"ԻՇԽԱՆԱՓՈԽԻՉՆԵՐԻ" ՔԱՋՆԱԶԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16"ԻՇԽԱՆԱՓՈԽԻՉՆԵՐԻ" ՔԱՋՆԱԶԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այն բանից հետո, որ ԲՀԿ արտահերթ համագումարը փաստացի վերջ դրեց հեղափոխական ծրագրերին, դրա հետ մեկտեղ` նաեւ "եռյակին", այսպես կոչված, տիտղոսային ընդդիմության դաշտում իշխանափոխությամբ կամ "ռեժիմի կազմաքանդմամբ" զբաղվող չմնաց: ՀԱԿ-ը առանց ԲՀԿ-ի ռեսուրսի մնաց` որպես դատարկ խոսող, "Ժառանգությունն" էլ պառակտվեց, ու այնտեղ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Ու գոյացած "հեղափոխական" վակուումի պայմաններում Քաջ Նազարի բախտով առաջ մղվեց "Հիմնադիր խորհրդարանը" իր` "100-ամյակն առանց ռեժիմի" աբսուրդային կարգախոսով: ՆՈՒՅՆ ԳՅՈՒՄՐԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ
ՉԵՆ ՄՏՆՈՒՄ
Ինչպես հայտնի է, ժամանակին դեպի Գյումրի ավտորշավի փորձը տապալվեց, եւ պարզվեց, որ "Հիմնադիր խորհրդարանի" քաջարի հեղափոխականները վախեցել էին, իրենց խոսքով ասած, "գողականների" սպառնալիքներից: Թե աշխարհի էլ որ մի ծայրում կարելի է գտնել քրեական տարրերից վախեցող հեղափոխական, դժվար է ասել, սակայն Սէֆիլյանի թիմը որոշեց նորից գնալ Գյումրի, այս անգամ` արտոնված հանրահավաքի:
Թե ինչու էր Գյումրվա քաղաքապետարանը արտոնել հանրահավաքը, սակայն միջոցներ չէր ձեռնարկել դրա ընթացքում պատշաճ հասարակական կարգ պահպանելու համար` երեւի թե, այնքան էլ զարմանալի չէ: Եթե հայրաքաղաքի քաղաքապետը առանձնապես չէր շտապում գալ եւ տիրություն անել իր քաղաքին, երբ Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո Գյումրին ալեկոծում էին հուզումները, ապա պարզ է, թե ինչու կանխավ միջոցներ չէին ձեռնարկել, որպեսզի սադրիչ երեւույթներ չլինեն: Եվ եղան` սուլոցներին, գոռում-գոչյուններին եւ ձվանետությանը ավելացավ եւ դանակահարությունը: Թե ովքեր էին անկարգություն իրականացնող` գոնե կատարողների մասով պարզ է, քանզի լրագրողները լինելով միտինգավորներից շատ, լուսանկարել են գործնականում բոլորին եւ հանցագործների ինքնությունը հայտնի է, ու մնում է միայն դրանց հայտնաբերել եւ ականջներից բռնած տանել ոստիկանություն: Բայց երեւի թե, համայնքային իշխանությունները պետք է ընդհանրապես չարտոնեն "Հիմնադիր խորհրդարանի" հանրահավաքներն ու այլ զանգվածային միջոցառումները, քանզի ամեն անգամ մի անախորժ բան պատահում է: Իսկ թե ինչ է վերաբերում "Հիմնադիր խորհրդարանի" առաջարկություններին, ապա քաղաքացիներին առաջարկում են ապրիլի 24-ին գալ մի քանի օրվա չոր սննդով լցված ուսապարկերով, որպեսզի այդ օրը սկսեն նրանց առաջնորդել դեպի "առանց ռեժիմի" "պայծառ ապագա":
Պարզ է, որ խոսքն ընդամենը սովորական հարամության մասին է, որը թույլ կտա տպավորություն ստեղծել, թե անգամ ապրիլի 24-ին հայերը պառակտված են: Որեւէ "ռեժիմի հեռացում" լինել չի կարող, դա աբսուրդ է: Չնայած այդ թիմի բոլոր ասածներն են աբսուրդ, այդ թվում նաեւ առաջարկությունը, չմուծել բանկային տոկոսներն ու ավտոտուգանքները, որոնք, իբր թե, ապրիլի 24-ից հետո "կջրվեն" իշխանության եկած "Հիմնադիր խորհրդարանի" կողմից: Ոչ պակաս աբսուրդ է եւ քաղաքացիների հետ պայմանագրերի ստորագրումը, որ "Հիմնադիր խորհրդարանին" են ճանաչում իշխանություն, սակայն այդտեղ արդեն առկա է սահմանադրական կարգի դեմ ուղղված կոնկրետ հանցակազմ:
Հիմա ռեալ ինչի՞ են ձգտում "Հիմնադիր խորհրդարանում": Թերեւս հակապետական "քեռի Սեմի" կողմից ֆինանսավորվող ծրագրերի մրցավազքում այդ թիմը ցույց է տալիս պատրաստակամություն` կատարելու ամենակեղտոտ առաջադրանքները: Այլապես, ինչպե՞ս կարելի է բնութագրել մի բան, որից բացի Ցեղասպանության 100-ամյակը հարամելուց ուրիշ ոչինչ չի կարող ստացվել: Ու այդ ճանապարհին նաեւ ամենուրեք ներքաշվում են միջադեպերի մեջ, եւ հանդես գալով տուժողի դերում, փորձում են բարձրացնել սեփական վարկանիշն ու գինը: Պարզ է, որ անգամ դասական "նարնջագույն" տեխնոլոգիայով "սրբազան զոհաբերության" գործողությունը բավարար չէ հանրության հեղափոխական մոբիլիզացիայի համար` զորօրինակ, հստակ երեւաց, որ ժողովուրդը վերջին ֆուտբոլով ավելի շատ էր հետաքրքրվում, քան Գյումրիի "քաղաքականացված" դանակահարությամբ: Դրանով ընդամենը իրենց քաղաքական գինն են բարձրացնում ամերիկյան տիկնիկավարների աչքում:
ԴԱՇՆԱԿՆԵՐԸ` ՈՐՊԵՍ "ԱՉՔԻ ԳՐՈՂ"
Գյումրիում տեղի ունեցած միջադեպից հետո "Հիմնադիր խորհրդարանում" ավելի խելացի բան չգտան, քան դանակահարման մեղքը դնեն դաշնակների, ավելի ճիշտ` Արմեն Ռուստամյանի վրա: Դրդապատճառն այն էր, որ ԱԺ ուրբաթ օրվա ճեպազրույցին Ռուստամյանը չթաքցրեց բացասական վերաբերմունքը "Հիմնադիր խորհրդարանի" ապրիլքսաչորսյան ծրագրի վերաբերյալ եւ արդարացված համարեց, եթե իշխանությունները ձերբակալեն կազմակերպիչներին: Եվ հիմա տիրաժավորում են այն տխմարությունը, իբր Արմեն Ռուստամյանն իր խոսքով իշխանություններին հանձնարարական տվեց դանակահարություն կատարել: Պետք չէ զարմանալ Կարո Եղնուկյանի շուրթերով հնչեցրած այդ մարազմի վրա` եթե կարող են մարդկանց կոչ անել չվճարել տոկոս ու տուգանք եւ հետո դառնալ ԴԱՀԿ-ի եւ շուն ու գելի բաժին, ապա ինչու չեն կարող երեւակայել, որ ԱԺ-ում փոքրիկ խմբակցություն ունեցող ՀՅԴ-ն կարող է հրամաններ արձակել իշխանությանը: Համ էլ, թեեւ ընդունված է ասել, որ նախկին դաշնակ չի լինում, հենց նախկին դաշնակներն են առավելագույնս հակված "քըխ" բաներ ասել ՀՅԴ-ի մասին: Առավել եւս, որ սահմանադրական բարեփոխումների մասին խոսելով` Ռուստամյանը չբացառեց կոալիցիա մտնելը. "Յոթ կետերը, եթե կատարվեցին, բոլորս այն տեղում կլինենք, որտեղ պետք է լինենք, ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգ կձեւավորվի: Բայց ինչո՞ւ չմտնենք, այո՛, կմտնենք կոալիցիա եւ ավելի շուտ կիրականացնենք այդ բարեփոխումները": Ռուստամյանը նաեւ ընդդիմադիրներին մեղադրեց ապաշնորհության մեջ. "Կան քաղաքական ուժեր, որ իրենց հայտարարում են ընդդիմություն, բայց ամեն ինչ անում են, որ ընդդիմության տեղերը չընդլայնվի: Թե՛ կոալիցիայում, թե՛ կոալիցիայից դուրս ՀՅԴ-ն իր սկզբունքների ջատագովն է":
Խոշոր հաշվով, նա թեեւ դաշնակ է, բայց ճիշտ է ասում: ՀԱԿ-ը ժամանակ առ ժամանակ "հանցագործ ռեժիմը դատապարտող" դատարկ հայտարարություններ է անում, ԼՏՊ-ի ասածներից ամեն մի նորմալ հայի սիրտն է խառնում, Լյովիկ Զուրաբյանին ոչ ոք լուրջ չի վերաբերվում, Արամ Մանուկյանն էլ լացում է, որ ԲՀԿ-ի "փլուզումից" հետո "իսան չկա, մտածող չկա": "Ժառանգությունը" դեռ ինքն իրենից գլուխ չի հանել, Նիկոլին դեռ ահագին ժամանակ կպահանջվի` մինչեւ կարողանա արմատական բողոքավորներին իր շուրջը համախմբել, ՕԵԿ-ը հայտարարում է, որ թեեւ ընդդիմադիր է, բայց "բարոյական նկատառումներով" Սերժ Սարգսյանի հրաժարական չի պահանջում, իսկ ԲՀԿ-ն... ԲՀԿ-ն էլ մեկ "տրանսֆորմացվում" է, մեկ` "բյուրեղանում": Օրինակ, Միքայել Մելքումյանի ասածից ոչ ոք բան չհասկացավ. "Քաղաքական իրավիճակ է փոխվել, եւ մենք չենք կարող այդ իրավիճակի հետ հաշվի չնստել: Բայց դա չի նշանակում, որ այն ծրագրերն ու պահանջները, որ կան, ուժի մեջ չեն մնում: Բայց պետք է հաշվի առնել ստեղծված իրավիճակը": ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն էլ հայտարարեց. "Հայաստանի թիվ մեկ չարիքը այն իրավիճակն է, այն մթնոլորտն է, որում ապրում ենք, այն մարդիկ են, որոնք չեն կարողանում երկիրը ճիշտ ուղու վրա դնել: Պետք է քայլեր իրականացվեն, որ այդ չարիքը դառնա բարիք", բայց երբ լրագրողը կոնկրետ հարցրեց, թե ո՞վ է գլխավոր չարիքը, պատասխանեց. "Հայ ժողովրդի գլխավոր չարիքը Ալիեւն է":
Բնականաբար, այդ պայմաններում ասպարեզում երեւացող է մնում միայն Ժիրայր Սէֆիլյանի "Հիմնադիր խորհրդարանը", որին նույնիսկ "Ժառանգությունը", նույնիսկ արտախորհրդարանական կուսակցությունները, լոռեցու ասած` "մարդա ջերգա" չէին դնում:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՈՐ ԵՐԱՆԳՆԵՐԸ
Սակայն միայն "Հիմնադիր խորհրդարանը" չէ, որ պատրաստ է ամենակեղտոտ առաջադրանքները կատարել: Քաղաքական դաշտում նրանցից առավել կեղտոտ մեկն էլ կա` Լեւոն Ակոպիչը, սակայն վերջինս պատրաստ չէ գնալ սուր քայլերի եւ առերեսվել քրեական օրենսգրքի հետ: Իսկ լրատվական-քարոզչական դաշտում այնպիսի կեղտոտ գործեր անողներ կան, որ դրանց համեմատ նույնիսկ "Հիմնադիր խորհրդարանը" ճերմակափետուր հրեշտակ կարող է թվալ:
Կրկին ինտենսիվացել է հակաբանակային քարոզչությունը, եւ եթե առաջ դա համացանցում արվում էր կեղծ էջերի, այսպես կոչված` "ֆեյքերի" միջոցով, ապա այժմ "նարնջագույն" ակտիվիստները սեփական դեմքով են մտնում այդ կեղտի մեջ, ու այդտեղ երբեմն նաեւ լրագրողներն են հայտնվում: Երեւի թե, այդ տականքային աշխատանքը շատ լավ է վարձատրվում: Իսկ ինչ վերաբերում է "դավադրության" տեսություններին` որոնք գերագույն դավադիր են համարում, ինչպես ռուսներին դրսում, այնպես էլ Սերժ Սարգսյանին ներսում, ապա դրանք ավելի շատ են, քան ավազահատիկները Սեւանի ափին: Բայց դրանք մի կողմ, ի հայտ է եկել երեւույթ, որն առավել քան վտանգավոր է` ադրբեջանական քարոզչության շահերի սպասարկում:
Այսպես, որոշ քարոզչամիջոցներ չեն խորշում ամեն օր տիրաժավորել ադրբեջանական ցանկացած սուտ, դա գնում է "Ֆեյսբուք", "Ֆեյսբուքից" վերցվում է արդեն որպես սեփական լրատվական արտադրանք, վերջինս էլ ադրբեջանական քարոզիչները սարքում են հիմք` նոր քարոզչական ստերի համար, ու շրջանը փակվում է: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի վկայությամբ` ադրբեջանական աղբ տիրաժավորողներն այնքան շատ են, որ թշնամին արդեն հարկ էլ չի համարում կոտրել հայկական լրատվական կայքերը, որպեսզի այդտեղ ինչ-որ քարոզչական նյութ զետեղի եւ հետո դա վերցնի արդեն որպես "հայկական" լրատվություն:
Անշուշտ, կա այն գործոնը, որ դրա հաշվին համացանցում լրատվակայքերի դիտումներն են ավելանում, սակայն դժվար թե զուտ դիտումների խաթեր թշնամուն օժանդակողները այդքան թուք ու մուր վերցներին իրենց վրա եւ վաստակեին դավաճանի անուն: Երեւի թե, ներկայիս աշխարհաքաղաքական սուր հակամարտության պայմաններում այդ զազրելի "աշխատանքը" լավ էլ վարձատրվում է: Բայց ամենակարեւոր գործոնը` որ թշնամու օգտին աշխատողները անպատիժ են մնում. այ, եթե մի քանիսին ԱԱԾ քննիչները հրավիրեն հարցաքննության, աղբի հոսքը միանգամից կպակասի:
Ինչեւէ, "քեռի Սեմը" գործում է նաեւ իշխանական համակարգում ունեցած իր 6-րդ շարասյուների միջոցով, սակայն դա առանձին թեմա է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
