Հայոց ցեղասպանության ականատեսների ժառանգ ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը լույս է ընծայել «Լռության ճիչը» խորագրով գիրք-ալբոմը
Արխիվ 12-16Հայոց ցեղասպանության ականատեսների ժառանգ ֆրանսահայ լուսանկարիչ
Անտուան Ագուջյանը լույս է ընծայել «Լռության ճիչը» խորագրով գիրք-ալբոմը
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում մարտի 30-ին` տեղի ունեցավ ֆրանսիական Le Monde-ի հայազգի լուսանկարիչ Անտուան Ագուջյանի մամուլի ասուլիսը: Նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր` նոր լույս ընծայված «Լռության ճիչը» գիրքը եւ պատմեց ապրիլի 24-ին Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտում (ներկայիս` Դիարբեքիր) բացվելիք ցուցահանդեսի մասին:
Այսպիսով Հայոց ցեղասպանության ականատեսների ժառանգ ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը լույս է ընծայել «Լռության ճիչը» խորագրով գիրք-ալբոմը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ լուսանկարիչը ներկայացրեց գրքում տեղ գտած լուսանկարների ստեղծման նախապատմությունն ու ապրիլի 22-ին Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ` ներկայիս Դիարբեքիր քաղաքում կայանալիք ցուցահանդեսի մանրամասները:
Լուսանկարչի խոսքերով` գրքում ներառվել են իր 27-ամյա գործունեության արդյունքը հանդիսացող 100-ից ավելի լուսանկարները, որոնք 1988 թվականից ի վեր արվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ջավախքում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում, Իսրայելում և Թուրքիայում: «Ես սկսեցի այս աշխատանքը երկրաշարժի տարիներին, երբ մարդասիրական խմբի հետ եկա Հայաստան: Այն ժամանակ սիրողական լուսանկարիչ էի, բայց ցանկություն առաջացավ մասնագետ լուսանկարիչ դառնալ: Երկրաշարժից հետո, երբ հումանիտար աշխատանքներն ավարտվեցին, վերադարձա Ֆրանսիա, շարունակեցի այդ աշխատանքն այնտեղ, այնուհետև` Ջավախքում, Լեռնային Ղարաբաղում, Մերձավոր Արևելքի երկրներում: Գնացել եմ բոլոր այն վայրերը, որտեղ հայեր են ապրել կամ էլ ունեցել են ներկայություն Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո: Արդյունքում ստեղծեցի հայկական հիշողության հիման վրա մի պատմություն` որպես երրորդ սերնդի ֆրանսիահայ: Ցանկացա Հայոց ցեղասպանության պատմությունը լուսանկարչության միջոցով փոխանցել»,-ասաց Անտուան Ագուջյանը` շեշտելով, որ իր նախնիները Հայոց ցեղասպանությունը վերապրողներ են: «Տատիկ-պապիկս ցեղասպանության վերապրողներ են, մի կողմը Կոմիտասի գյուղից էին, մյուս կողմը` Էրզրումից: Ֆրանսիայում այն քաղաքում, ուր ես մեծացել եմ, շատ վերապրողներ կային, նույնիսկ վայրեր կային, ուր միայն հայեր էին ապրում: Ես կյանքս ապրել եմ այդ պատմությունների ներքո, շատ եմ լսել այն ատելության ու սպանությունների մասին, որ կատարվել են մեզ մետ»,-նշեց լուսանկարիչը:

«Լռության ճիչը» գիրքը լույս է ընծայվել ֆրանսերեն ու անգլերեն լեզուներով: Անվանումն էլ խորհրդանշական է, քանի որ ցույց է տալիս համր լուսանկարների «ձայնն ու ճիչը»: «Լուսանկարչությունը մի արվեստ է, որը ձայն չունի, շարժում չունի, բայց այդ լռության մեջ ձայն կա: «Լռություն» բառը կապված է նաև նրա հետ, որ Թուրքիան դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-հավելեց Անտուան Ագուջյան:
Նա տեղեկացրեց, որ այս տարվա ապրիլի 22-ին պատրաստվում է մեծ ցուցահանդեսով հանդես գալ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում, որի ժամանակ կներկայացվեն Հայոց ցեղասպանության հետևանքները ցուցադրող 70 գունավոր ու սև-սպիտակ լուսանկարներ: «Ինձ հրավիրել է Դիարբեքիրի քաղաքապետարանը, որը քրդեր են ղեկավարում, նրանք ցանկանում են հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Օրն ընտրվեց ապրիլի 22-ը, որպեսզի ցուցահանդեսի բացումը չխանգարի ապրիլի 24-ին Ստամբուլում կայանալիք ցույցերին»,-տեղեկացրեց լուսանկարիչը: Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվի նաև 30 րոպեանոց ֆիլմ` Հայոց ցեղասպանության մասին արխիվային նյութերով, հեղինակի ապրումներով, ինչպես նաև ցուցահանդեսում տեղ գտած լուսանկարների ստեղծման պատմություններով: Իսկ հարցին, թե արդյոք չի վախենում այդ օրերին Թուրքիայում խոսել Հայոց ցեղասպանության մասին, լուսանկարիչն ի պատասխան ասաց. «Վախի մասին չեմ կարող մտածել:Այդ ծրագիրն ինձ համար այնքան հոգեհարազատ է, որ մտածում եմ միայն դա իրագործելու մասին»: Անտուան Ագուջյանը հիշեց, որ 2011-ի ապրիլի 24-ի օրերին, երբ Ստամբուլում ներկայացավ ցուցահանդեսով, թուրքական բանակում հայ զինվորի սպանեցին հայ լինելու համար: «Ամեն ինչ կարող է պատահել: Թուրքիայում կա մի խումբ, ովքեր ագրեսիվ կերպով պատրաստ են կանգնեցնել հայերի հետ կապված ամեն միջոցառում: Չնայած այդ երկրում շարժում կա, մարդիկ սկսում են ընդունել Հայոց ցեղասպանության փաստը,կան մարդիկ, ում միջոցով էլ հնարավոր է դառնում նմանատիպ միջոցառումների կազմակերպումը»,-ավելացրեց լուսանկարիչը` իր կողմից կատարվող աշխատանքը համարելով մեծ գործի մեկ մասնիկը: «Ծովը կաթիլներից է կառուցված, իմ աշխատանքները մի-մի կաթիլ են: Հայ ժողովոըրդը միշտ ստեղծել ու կառուցել է այն դեպքերում, երբ ուրիշները ավերել են, այնպես, որ մենք պետք է շարունակենք կառուցել ու մտածել, թե ինչ պետք է թողնենք մեր նոր սերունդներին»,-ավելացրեց նա:
Անտուան Ագուջյանը տեղեկացրեց, որ լուսանկարները կներկայացվեն նաև Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, իսկ Հայաստանում ցուցահանդես անցկացնելու թեմայով զրուցել են «Արմենպրես»-ի տնօրենի հետ:
Գիրք ալբոմը ֆրանսերեն ու անգլերեն տարբերակներով են, որտեղ զետեղված են մոտ 113 լուսանկար:
Նկարները 27 տարվա ընթացքում ստեղծված նկարներն են, գնացել եմ այն տեղերը, որտեղ հայեր են ապրել կամ էլ ունեցել են ներկայություն Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո:Այդ նկարները ցույց են տալիս ցեղասպանությունը, երկրաշարժը:
Ինձ համար հնարավորություն էր, որ մի տարի մնամ այստեղ, աշխատեմ: Ինձ թվում էր, որ երկարաշարժն ու ցեղասպանությունը կապված են:
Ինչու «Լռության ճիչը»` լուսանկարչությունը մի արվեստ է, որը ձայն չունի, այն շարժում չունի ու ձայն չունի, բայց ցույց տվեցի լռության խոսքը: Լռությունը նաև կապված է նրա հետ, որ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Անի Նազարյան, Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները տրամադրեց «Արմենպրես»
լրատվական գործակալության լուսանկարիչ Ֆելիքս Առուստամյանը
