«ԵՐԲ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ԵՔ ՏԵՍՆՈՒՄ, ԻԲՐԵՎ ԽԱԲԵԲԱՅԻ ՄԻ ՎԵՐԱԲԵՐՎԵՔ…»
Արխիվ 12-16«ԵՐԲ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ԵՔ ՏԵՍՆՈՒՄ, ԻԲՐԵՎ ԽԱԲԵԲԱՅԻ ՄԻ ՎԵՐԱԲԵՐՎԵՔ…»
Ուսանողների մի խումբ օրերս այցելել էր Երևանի փողոցներում գումար հավաքող հայտնիներից մեկին` ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ` տանելով փոքրիկ օգնություն հազվադեպ հանդիպող հիվանդությամբ`փղախտով տառապող մուրացկանին:
Աշոտի ոչ վառ հիշողություններով տպավորված մանկատանն անցած մանկությունը նույնքան դժվարություններով, ավաղ, շարունակվում է նաև այսօր. հազվադեպ հանդիպող հիվանդության համար նախատեսված դեղամիջոցները պետպատվերի շրջանակներում չեն տրամադրվում, որոնք գոնե կօգնեն մեղմել խնդիրը, քանզի վերջնական բուժումն այնքան անիրականանալի է թվում. այն կարող է կատարվել միայն Եգիպտոսում կամ Գերմանիայում`մոտավորապես 65.000 եվրո գումարի շրջանակներում:
«Երկրում կա 184 բարեգործական հիմնադրամ, որոնցից միայն մեկն է, որ ինձ անհրաժեշտ 2 դեղերը տալիս է, նաև ստանում եմ 17.000 դրամ նպաստ և 19.000 դրամ թոշակ ու մուրացկանության գումարը… Բայց միայն 1 դեղս նշածս
գումարների համադրումից շատ ավելի շատ է… Ինձ իրապես օգնություն է անհրաժեշտ: Ուզում եմ հասարակությանը խնդրել, որ երբ մուրացկանի են տեսնում իբրև խաբեբայի չվերաբերվեն… Ես ինքս դժգոհ եմ, որ մուրացկան եմ, եթե ապահով լինեի, ինչիս էին պետք թուքումուրը, վիրավորանքների տարափը, դրանց պատճառով ամբողջ օրս կորչում է…»,- «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում սրտնեղած անկեղծանում է Աշոտն ու շարունակելով` խոսում իր երազանքների մասին. «Ուզում եմ անգլերեն պարապել, հիշողությունս շատ լավ է, համակարգչային ծրագրեր սովորել, միգուցե կարողանամ նստակյաց աշխատանք գտնել…»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
