ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՔԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՔԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ
ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած, մեծամասնականով ընտրված գործարար պատգամավոր ՄՈՒՇԵՂ ՊԵՏՈՅԱՆՆ "Իրավունքի" հետ զրույցում ասաց, որ չի ընդունում ԲՀԿ-ի որդեգրած քաղաքական նոր կուրսը` ընդդիմադիր լինելը:
-Դուք այսուհետ իշխանական դաշտո՞ւմ եք հանդես գալու:
– Ե՞ս
– Այո:
– Այո:
– Մինչ ԲՀԿ-ից դուրս գալը, Ձեր ընտրողների հետ այս հարցի մասին խորհրդակցե՞լ եք:
-Միանշանակ: Բոլոր իմ ընտրողների, իմ թիմակիցների հետ խորհրդակցելուց հետո դուրս եմ եկել ԲՀԿ-ից, ընդ որում` իրենց պահանջով:
– ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանը ԲՀԿ-ից հեռացողներին համեմատեց նավից փախչող կռիսների հետ: Ձեր արձագանքը` այս հայտարարությանը:
– Անմակարդակ խոսակցություններ են: Ես ի՞նչ մեկնաբանեմ: Մենք նավից չենք փախել: Մնացել ենք մինչեւ վերջ: Վերջից էլ ավել: Իսկ հիմա քաղաքական կուրս է փոխվել:
– Կոնկրետ ի՞նչը ստիպեց ձեզ լքել ԲՀԿ-ն:
– Քաղաքական կուրսի փոփոխությունը:
– Իսկ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` կուսակցությունից հեռանալու հանգամանքն ունեցա՞վ իր ազդեցությունը:
– Այո: Մենք իր հետ ենք եղել:
– Կարելի՞ է ասել, որ համախմբվել էիք ոչ թե գաղափարի, այլ անձի շուրջ:
– Իր գաղափարներն էլ էին շատ ճիշտ ու լավ գաղափարներ, որոնք չիրականացան: Մենք էլ դուրս եկանք:
– Ո՞րը կոնկրետ չիրականացավ:
– Իր արած առաջարկություններով, իր կուրսով ժողովրդի բարեկեցությունն էր ցանկանում ապահովել:
– ԲՀԿ-ն հիմա էլ է առաջ քաշում ժողովրդի բարեկեցութունն ապահովող ծրագրեր:
– Դե հիմա ինքը չկա (Գագիկ Ծառուկյանին նկատի ունի-խմբ.):
Հիշեցնենք` նախկին ԲՀԿ-ականը կուսակցությունը լքեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, երբ չեղյալ հայտարարվեց փետրվարի 20-ի հանրահավաքը, ապա սկսվեց ԲՀԿ-ից առնետավազքը: Ասել է թե` Մուշեղ Պետոյանը, ամենայն հավանականությամբ, լքեց կուսակցությունը ոչ թե Գագիկ Ծառուկյանի` կուսակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելուց, ԲՀԿ-ի քաղաքական կուրսի` ընդդիմադիր դառնալուց հետո, այլ կուսակցության ծանր օրերին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
