«ՈՒՆԵՆՔ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԶՈՐ ԵՎ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԹՈՒՅԼ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»
Արխիվ 12-16«ՈՒՆԵՆՔ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԶՈՐ ԵՎ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԹՈՒՅԼ
ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»
Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի մի շարք գյուղական եւ քաղաքային համայնքներում տեղական հանրաքվեներ անցկացնելու որոշման նախագիծը: Ըստ այս նախագծի` հանրաքվեի է դրվելու համայնքների խոշորացման հարցը, որի արդյունքում 80-ից ավելի համայնքներ վերամիավորվելու են, եւ ձեւավորվելու է 14 խոշոր համայնք: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ, ով ի զարմանս մեզ, լինելով նորաթուխ ընդդիմություն դարձած կուսակցության ներկայացուցիչ` այս անգամ կառավարության վերոնշյալ պիլոտային նախաձեռնությանը դեմ չէ:
«ՄԻ ՔԻՉ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ՍԿՍԵԻՆՔ, ՀԻՄԱ ՈՐՈՇ ՃԱՆԱՊԱՐՀ
ԱՆՑԱԾ ԿԼԻՆԵԻՆՔ»
-Ոչ միայն այս պահին, այլ այս հարցը վաղուց եմ կարեւոր համարում: Կարծում եմ` մի քիչ ավելի շուտ սկսեինք, հիմա որոշ ճանապարհ անցած կլինեինք: Այսօրվա տեղական ինքնակառավարման համակարգը շատ մեղմ եւ շատ մեծ վերապահումով կարելի է ասել, թե նորմալ է կամ մոտիկ է նորմալ լինելուն: 1995 թվականից սկսած, այս համակարգը գործում է, մենք համայնքներ ունենք, եւ դրանք քիչ չեն, որտեղ, օրինակ, շատ դժվարությամբ է ավագանի ձեւավորվում: Մարդիկ, պարզապես, չեն ուզում ընտրվել, չի լինում ընտրություն` թեկնածուների պակասի պատճառով: Որեւէ մեկն այդ համայնքներում որեւէ հույս չի կապում համայնքային իշխանությունների հետ` նույնիսկ ամենատարրական հարցերում, որովհետեւ չի ձեւավորվում բյուջե` տեղական, սեփական միջոցներով: Համայնքներ ունենք, որտեղ ամբողջ տարվա ընթացքում կարող է հավաքվել ընդամենը մի երկու հարյուր հազար դրամ բյուջե: Ընդ որում, դա համայնքային սեփական բյուջեն է` սեփական միջոցներով հավաքած, դրան գումարվում է ընդամենը մոտ 3,5 միլիոն դրամ, որը տալիս ենք պետական բյուջեից` դոտացիայի ձեւով:
– Պարոն Մարգարյան, կարո՞ղ ենք ասել, որ այս հարցում ԲՀԿ-ն ողջունում է կառավարության նախաձեռնությունը:
– Որ համայնքների խոշորացում պիտի գնա, այո: Բայց ես խոսեմ իմ անունից, որովհետեւ սա դեռ մենք պետք է քննարկենք նաեւ խմբակցությունում: Օրինակ, ես ավելի շատ կողմնակից եմ շրջանային մոդելի, երբ Հայաստանում կլինի ինքնակառավարման մոտավորապես 50-60 միավոր: Կողմնակից եմ այն տարբերակին, որ ամեն միավորում ինքնակառավարման որոշակի տրամաբանական, արդեն ձեւավորված, ակնհայտ կենտրոն ստեղծվի, որի զարգացումն իր հետ կբերի նաեւ հարակից այդ համայնքների որոշակի զարգացմանը: Իսկ եթե չկա, դու արհեստականորեն ես ձեւավորում, սա մի քիչ դժգոհությունների առիթ կարող է տալ:
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԸ ԿԹՈՒԼԱՆԱ՞Ն` ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԻՆ
–Օրինակ, 10-12 գյուղ միավորվում է ու դառնում մեկ համայնք, հարց է առաջանում` ո՞րն է լինելու կենտրոնը:
– Այս հարցը, իսկապես կարեւոր է: Ամեն մեկն ասում է` ինչո՞ւ պիտի իմ համար կենտրոն լինի այն գյուղը, ոչ թե` իմը: Եթե խոսքը վերաբերում է Դիլիջանին` իր հարակից 7-8 գյուղերով, այստեղ հարց չի առաջանում, թե որտեղ պետք է լինի կենտրոնը: Ակնհայտորեն այն պիտի լինի Դիլիջանը, որն ունի զարգացած ենթակառուցվածքներ, կապի միջոցներ, նաեւ որոշակի ադմինստրատիվ շենքային հարմարություններ եւ այլն: Իսկ այլ համայնքների համար սա խնդիր է: Բացի դա, շրջանային մոդելի ներդրմամբ կառավարման համակարգն ինչ-որ իմաստով թուլանում է: Խոսքս վերաբերում է մարզպետարանների ինստիտուտներին, ի՞նչ է լինելու նրանց հետ: Եթե մենք շրջանային մոդել ենք ընտրում, այն արդեն բավականին լուրջ տեղական ինքնակառավարման մարմին է` իր ընտրովի իշխանություններով, այդ դեպքում կառավարման համակարգ եւ տեղական ինքնակառավարման համակարգ հարաբերությունը կամ համայնքի ղեկավար-մարզպետ հարաբերությունը այլ մակարդակի վրա է դրվում, քան այսօր գործում է մարզպետ եւ մի գյուղի համայնքապետ հարաբերություններում, որն իր աշխատավարձն էլ սեփական միջոցներով չի կարողանում հավաքել: Եվ նույնն էլ, երբ մենք փնջային տարբերակն ենք ընտրում, էլի քաշը, կշիռը տարբեր է լինում: Այսօր մենք ունենք կառավարման հզոր համակարգ եւ բավականին թույլ ինքնակառավարման համակարգ, շրջանային մոդելի դեպքում ինքնակառավարման համակարգը բավականին կուժեղանա: Այնպես որ, սա պիլոտային ծրագիր է, թող փորձենք, տեսնենք մեկ-երկու տարի անց ինչ է լինում: Սա չի նշանակում, որ եկող տարի երկիրը գնալու է համատարած այսպիսի համակարգի: Պետք է նաեւ թեր ու դեմ կողմերը ուսումնասիրել:
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՄԵԾԱՆԱԼՈՒ Է»
–Որոշ կուսակցություններ ՏԻՄ ընտրություններին նույնիսկ թեկնածուներ չեն առաջադրում, արդյո՞ք կարող ենք ասել, որ այս համակարգի ներդրմամբ` նաեւ ՏԻՄ ընտրությունների շուրջ հետաքրքրությունը կընդլայնվի:
– Միանշանակ: Անձի մասնակցությունն ուրիշ է, քաղաքական ուժինը` ուրիշ: Քաղաքական ուժը իմաստ ունի մասնակցի որեւէ ընտրության, որտեղ ցույց կտա, որ կարող է: Բայց, որպեսզի դա ցույց տա, պիտի այդ լիազորություններն ու հնարավորություններն ունենա: Եթե քո լիազորությունները շատ թույլ են, դու ով էլ լինես, քո արած աշխատանքն առանձնապես չի երեւա: Իսկ եթե որոշակի թվով ֆինանսական բյուջեի է տիրապետում համայնքը եւ որոշակի լիազորություններով է օժտված, այստեղ արդեն անձի, քաղաքական ուժի լավ կամ վատ աշխատելուց շատ բան է կախված: Այնպես որ, քաղաքական կառույցների հետաքրքրությունն արդեն ՏԻՄ ընտրությունների նկատմամբ մեծանալու է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
