ՍԵՖԻԼՅԱՆՆ Ի՞ՆՉ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԴՆԵԼ ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԵՋ
Արխիվ 12-16ՍԵՖԻԼՅԱՆՆ Ի՞ՆՉ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԴՆԵԼ ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԵՋ
Օրերս հայ հասարակությունը մեծ ակնածանքով ըմբոշխնեց «Հիմնադիր խորհրդարան» կոչեցյալ կառույցի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի հերթական կոչը: Համոզված ենք, կոչը լսելուն պես բազմաթիվ հայ ընտանիքներում մեծ տոնախմբություններ են կազմակերպվել, ծանոթ-բարեկամ-հարազատները շնորհավորել են միմյանց այդ առիթով: Եվ դա բնական է, քանզի հնարավոր չէ անտարբեր մնալ, եթե քեզ խոստանում են, որ ապրիլի 24-ից հետո դու վճարելու էս միայն բանկից վերցրած վարկի մայր գումարը և վերանայված ու էապես նվազեցված տոկոսադրույքները` առանց որևէ տույժ-տուգանքի: Իսկ դրա համար ՀՀ քաղաքացիներից միայն պահանջվում է չկատարել բանկերից վերցված վարկերի մարման պարտավորությունները:
Սակայն հասարակությանը պատած անասելի ոգևորությունը շատ կարճ տևեց` ընդամենը մեկ օր: Կոչի հրապարակման հենց հաջորդ օրը Ժիրայր Սեֆիլյանն իր հարցազրույցում բոլորի համար անսպասելի հայտարարեց, թե ինքը որևէ պատասխանատվություն չի կրում այն քաղաքացիների առաջ, ովքեր հետևելով իր կոչին, չեն մարի բանկերից վերցրած վարկերի տոկոսները: Ավելին, Սեֆիլյանի խոսքերով` դա միայն կոչ էր, ուզում ես` հետևիր, բայց եթե բարդություններ ունեցար, հանկարծ հույսդ չդնես Սեֆիլյանի կամ էլ «Հիմնադիր խորհրդարան» կոչեցյալի վրա: Ստացվում է, որ մարդը պարզապես գեղեցիկ բառերի շարան է արտասանել ու դրա անունը «կոչ» դրել, սակայն ինքն էլ չի հավատում իր ասածին ու մի բան էլ ավել` նախապես զգուշացնում է, որ իր կոչի հետևանքներին տեր չի լինելու:
Եթե նույնիսկ չխոսենք այս «կոչի» իրավական ու տնտեսական ասպեկտների մասին, ապա անհնար է չանդրադառնալ հարցի բարոյական կողմին: Ենթադրենք, որ մի ՀՀ քաղաքացի լսում է Սեֆիլյանի կոչը և չի վճարում ընթացիկ ամսվա վարկն ու դրա տոկոսադրույքը: Գործող կարգի համաձայն, նա դասակարգվում է անպարտաճանաչ վարկառուների «սև ցուցակում», ինչպես նաև վճարում է օրենքով սահմանված տույժը: Հիմա հարց է առաջանում, թե Սեֆիլյանն ինչ բարոյական իրավունք ունի քաղաքացուն դնել նման իրավիճակի մեջ` իր արկածախնդիր ու անհասկանալի գաղափարները իբր կյանքի կոչելու համար: Ճիշտ է, նման բան անելու համար նա ոչ մի բարոյական իրավունք չունի, իսկ անբարոյականությանը չպետք է տեղ տալ: Սա լավ դաս է` հասկանալու համար, որ այս կիսագրագետ անձնավորության «կոչերին» (կարծում ենք` այդպիսիք դեռ էլի կլինեն) պետք է վերաբերվել մի քիչ հումորով, մի քիչ էլ թախիծով, բայց ոչ մի դեպքում` լուրջ:
Եվ ինչպես ասում էր Իլֆի և Պետրովի անմահ հերոս Պանիկովսկին` «Ամեն մարդու պետք է ցույց տալ իր տեղը այս լուսնի տակ»:
«100-ամյակը առանց Ժիրայր Սեֆիլյանի» ֆեյսբուքյան էջ
