"ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԿ-ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ԿԱՆ, ՈՐՈՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ` ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ"
Արխիվ 12-16"ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԿ-ՆԵՐԻ
ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ԿԱՆ, ՈՐՈՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ` ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ"
"Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսով է հանդես եկել եւ անդրադարձել կուսակցության ներսում տիրող լարված իրավիճակին:Հիշեցնենք` մարտի 12-ին "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր: Հանդիպումից անմիջապես հետո "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ կուսակցությունը համաձայն չի եղել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, եւ նրանք, ովքեր հանդիպել են, Բաղրամյան 26-ի հաճախորդներ են: Հանդիպումից չորս օր անց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ից խոսեց ինքնանպատակ խորհրդակցությունների մասին: Մոտ երկու շաբաթ անց Հովհաննիսյանը վերադարձավ եւ հայտարարեց, որ ինքն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար: Այդպես էլ պարզ չդարձավ` ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնություն տվե՞լ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար, թե` ոչ:
Այս եւ այլ հարցերի շուրջ "Իրավունքը" զրուցեց "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:
-Պրն Պողոսյան, Ձեր գործընկերներին` Արմեն Մարտիրոսյանին ու Ռուբեն Հակոբյանին, համարո՞ւմ եք Բաղրամյան 26-ի հաճախորդներ:
– Ոչ:
– Ինչո՞ւ:
– Որովհետեւ երկուսին լավ ճանաչում եմ: Գիտեմ` իրենց բնույթով հաճախորդ չեն:
– Ձեր գործընկեր Զարուհի Փոստանջյանը լավ չի՞ ճանաչում...
– Հարցն ուղղեք Զարուհի Փոստանջյանին, թե ինչքանով է նա ճանաչում:
– Մտահոգիչ չէ՞, որ ընդամենը մեկ հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ պառակտում առաջացրեց ընդդիմադիր կուսակցությունում:
– Ինձ չի թվում, որ երկու հայ իրար հանդիպելուց, պառակտումներ պետք է առաջանան: Չմոռանանք, որ ամեն ինչից վեր մենք բոլորս մի երկրի քաղաքացիներ ենք, հայ ենք: Չի նշանակում, որ հանդիպել ես, հայ չես: Ցանկացած հանդիպում իմաստ է ունենում:
– Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից ի՞նչ տպավորություն ստացաք:
– Չեմ մեկնաբանում իմ գործընկերներին: Րաֆֆի Հովհաննիսյանը կայացած քաղաքական գործիչ է, որն ասել է իր կարծիքը, ու դրանով ամեն ինչ փակված է:
– "Ժառանգություն" խմբակցությունում այս պահին ինչպիսի՞ իրավիճակ է:
– Նորմալ աշխատանքային իրավիճակ է, որեւէ խնդիր չկա:
– ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Հայոց ցեղասպանության ուղերձի նախագիծը որեւէ կապ ունի՞ Հայոց պահանջատիրության հետ:
– Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական կարծիքն է: Մի բան պետք է իմանանք` այն քաղաքականությունը, որը վարվել է 1991-1998 թվականներին հայ-թուրքական հարաբերություններում, արդյունքի իմաստով հանգեցրել է զրո կարգավիճակի: 1998-ից մինչ այսօր էլ, զրո արդյունք ունենք: Միգուցե ապագայում նոր մեխանիզմ ունենանք հարաբերությունների կարգավորման համար:
– Արդյոք ճի՞շտ է հայ-թուրքական հարաբերություններ հաստատել` գրողի ծոցն ուղարկված արձանագրությունների հիման վրա:
– Ես ասել եմ` եթե նորից նախաձեռնվի հայ-թուրքական հարաբերություններին միտված բանակցություններ, այլեւս այդ թղթերը (նկատի ունի արձանագրությունները-խմբ.) չեն օգտագործվելու:
– Ուղերձի նախագծի հրապարակումից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագիծը համարվեց թուրքական ջրաղացին ջուր լցնելու փորձ:
– Այսօրվա դրությամբ չեմ ցանկանում ասել, թե ում ջրաղացին ինչ է լցվում: Ըստ իս` մենք պետք է արդյունքը նայենք: Լեւոն Տեր-Պետրոսյանը սա ասել է 1991-1998 թթ.-ին: Հիմա ինքը նույնն է ասում, որը նշանակում է` նա հիմա էլ է հավատում այս քաղաքականությանը: Իսկ եթե որեւէ հայ որեւէ բանի հավատում է, չի նշանակում, որ դա ծառայեցնում է այլ նպատակի: Այսօրվա դրությամբ քիչ չեն մարդիկ, որոնք կարող են ասել` Արցախն ամբողջությամբ պետք է տանք թուրքերին: Նման ՀԿ-ների ղեկավարներ էլ կան: Հիմա ինչ, ընկնե՞ս հետեւներից: Ընդհակառակը, ուրախ կլինեմ, որ մեր հասարակությունն այնպիսին լինի, որ հնչեն տարբեր կարծիքներ, որի մեջ էլ կլինի մեր ուժը: Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի այս առաջարկում կա նորություն, որը ժամանակին չէր հնչել: Ո՛չ, չկա:
– Տեր-Պետրոսյանի ուղերձը քննադատեցին նաեւ այն պատճառով, որ նման պրոթուրքական տեսակետ հայտնում է ՀՀ առաջին նախագահը, որը մեր երկրին պատիվ չի բերում:
– Ես իրականում զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք այսօր պետք է զարմանք ապրեն: 1991-1998 թվականներին Հայաստանում վարվում էր այս քաղաքականությունը:
– Մտածում էին, որ ընդմիշտ փակվել է այդ էջը:
– Բայց այդ մարդիկ հո չեն վերացել էս երկրից: Նրանք մեր երկրի քաղաքացիներն են, որոնց կարծիքը պետք է հարգենք: Կընդունես, թե` ոչ, դա այլ խնդիր է: Եկենք նայենք դեպի ապագա:
– ՀՀ առաջին նախագահը ԼՂ խնդիրը կապում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ:
– Ոչ միայն Տեր-Պետրոսյանը, շատ-շատերն են կապում ԼՂ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների հետ: Իմ կարծիքն այն է, որ ԼՂ խնդիրն ու հայ-թուրքական խնդիրները կապ չունեն իրար հետ, ավելին` Թուրքիան օգտվում է Արցախի խնդրից: Եթե մի պահ պատկերացնենք, որ վաղը լուծվում է Արցախի խնդիրը, Թուրքիան այլ խնդիրներ կգտնի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
