Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՁԵՐ ԱԶԳԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿԳՈՅԱՏԵՎԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԽԱՐԱՆՈՎ" Բաց նամակ Ռեջեփ Թայիբ Էրդողանին

Արխիվ 12-16

"ՁԵՐ ԱԶԳԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿԳՈՅԱՏԵՎԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԽԱՐԱՆՈՎ"
Բաց նամակ Ռեջեփ Թայիբ Էրդողանին


Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հույների "ՊԱՏՐԱԴԱ" կազմակերպության նախագահ, քաղաքական-կրոնական եւ ազգային խմբերի` Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար, վերլուծաբան ԷԴՈՒԱՐԴ ՊՈԼԱՏՈՎԸ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին բաց նամակ է հղել, որում մասնավորապես ասված է.
-Պարոն նախագահ, զարմանքով իմացանք, որ Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը, որը ձգվել է 1915 թ. մարտից մինչեւ 1916թ. հունվար, որոշել եք Թուրքիայում նշել ապրիլի 24-ին:
Ամենայն հավանականությամբ, Դուք նախատեսում եք մեծ հիացմունք արտահայտել այդ ճակատամարտում խայտառակ պարտություն կրած անգլիացիների, ֆրանսիացիների ու նրանց համակիրների սերունդներին: Բնականաբար, պետք է եզրակացնել, որ ապրիլի 24-ի օրվա ընտրությունը, ոչնչով աչքի չի ընկնում Գալիպոլիի ճակատամարտի պատմության մեջ, ուստի ունի մեն-միակ բացատրություն` այդ օրը աշխարհը նշելու է Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցը, եւ Թուրքիայի Հանրապետությունը պետք է աշխարհին ցույց տա, թե ինքն ունի իր պատմությունը: Այն, որ շարունակվում է Քեսաբում, Ձեր անմիջական մասնակցությամբ. քանի որ Ձեր հովանավորությամբ ռադիկալ իսլամական շարժման զինված ահաբեկչական խմբավորումները` "Ջաբհատ ալ-Նուսրա", "Շամ ալ- Իսլամ" եւ "Անսար ալ-Շամ", 2014թ. մարտի 21-ին Թուրքիայի տարածքից անցան Սիրիա եւ սկսեցին ռազմական գործողություններ` հայաբնակ Քեսաբ քաղաքում եւ հարակից գյուղերում:
Դուք մեկ անգամ չէ, որ հայերին զգուշացրել եք լքել հիշյալ տարածքները. այն նույն հայերին, որոնց նախնիների մի մասը Ցեղասպանությունից փրկվել էր` ապաստանելով Սիրիայում, մյուս մասը արտաքսվել էր թուրքական երեք իշխանությունների կողմից: Հիմա Դուք հայերին առաջարկում եք արտաքսվել, բայց այս անգամ ոչ թե Թուրքիայից, այլ` Սիրիայից: Ավերվել են ոստիկանական բաժանմունքներ, բնակելի տներ, դպրոցներ, սպանվել ու վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Աճում ու ընդարձակվում է մարդկային իրավունքների խախտման աշխարհագրությունը թուրքական կառավարության կողմից:
Ի դեպ, թուրքական 5-րդ բանակը, որը ջարդուփշուր եղավ` Թուրքիայում գերմանական զինվորական միսսիայի ղեկավար Լիման Ֆոն Սանդերսի հրամանատարությամբ, 1918թ. ցրվեց` Երեւանի մատույցներում փոքրաթիվ հայկական բանակից պարտվելով: Երեւի ամեն ինչ չէ, որ որոշվում է թվով եւ արյունարբուությամբ:
Այնուամենայնիվ, պարոն նախագահ, նույնիսկ ամենադաժան ոճրագործությունը կարող է, եթե չմոռացվել, ապա գոնե ներվել, եթե ոճրագործը գիտակցել է կատարածի ողջ ծանրությունը ու զղջացել է դրա համար: Քրիստոնեության մեջ զղջումը հոգու փրկության հնարավորություն է տալիս, կարծում եմ` իսլամում, որպես հզոր կրոն, եւս այդ հարցը Ղուրանի սուրահներում բավարար չափով արծարծված է:
Մի ամբողջ դար Թուրքիան զղջման հնարավորություն ուներ, բայց նա ոչ միայն հրաժարվում է իր կատարած հրեշային չարագործությունից, այլ նաեւ շարունակում է իրականացնել այն քաղաքականությունը, որը հիմնականում քիչ բանով է տարբերվում Օսմանայն կայսրության քաղաքականությունից: Այն բանից հետո, երբ տանջահարված հայերի, հույների ու այլ ազգերի ոսկորների վրա ձեւավորվեց թուրքական հանրապետությունը, այն փաստորեն, այդպես էլ չկարողացավ տարանջատվել պետական հանցագործներից` էթնիկ հատկանիշների պատճառով զանգվածային սպանությունների կազմակերպիչներից ու իրականացնողներից: Եվ շատ դահիճ-երիտթուրքեր զբաղեցրին բարձրաստիճան պետական պաշտոններ, եւ մինչ օրս Թուրքիայի Հանրապետությունում նրանց հիշատակը հարգվում է: Եթե հանկարծ Երրորդ Ռեյխի վերնախավն ավարտեր իր կարիերան ոչ թե դատապարտյալի աթոռին` Նյուրնբերգում, այլ սկսեր կառավարել պարտված Գերմանիան, մինչեւ օրս վայելելու էր հայրենակիցների հարգանքն ու սերը: Բնական է, որ պատմության նկատմամբ նման մոտեցմամբ Թուրքիան չէր կարող յոլա գնալ առանց խոշոր ձեւախեղումների, որպեսզի մաքրի (ճերմակեցնի) իրեն:
Դեռեւս 1933թ. Քեմալ Աթաթուրքի հրամանով հրապարակվեց օրենք "Թուրքական պատմական ընկերակցություն", որի կազմի մեջ ընդգրկվել էին կողմնակալ թուրք եւ օտարերկրացի պատմաբաններ: Նրանց հանձնարարված էր մաքրել արխիվները, փոխել հինը եւ ստեղծագործել այլ ժողովուրդների նոր պատմությունը, որոնք ապրել են օսմանյան սրի ներքո: Իհարկե, արխիվները կարելի է մաքրել, իսկ ինչպես բացատրել թուրքական տարածքներից միլիոնավոր հայերի, հույների ասորիների անհետացումը: Մի՞թե այդ ժողովուրդները ինքնակամ որոշել են լքել իրենց հայրենիքը, տներն ու տաճարները: Հենց նրանց անհետացումը ցեղասպանության փաստի աղաղակող ապացույցն է: 1913-1923թթ. Հայերի ցեղասպանությունն ընդունելուց հրաժարվելը կառավարությանը եւ թուրք ժողովրդին հանում է համաշխարհային համաձայնությունից (կոնսենսուսից)` կապված մարդկության դեմ հանցագործության հարցի հետ: Դուք խորհուրդ եք տալիս մոռանալ այն ու չակտիվանալ: Մեր նախահայրերը փորձեցին մոռանալ եւ Թուրքիային վերաբերվել որպես իրենց հայրենիքի, բայց իրենց պարբերաբար հիշեցնում էին ցեղասպանություններով, եւ յուրաքանչյուր հաջորդն ավելի ահավոր էր:
Դուք հաստատում եք, որ այսօրվա թուրք ժողովուրդը այդ մասին ոչինչ չգիտի եւ չի հիշո՞ւմ: Իրապես, որտեղի՞ց իմանան, եթե պատմական արդարությունը հետապնդվում է օրենքով, թուրքական պատմության դասագրքերում այդ մասին չի ասվում, իսկ եթե ասվում է, ապա այնպիսի խեղաթյուրումներով, որ զոհն ու հանցագործը փոխատեղված են: Թվում է, թե սուտը հաղթանակել է, եթե կտրենք ճշտի ճամփան: Բայց ո՛չ: Այդպես չի լինում, եւ վաղ թե ուշ հանցագործությանը հետեւում է պատիժը:
Ոմանց թվում է, թեեւ Թուրքիայի Հանրապետությունը Ցեղասպանությունից հրաժարվում է, բայց այն բավականին քաղաքակիրթ է ու մարդկության համար վտանգ չի ներկայացնում: Սակայն դժբախտաբար, իրականությունը լավատեսության հիմքեր չի տալիս: Մասնակցելով թուրքական NTV ալիքի հեռուստահաղորդումներից մեկին, Դուք Ձեր նախընտրական քարոզչության շրջանակներում անդրադարձաք թուրքական հասարակության մեջ շրջանառվող Ձեր Էթնիկ ծագման հարցին. "Կիլիչդարոգլու, դու ալեւիտ ես, ես` սուննի, ասա այդ մասին: Դեմիրթաշ, դո՛ւ զազա ես: Մի վախեցիր դա ասել": Արդեն լավ է, որ Դուք առաջարկում եք չվախենալ ու ասել, թե Թուրքիայի Հանրապետությունում կան ոչ թուրքեր: Բայց հետոն ահավոր է. "Ինչ ասես չեն ասել իմ ծագման մասին, ինձ վիրավորել են, կոչել են վրացի, բայց որ ամենավատն է, կներե՛ք, ինձ նույնիսկ հայ են կոչել: Այնուամենայնիվ, ես կասեմ, որ իմացել եմ իմ ծնողներից, ես թուրք եմ": Մի քանի տարի առաջ այդ նույն NTV հեռուստաալիքին տրված հարցազրույցում Դուք խոսել եք այն լուրերի մասին, թե իբր Դուք ունեք հունական եւ հրեական արմատներ: Եվ ներողություն եք խնդրել, որ ուղղակի նշել եք այդ ժողովուրդներին:
Նույնիսկ թուրքական կայքերը որոշակի լարվածությամբ վերաբերվեցին իրենց առաջնորդի հայտարարությանը: Եթե հիշենք, որ Աբդուլլա Գյուլը եւս ժամանակին վիրավորական համարեց իր մոր հայուհի լինելու փաստը, ուրեմն պարզ է դառնում` վերին օղակներից սկսած` թուրքական հասարակությանը վերագրվող կատաղած ազգայնականության պատկերը:
Այսպիսով, Թուրքիայում լինել հայ, վրացի կամ հրեա, վիրավորական է:
Պարոն նախագահ, իսկ եթե հանկարծ պարզվի, որ Դուք հայ եք կամ հույն: Ձեր նախահայրերը կարող էին բռնի մահմեդականացված լինել` իրավիճակ, որն ի դեպ, Թուրքիայում շատ տարածված է: Այդ դեպքում թուրքական հայտնի լոզունգը. "Երջանիկ է նա, ով կարող է ասել իր մասին` ես թուրք եմ", արդեն Ձեզ համար չէ: Այդ դեպքում, ի՞նչ անել: Բանն այն է, որ ո՛չ հայերը, ո՛չ հույները, ո՛չ էլ վրացիները ուրախ չեն լինի, եթե պարզվի, որ Թուրքիայի նախագահն իրենց ազգակիցն է: Քանի որ Ձեր` ֆաշիզմով պարուրված չափազանց ազգայնամոլ հայացքը, պատիվ չի բերի ո՛չ հայերին, ո՛չ հույներին, ո՛չ էլ վրացիներին:
Աստծո առաջ հավասար լինելու գաղափարին հասնելու համար, դժբախտաբար, Դուք դեռ պիտի շատ աճեք: Հենց վանող ազգայնականությունն է պատճառը` շատ հայտնի մարդկանց կողմից թուրքերի նկատմամբ նեգատիվ վերաբերմունքի: Բացառված չէ, որ հենց Ձեր բացահայտ ազգայնամոլությունն իր դերն ունեցավ, եւ հենց Ձեր մեղքով էր, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը դիմեց ՀՀ խորհրդարանին`առաջարկելով հետ կանչել հայ-թուրքական պրոտոկոլները: Դժվար է գործ ունենալ մի երկրի հետ, ուր նախագահը վիրավորական է համարում հնարավոր պատկանելությունը հնագույն ազգերից որեւէ մեկին, որոնք իրենց նշանակալի ներդրումն ունեն ինչպես հին, այնպես էլ ժամանակակից քաղաքակրթության մեջ:
Դեռ մի քանի ամիս առաջ Ս.Սարգսյանը Ձեզ շնորհ արեց եւ հրավիրեց Երեւան 2015թ. ապրիլի 24-ին, որպեսզի միասնաբար հարգենք անմեղ զոհերի հիշատակը, որպեսզի ինքներդ էլ ազատվեք եւ ազատեք թուրք ազգին ոճրագործի ժառանգությունից, հակառակ դեպքում` Ձեր ազգը դեռ երկար կգոյատեւի մարդասպանի խարանով: Երբեւէ հայ եւ թուրք ժողովուրդները կհանգեն իրենց պատմության ընդհանուր հասկացմանը, Թուրքիան զղջումով կմաքրվի ցեղասպանության արյունից, բայց հիմա պարզ է դառնում, որ դա Ձեր ղեկավարման ընթացքում չի լինի: Ափսոս…

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ