«ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԱՊԱՍՏԱՆ ԽՆԴՐՈՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ Է, ՍԻՐԻԱՅԻՑ, ԹԵ ԱՅԼ ԵՐԿՐԻՑ». ԵԳԱՆՅԱՆ
Արխիվ 12-16«ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԱՊԱՍՏԱՆ ԽՆԴՐՈՂԸ
ԱԴՐԲԵՋԱՆԻՑ Է, ՍԻՐԻԱՅԻՑ, ԹԵ ԱՅԼ ԵՐԿՐԻՑ».
ԵԳԱՆՅԱՆ
Ադրբեջանական 5-հոգանոց ընտանիքը Հայաստանից մեկնելու մասին տեղեկությունը ճշտելու համար «Իրավունք»-ը դիմեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին: Նա մեր թղթակցին տեղեկացրեց, որ ադրբեջանական ընտանիքը մի քանի ամիս է, որ Հայաստանում չէ: «Դա մեր հերթական դեպքերից մեկն է: Նրանց հետ աշխատել ենք, ինչպես մնացած ապաստան հայցող անձանց հետ: Տարբերություն չկա, թե ապաստան խնդրողը Ադբեջանից է, Սիրայից, թե որևէ այլ երկրից»,-ասաց Գ.Եգանյանը: Այն հարցին, թե ուր են մեկնել նրանք միգրացիոն պետական ծառայության պետն ասաց, որ իրենք նման տեղեկություն չունեն: «Նրանք պարտավոր չեն, հարկադրված չեն տեղեկացնեն պետական մարմիններին, թե ուր են մեկնում: Դա օրենքի պահանջ չի: Եվ միջազգային օրենսդրության պահանջ չի»,- ասաց Գ. Եգանյանը:
Այն հարցին, թե նախկինում և՞ս եղել, որ Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանից ապաստան խնդրեն, Գ. Եգանյանը պատասխանեց, որ ապաստանի տրամադրման համակարգը Հայաստանում գործում է 2000 թվականից և սա առաջին դեպքը չէր: «Մոտ 10 տարի առաջ ևս եղել է նման դեպք: Նման անձիք կարող են և գնալ մեր երկրից և մնալ մեր երկրում, դա անձի ընտրության խնդիրն է, քանի որ փախստականի կարգավիճակ ստացած անձիք ազատ տեղաշարժի իրավունք ունեն»,- ասում է Գ. Եգանյանը:
Միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը «Իրավունք»-ին տեղեկացրեց, որ 2014 թվականի փետրվարի 1-ին Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ջավիդ Քիյազ Օղլի Օրուջովը դիմել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն` իրեն և իր ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետությունում ապաստան տրամադրելու խնդրանքով: Դիմումի հիման վրա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության կողմից հարուցվել է վարչական վարույթ և իրականացված վարչարարության արդյունքում 2014թ. ապրիլի 4-ին Ջավիդ Օրուջովը և նրա ընտանիքի անդամները Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել են փախստական և ստացել ապաստան: Օրուջովի ընտանիքին տրամադրվել է սենյակ ծառայության ենթակայությամբ գործող «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում, որտեղ նրանք բնակվել են մինչև 2014 թվականի դեկտեմբերը 8-ը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
