ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՆ ՄԻ ՊԱՏԵՐԱԶՄ ԷԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՆ ՄԻ ՊԱՏԵՐԱԶՄ ԷԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Այսպիսովª հերթական պատերազմն սկսվեց Մերձավոր Արեւելքում: Ու թեեւ դեպքերը տեղի են ունենում տարածաշրջանի ու Արաբական թերակղզու հարավային ծայրակետումª Եմենում, սակայն փաստն այն է, որ այդ 25 միլիոն բնակչությամբ պետությունում նաեւ բախվում են տարածաշրջանային հսկաները, եւ ամենեւին էլ չի բացառվում, որ դա կտանի նաեւ նրանց ուղղակի բախմանª արդեն համաշխարհային հսկաների միջամտությամբ:ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
Նախ հակիրճ ներկայացնենք, թե ինչ է տեղի ունենում: Դեռ 2011թ. նույն այս օրերինª մարտի վերջերին "Արաբական գարնան" շրջանակներում ԱՄՆ-ի ջանքերով "դեմոկրատացած" Եմենն ընդամենը 3-4 տարում հասցրեց այն աստիճան զզվել այդ "դեմոկրատիայի" իրական պտուղներից, որ գերադասեց հիշել մինչ այդ երկիրը 32 տարի ղեկավարող "բռնապետի"ª Ալի Աբդալա Սալեհի մասին: Չնայածª "դեմոկրատիզացիայից" զատ, այստեղ նաեւ ներիսլամական հարցն իր դերն ունեցավ. "բռնապետ" Սալեհին Վաշինգտոնի եւ Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ փոխարինման եկած նախագահ Աբդ-Րաբբու Մանսուր Հադին արագորեն երկիրը վերածեց "Ալ-Քայիդայի" եւ "Իսլամական պետության" ռազմաբազայի: Սակայն ի տարբերություն հարեւանների եւ, մասնավորեպես, Սաուդյան Արաբիայի, Եմենի բնակչության մոտ կեսը շիա մահմեդականներ են, որոնք միշտ էլ ակտիվորեն գործել են Իրանի հովանավորությամբ: Եվ հիշեցնելով, որ Սաուդյան Արաբիան Վաշինգտոնի հետ միասին "Արաբական գարնանն" աջակցում էր շիաների եւ, վերջնարդյունքում, Սիրիայի, ապաª Իրանի հանդեպ գերիշխանության հասնելու համար, դժվար չէ ենթադրել, որ Եմենում եւս "Ալ-Քայիդայի" եւ "Իսլամական պետության" կենտրոնացումը շիաներին ուղղված ծանր հարված էր դառնալու:
Դրա արդյունքում էլª դեռ անցած տարվանից ռազմական դիմակայություն սկսած շիական "Անսար Ալլահ" խմբավորումը վերջին օրերին անցավ ակտիվ ռազմական գործողությունների: Բանակը եւս, որ հիշեց նախկին նախագահ Սալեհին, իր հերթին հիմնականում միացավ շիաական շարժմանը, որն էլ այս վերջին շաբաթներին վերահսկողության տակ է վերցրել երկրի հիմնական բնակելի հատվածըª մայրաքաղաք Սանայով հանդերձ: Ընդ որում, թեեւ այստեղ պարզ տեսանելի էր Իրանի ստվերային աջակցությունը, սակայն փաստն այն է, որ, որքան էլ տարօրինակ թվա, ապստամբների այդ հաջողությունների ֆոնին ԱՄՆ-ը եւ նրա օրինակովª Մեծ Բրիտանիան հայտարարեցին Եմենից իր հատուկ նշանակության ստորաբաժանումները դուրս բերելու մասին: Եվ էլ ավելի տարօրինակ էր այն, որ չնայած Վաշինգտոնը նման մեծ ծառայություն մատուցեց ապստամբներին: Բայց նաեւ, ինչպես մի շարք աղբյուրներ են պնդում, ամերիկյան հատուկ ծառայությունների օգնությամբ մինչ այդ ապստամբների ձեռքն ընկած, հլու-հնազանդ պաշտոնից հրաժարված նախագահ Հադին կարողացավ փախչել տնային կալանքից, հաստատվել նավահանգստային Ադեն քաղաքում եւ տրված հրաժարականը չեղյալ հայտարարել: Իսկ այն բանից հետո, երբ այդ քաղաքն արագորեն գրավեցին ապստամբական ուժերը եւ Հադին էլ չգտավ բանակի աջակցությունը, նա արդեն ստիպված էր երկրից հեռանալ: Միայն թեª արդեն դրսից, որպես նախագահ, դիմեց արաբական երկրներին ու ՄԱԿ-ինª Եմեն ռազմական ինտերվենցիա սկսելու խնդրանքով: Եվ հենց այդ դիմումից օգտվելով էլª Սաուդյան Արաբիան հայտարարեց մի շարք արաբական երկրներից կոալիցիա ստեղծելու մասին ու պատերազմ սկսեց Եմենի ուղղությամբ:
Այսպիսով այն, որ Եմենում, ըստ էության, բախվում են Սաուդյան Արաբիան եւ Իրանը, կարելի է փաստ համարել: Ընդ որում, այդ դիմակայությունը կար ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում: Միայն թե ավելի ստվերային միջոցներով, եւ երբ Եմենում Սաուդյան Արաբիան արդեն առաջին դեմքով է մտնում պատերազմի մեջ, դա արդեն շատ ավելի ռեալ է դարձնում, որ Իրանը եւս կանցնի ուղղակի գործողությունների: Համենայնդեպսª Եմենում շիաների առաջնորդ Մուհամմեդ ալ Բուհաիթին արդեն իսկ հասցրել է սպառնալ, որ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենին հասցրած ավիահարվածները կհանգեցնեն տարածաշրջանում մեծամասշտաբ պատերազմի, ինչը, իհարկե, ակնարկ է Իրանի միջամտության մասին:
ԵՎ ՆՈՐԻՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏՔԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է
Այս ամենով հանդերձª որոշ հանգամանքներ աչքաթող չանենք: Նախª Եմենի այս իրավիճակում ԱՄՆ-ը, իհարկեª "տակից", նախª խաղի մեջ մտավ իր իսկ կողմից պաշտոնի բերված "դեմոկրատ" Հադիի դեմ, ասենք նաեւª "Ալ-Քայիդայի", "Իսլամական պետության" եւ "պապենական" թշնամի հռչակված Իրանի օգտին: Ապաª օգնեց Հադիին փախչելª դրանով ինչ-որ տեղ պարտադրելով Սաուդյան Արաբիայինª մտնել պատերազմի մեջ: Ու վերջում էլ Վաշինգտոնն սկսեց հանդես գալ չեզոք դիրքերից, թե չի էլ մտածում այդ պատերազմին միջամտելու մասինª դրանով էականորեն մեծացնելով Սաուդյան Արաբիայի ու Իրանի ուղղակի բախման վտանգը: Ընդ որումª նման բախման դեպքում Սաուդյան Արաբիան դիմակայելու եւ ոչ մի շանս չունի: Բայց նաեւ դժվար չէ ենթադրել, որ այդ դեպքում, որքան էլ տարօրինակ հնչի, Իսրայելն է ստիպված լինելու միջամտել արաբների օգտին, ավելի ճիշտª ընդդեմ Իրանի:
Թե հերթական անգամ Մերձավոր Արեւելքն այսպես իրար խառնելով` ինչ իրական նպատակ է հետապնդում Վաշինգտոնը, կարելի է ենթադրել: Սկսենք նրանից, որ ամենեւին էլ անհավանական բան չէր, որ այս կերպ Վաշինգտոնը փաստի առաջ կանգնեցրեց Սաուդյան Արաբիային եւ Իսրայելին էլ դրեց իրավիճակից կախվածության ոչ երանելի վիճակում: Ճիշտ է, այս երկրները դեռ պաշտոնապես համարվում են ԱՄՆ-ի տարածաշրջանային հիմնական դաշնակիցները, բայց այն, որ ինչպես Սաուդյան Արաբիան, այնպես էլ Իսրայելը սկսել են թշնամանքով նայել եթե ոչ Վաշինգտոնին, ապա գոնե Օբամայի ղեկավարած Սպիտակ տանը, նոր բան չէ: Նախª որ Օբաման այդպես էլ պատերազմ չսկսեց Սիրիայում, որն իր շարունակությունը կունենար Իրանում, ապաª Իրանի միջուկային ծրագրի հանդեպ գնալով լոյալ դարձող ամերիկյան քաղաքականության, եւ այդ ուղղությամբ արդեն ավարտին հասնող բանակցային գործընթացը կարող է Թեհրանին դուրս բերել տարիներով մշակված տնտեսական եւ ռազմական թիրախի դերից: Դա թույլ չտալու համար Իսրայելի վարչապետը վերջերս նույնիսկ մի իսկական քարոզչական շոու սարքեց ամերիկյան օրենսդիր մարմնում: Ճիշտ է, դրանից հետո Սպիտակ տունն ամեն ինչ արեց, որ վերջերս կայացած ընտրություններում Բենիամին Նեթանյահուն տապալվի, սակայն նա մնաց վարչապետի պաշտոնին, ինչը էլ ավելի սուր փուլ է տեղափոխում Սպիտակ տան հետ հակասությունը: Սաուդյան Արաբիան էլ իր հերթին մի իսկական նավթային պատերազմ է սկսել ԱՄՆ-ի հետ, որը գործնականում ոչնչացման շեմին է հասցրել Օբամայի ամենամեծ հպարտությունըª ամերիկյան սլանցային նավթարդյունահանումըª սպառնալով նաեւ Նահանգներում դառնալ գլոբալ ճգնաժամի պատճառ: Ընդ որում, ճգնաժամն այն արագությամբ է հասունանում, որ նույնիսկ ամերիկյան մի շարք հռչակավոր տնտեսագետներ են սկսել խոսել դոլարի համաշխարհային մոնոպոլիայի ավարտին հաշված ամիսներ մնալու մասին: Եվ, արդյունքում, Սպիտակ տանը մնում էր պատերազմի ուրվականով արագորեն "խելքի բերել" Իսրայելին ու Սաուդյան Արաբիային: Եթե չստացվի էլ, ինչ կա որ, թող մի քիչ կռվեն Իրանի հետ, ու հետո ստիպված կլինեն Վաշինգտոնի դուռը վազել: Ու վերջին տարբերակը. եթե հնարավոր չլինի կոնֆլիկտը կառավարելի վիճակում պահել եւ այն վերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի, դա էլ խնդիր չէ. հենց նման պատերազմն է, որ կարող է հիմքից ցնցել համաշխարհային տնտեսությունըª երկարացնելով դոլարի կյանքը:
Մի խոսքովª ցանկացած զարգացում կարող է Վաշինգտոնի օգտին լինել: Միայն թե մեկ էական նյուանս կա. Եմենի պատերազմն արդեն իսկ աշխարհում առաջ է բերել նավթի գների թռիչք: Գումարած դրանª ռուսական ռուբլին, որ մինչ այս էլ ամրապնդվում էր, նավթի գների թանկացման ֆոնին այդ դինամիկան էլ ավելի ընդգծված դարձավ: Այսինքնª քանի դեռ Վաշինգտոնը Մերձավոր Արեւելքում ինչ-որ խաղերի վրա է կենտրոնացել, կարող է պարզապես արագորեն ջուրը լցնել մեկ տարուց ավելի Ռուսաստանի շուրջ կառուցած տնտեսական դիվերսիայի բոլոր արդյունքներին: Իսկ թե դրանից հետո ինչ կդառնա ուկրաինական խաղը կամ այդ համատեքստում Եվրոպան ինչ անակնկալներ կմատուցի, իր հերթին է մտահոգող խնդիր Վաշինգտոնի համար:
Բայց ամեն դեպքում չմոռանանք, որ մեր հարեւան տարածաշրջանում ամեն մի ռազմական հակամարտություն արդեն իսկ վտանգավոր է Հայաստանի համար: Առավել եւս, երբ հակամարտությունն այսքան լուրջ ռիսկեր է պարունակում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
