժեշտ են շատ մեծ փոփոխություններ երկու երկրների օրենսգրքերում, գտնել համապատասխանություններ, համագործակցության եզրեր գտնել երկու երկրների` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ":
Ինչ վերաբերում է Արեւմուտքի փորձագետների այն հայտարարություններին, թե ռուսական տնտեսությունն անկում է ապրում, Ռեզնիկին այդ հայտարարությունները չեն զարմացնում: "Դե նրանք էլ ի՞նչ ունեն ասելու կամ անելու: Նրանք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել, ցանկանում են, որ մեր տնտեսությունն անկում ապրի, իսկ ռուբլին էլ արդեն կայունանում է",- ասաց անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման կոմիտեի անդամը:
Արեւմուտքի կողմից կիրառված պատժամիջոցների մասին խոսելով` քաղաքական գործիչն ասաց, որ Ռուսաստանի տնտեսության վրա դրանք այնքան էլ չեն ազդել: "Ասում են, որ մեզ մոտ կյանքը փոխվել է, բայց ես էդպես չէի ասի, թեեւ խնդիրներ կան: Չարակամները կցանկանային, որ պատժամիջոցները տային ցանկալի արդյունք, բայց այդպես չեղավ",- ասաց մեր զրուցակիցը:
Ի դեպ, քաղաքական գործչին չեն վախեցնում լրացուցիչ պատժամիջոցները: Նա վստահ է` Ռուսաստանը կկարողանա կոտրել սառույցը եւ հաղթահարել ստեղծված իրավիճակը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
