ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. "ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ"
Արխիվ 12-16ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. "ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ"
Ազգային ժողովում տեղի ունեցավ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ հանդիպում: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ ողջույնի խոսքում կարեւորել է երկու հանձնաժողովների համատեղ նիստի անցկացումը` նշելով, որ այն կարեւոր հարթակ է` քննարկելու երկու հասարակությունների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նիստի առաջին մասը վարում էր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ ԼԵՈՆԻԴ ՍԼՈՒՑԿԻՆ: Նա կարեւորել է միջազգային հարթակներում համագործակցությունը եւ երկկողմ հանդիպումներն առավել պարբերական դարձնելը:
Խոսքով հանդես եկավ նաեւ ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ով ներկայացրեց իր դիտարկումները` ռուս գործընկերների կողմից ներկայացված ելույթներում բարձրացված հարցերի շուրջ:
"Խոսք գնաց այն մասին, որ պետք է ԵՏՄ-ին տալ իրավական եւ քաղաքական հարթակ, որի հետ ես լիովին համամիտ եմ, քանի որ մեզ պետք է մի մարմին, որտեղ կլինեն ԵՏՄ անդամ 4 պետությունների խորհրդարանականները, կաշխատեն համատեղ, որը սակայն իրենից չի ենթադրում, որ դա կլինի մեկ ընդհանուր խորհրդարան` Եվրախորհրդարանի նման, որքան դա կլինի ընդհանուր ասամբլեա: Իսկ երբ մենք խոսում ենք ԵՏՄ ինստիտուցիոնալ զարգացման տեմպերի մասին, ապա պետք է ուշադիր նայենք, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջ, ինչպիսի աշխարհաքաղաքական գործընթացներ են ընթանում: Չէ որ աշխարհը չի ապրում հանգիստ իրավիճակում, ինչը կար թեկուզ երեք տարի առաջ: Աշխարհաքաղաքական իրավիճակն արագընթաց սլանում է դեպի վատթարացում եւ փոխվում է ամեն օր: Հիմա այն իրավիճակն է, որ մենք պետք է սրընթաց զգանք այդ օրգանի` ԵՏՄ խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը:
Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին, ապա, ինչպես ասաց մեր ռուս գործընկերներից մեկը, ԵՏՄ խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդարանական հարթակի հետ նոր հարաբերություններ ձեւավորելու լավ պայմաններ է ստեղծում, բայց, ցավոք, վերջին շրջանում այդ տիրույթում զարգանում են անառողջ մտայնություններ, ինչը ես անձամբ զգացել եմ իմ մաշկի վրա: Երբ ես մեր երկրում պաշտպանեցի հայ քաղաքացիների արտահայտման ու ԶԼՄ-ների ազատ խոսքի իրավունքը, դրան զուգահեռ հոմոսեքսուալիստների լոբբիստները ԵԽԽՎ-ում կազմակերպեցին 22 պատգամավորների կողմից զրպարտչական հայտարարության ընդունում իմ եւ մի լրատվամիջոցի հանդեպ: Այդ առնչությամբ ես գրել եմ բաց նամակ, որը ապրիլի 22-ին կտրվի թե՛ լոբբիստներին, թե՛ ոչ լոբբիստներին: Ուստի լավ կլինի, որ փոխադարձ հասկացվածություն լինի նաեւ եվրոպական մեր գործընկերների հետ բոլոր հարցերում ու հատկապես ազգերի ինքնորոշման հարցում, որի մասին մենք շատ երկար ու համառ խոսում ենք Ղարաբաղի եւ Ղրիմի հետ կապված:
Ինչ վերաբերում է մեր համագործակցությանը, ապա այն չպետք է սահմանափակվի տնտեսական ու ռազմական համագործակցությամբ, այլեւ հումանիտար հարցերը շատ մեծ դերակատարում պիտի ունենան մեր փոխհարաբերություններում: Եթե մենք ունենանք ամենաուժեղ ռազմական կամ տնտեսական գործընկերությունը, այն չի լինի բավարար":
Պատգամավորի պնդմամբ` մենք գտնվում ենք ինֆորմացիոն պատերազմում, երբ դրսից կապիտալ է ներդրվում, որպեսզի պայքարեն կամ ոչնչացնեն մեր տեսակետներն արտահայտող տեղեկատվական միջոցները, մեջբերելով օրինակ. "Սորոսի հիմնադրամը շատ մեծ գումարներ է ներդրել, որպեսզի Հայաստանում ոչնչացվի շատ մեծ ազդեցություն ունեցող եւ ազգային մի թերթ` "Իրավունք"-ը, ինչի մասին ես բարձրաձայնել եմ նաեւ մեր խորհրդարանում: Եթե մենք չենք կարողանում ստեղծել ինֆորմացիոն լավ համակարգ, մեր բոլոր ձգտումները կարող են լինել ընդամենը ֆրազներ:
Մեր երկրները չեն կարող անմիջապես զգալ այն աշխատանքի էֆեկտիվությունը, որն արվում է այս տարիների ընթացքում: Տարբեր պատճառներով, այդ թվում նաեւ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող սանկցիաների հետեւանքով առաջ են եկել դժվարություններ: Եվ հենց այստեղ է հարկավոր ստեղծել տեղեկատվական անվտանգության կառույց":
Նիստը վարող Լ. Սլուցկին կիսեց Հ. Բաբուխանյանի մտահոգությունները. "Չեմ կարող չհամաձայնել, քանի որ ձեր խոսքը ջերմացրեց մեր հոգիները: Պետք է ասեմ, որ ընդդեմ ԵՏՄ-ի աշխատում է բավականին հզոր մեքենա":
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
