ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՄԱՆԱԼ ԲՀԿ-Ի ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ»
Արխիվ 12-16ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՄԱՆԱԼ ԲՀԿ-Ի ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ»
Օրեր առաջ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «aravot»-ի հետ զրույցում հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հետ, ով հերքել է այն տեղեկատվությունը, թե ԲՀԿ-ից դուրս եկած որոշ պատգամավորները դիմել են ՕԵԿ-ին անդամագրվելու:
Հիշեցնենք` ԲՀԿ-ից դեպի ՕԵԿ արտահոսքի մասին հայտարարել էր նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով, սակայն, հրաժարվել էր անուններ հրապարակել:
Այսօր «Իրավունքի» հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նորից հրաժարվեց անուններ տալ, սակայն պնդեց` ՕԵԿ-ին անդամագրվելու դիմումներ եղել են:
Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, Ահարոն Ադիբեկյանն այսպես արձագանքեց. «Երբ կլինի, նա կիմանա: Տիկին Զոհրաբյանը չի կարող իմանալ ԲՀԿ-ի բոլոր անդամների կենսական նպատակների`մնալու կամ գնալու մասին: ԲՀԿ-ը հիմա սպասողական վիճակում է: Մենք կսպասենք` մինչ այս պղտորված ջուրը նստվածք տա, ամեն ինչ իր տեղն ընկնի»:
ՕԵԿ-ը, ըստ սոցիոլոգի, չի շտապում ընդունել դիմումները, «գցում-բռնում է»` իմաստ ունի՞ ընդունել կամ չընդունել այդ մարդկանց, քանի որ մի անգամ դավաճանածը կարող է երկրորդ անգամ դավաճանել: «Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ իրենց դիմող եղել է: Ես լսել եմ դա իր հարցազրույցից»,- եզրափակեց Ադիբեկյանը:
ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանն «Իրավունքի» հետ զրույցում հերքեց ՕԵԿ-ին ԲՀԿ պատգամավորների անդամակցության մասին լուրերը: Ավելին` ԲՀԿ մամլո խոսնակը բացառում է, որ ԲՀԿ պատգամավորներից որեւէ մեկն անդամակցի ՕԵԿ-ին: «Եթե ԲՀԿ պատգամավորներից որեւէ մեկը անդամակցության հայտ ներկայացրած լիներ ՕԵԿ-ին, կուսակցությունը վաղուց կհրապարակեր այդ մարդկանց անունները»,- եզրափակեց պրն Բաբայանը:
ՕԵԿ խմբակցության պատգամավորներից ոչ մեկի հետ կապ հաստատել չհաջողվեց: ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանն էլ «Իրավունք»-ին փոխանցեց, որ տեղյակ չէ Նաիրա Զոհրաբյանի եւ Մհեր Շահգելդյանի հեռախոսազրույցից: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին անդամագրվելու հայտ ներկայացրած պատգամավորներին, մամլո խոսնակը հղում արեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հայտարարությունն ԱԺ ճեպազրույցի ժամանակ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
