ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԲԻԶՆԵՍ ՉՈՒՆԻ, ԲԱՅՑ ԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ Է
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԲԻԶՆԵՍ ՉՈՒՆԻ, ԲԱՅՑ ԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ Է
«Իրավունքը» ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած, մեծամասնականով ընտրված Մուշեղ Պետրոյանից պարզեց` ինչու է նա ԱԺ-ում բավական պասիվ, երբեւէ առաջարկություններով, հայտարարություններով հանդես չի գալիս: Ինչպես այլ պասիվ պատգամավորներ, այնպես էլ արթիկցի պատգամավորը ստանդարտ պատասխան տվեց. «Իմ ընտրողների, մեր տարածաշրջանի շահերը, որոնք կարեւոր են, եւ եւս կարողանում եմ, բարձրացնում եմ: Պարտադիր չէ միկրոֆոնի դեմ բարձրացնեմ: Գրավորներով, գրություններով աշխատում են կառավարության հետ: Եթե իմաստ ունենա իմ խոսակցությունը եւ դրա անհրաժեշտությունը լինի, ես խոսելու եմ» :
Ինչ վերաբերում է բիզնեսով զբաղվելուն, նախկին ԲՀԿ-ականը հերքեց այդ լուրերը`ասելով, որ մասնաբաժին ունի, բայց տնօրեններ էլ ունի, որոնք իրենք են աշխատում: «Ես բիզնեսի հետ կապ չունեմ»,- ասաց Պետոյանը:
Իսկ ո՞վ է Մուշեղ Թուրինջի Պետոյանը: Ծնվել է 1974թ. հունիսի 5-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
1995թ. ավարտել է Երեւանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարանը, 2003թ.` Երեւանի գյուղատնտեսական ակադեմիան: 1991-1993թթ. աշխատել է «Արթիկտուֆ» միավորումում` որպես որակի հսկիչ: 1993-1994թթ. ծառայել է հայկական բանակում:
1994-2007թթ. ծառայել է ՆԳՆ ՇՄ Արթիկի ՆԳ բաժանմունքում` որպես ՃՊԾ ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ: 2007-2011թթ. աշխատել է «Արթիկտուֆ» ՓԲԸ-ում` որպես գլխավոր ճարտարագետ, փոխտնօրեն: 2007թ. հիմնադրել է «Մուշ-Կոլ» ՍՊԸ-ն:
2008 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ է:
2011-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ):
2015 թ-ին փետրվարի 27-ին պատգամավորը լքեց ԲՀԿ խմբակցությունը, հավանաբար, չցանկանալով իր հարաբերությունները վատացնել իշխանության հետ` հանուն իր բիզնես գործունեության:
Արթիկում տարածված խոսակցությունների համաձայն`արթիկցի պատգամավորը բիզնես գործունեություն է ծավալում անում նաեւ Անապայում: Ըստ արթիկցիների` նրա մի ոտքը Հայաստանում է, մյուսը` Անապայում: Ըստ որոշ լրատվամիջոցների` պարոն Պետոյանի ընտանիքը 2013 թվականին ցանկացել է վաճառել իր բիզնեսը` քարհանքները, գազալցակայանները` այն տեղափոխելով Ռուսաստան: Սակայն այս տեղեկատվությունը պատգամավորը հերքել էր` ասելով, որ չեն պատրաստվում վաճառել եւ որ հայրենիքում իրենց շատ լավ են զգում. «Մեր բիզնեսները բոլորն էլ եկամտաբեր են, օրինակ` գազալցակայանը աշխատում է իտալական սարքավորումներով, առանց վառելիքի կորստի, եկամտաբեր է, նմանապես ուրիշները իրենց քարհանքներն են փակում, իսկ մերը սկսել է լավ հումք տալ, մենք բողոքելու տեղ չունենք: Եթե էդ բիզնեսները փակենք, ես ո՞նց օգնեմ, ասենք, Երեւանում սովորող արթիկցի ու մարալիկցի ուսանողներին, տրանսպորտը նրանց համար անվճար է, մոտ 50-60 ուսանողի ամենշաբաթյա ճանապարհածախսը` 3000 դրամ, ես եմ տալիս, ամսական կտրվածքով 15-20 հազար դրամ գոնե նրանց ընտանքիները շահում են»:
Parliamentmontirong.am-ում Մուշեղ Պետոյանի քվեարկությունների պատկերն այսպիսին է`44% բացակայություն, 24% կողմ, ձեռնպահ`20%, չի քվեարկել`12%: Գործարար պատգամավորը կարծես թե խուսափում է դեմ քվեարկել որեւէ օրինագծի:
Հետաքրքիր է, եթե բիզնես գործունեություն չի ծավալում պատգամավորը, որտեղից նրանք «Տոյոտա» եւ «CAMRY 3.5» մակնիշի մեքենաներ, 96,000,000 դրամ, 140.000.000 դոլար, որը հայտարարագրել է պատգամավորը: Ընդհանուր առմամբ պատգամավորը հայտարարագրել է 52,229,080 դրամ: Միգուցե պատգամավորի իր համեստ աշխատավարձից խնայողություններ անելո՞վ է ձեռքբերել այսքանը: Հազիվ թե:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
