ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Գարնանային սրացումներն ազդում են քաղաքական գործիչների վրա ու հատկապես ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ում աչքին զարմանալիորեն դաժան բռնապետություն է երեւում. "Նախօրեին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցավ թատերական ներկայացում, ՀՀԿ խորհրդի հրապարակային նիստ` զրկելով ընդդիմությանը որեւէ հարց ուղղել կառավարությանը": Գումարած դրան, նրան զարմանալիորեն թվաց, որ ՀՀԿ-ականները դավադրաբար որոշել էին այնքան հարցեր տալ կառավարությանը, որ ընդդիմությանը հերթ չհասնի. "Այդ քայլով խախտվել է մեր սահմանադրական իրավունքը: Կարեւոր է հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ ընդդիմությանը լռեցնելու փորձը: Բանն այն է, որ տնտեսության վիճակն այնքան վատ է, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է քողարկելու այդ վիճակը":
Իսկ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՄՆ-ից վերադառնալով մորուքավորված, իր ասուլիսին այնպիսի բաներ խոսԵց, որ գործնականում դժվար էր հասկանալ: Դե, դա նրա սովորական վիճակն է, սակայն զարմանալիորեն "Ժառանգության" առաջնորդի ելույթը պարունակում էր ինչպես իրատեսության, այնպես էլ զղջման երանգներ. "Իշխանության հեռանալն ինքնանպատակ չէ: Այս քաղաքական մեծամասնությունը կործանում է երկիրը: Բայց եթե որեւէ մեկը պատրանք է տածում, թե մենակ պետք է գա եւ փրկի երկիրը, այդպես չի լինելու": Իսկ անդրադառնալով ներկուսակցական պառակտումներին, նա մեղայականին խառնեց լավատեսություն. "Մեկ-մեկ մենք սխալ բաներ ասում ենք: Բայց միշտ նայում ենք առաջ եւ համարում ենք, որ սա կարեւոր կենսափորձ էր մեզ համար":
Ժամանակին, երբ խորհրդային թերթերը գրում էին ամերիկացիների ֆենոմենալ բթության եւ անգրագիտության մասին, մեզ թվում էր, թե դա քարոզչական չափազանցություն է: Սակայն կյանքը զարմանալիորեն ցույց տվեց, որ սովետական թերթերը դեռ մի բան էլ մեղմ էին գրում: Պատկերացնո՞ւմ եք, հայաշատ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ նահանգում դպրոցական ուսուցիչներից, այն էլ պատմության ուսուցիչներից գրեթե ոչ ոք ոչինչ չգիտի Հայոց ցեղասպանության մասին: Կայքերից մեկն անցկացրել է հարցում եւ պարզել էր զարհուրելի բան. "Ֆրեզնոյում վերջերս կայացել էր ուսուցիչների ազգային համաժողով, որի ժամանակ հարց է հնչել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Պատմության 30 ուսուցչից 28-ը հայտարարել է, որ գաղափար չունի, թե ինչի մասին է խոսքը": ԴԵ ինչ ասես, երջանկահիշատակ հայրս ճիշտ էր վարվում, երբ որեւէ մեկին ահավոր ամոթանք տալու համար հարցնում էր. "Դու հո ամերիկացի չե՞ս":
Իսկ Թուրքիայում տեղի է ունեցել զարմանալի բան: Թուրքիայում հրապարակվող երգիծական "Penguen" ամսագրի հայտնի ծաղրանկարիչները Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով ավելի քան 11 ամսվա ազատազրկման են դատապարտվել: Դե, որ այդտեղ ճնշում են խոսքի ազատությունը, զարմանալի չէ, սակայն զարմանալի է, թե ինչպես էին այդ ծաղրանկարում պատկերել ԷՐԴՈՂԱՆԻՆ: Ermenihaber.am լրատվականը հղում անելով թուրքական "Թարաֆսըզ բոլգե" կայքին, հայտնում է, որ ծաղրանկարիչներ Բահադիր Բարութերի եւ Օզեր Այդողանի հեղինակած ծաղրանկարը ներկայացնում է նախագահի մուտքը նոր նախագահական պալատ, որտեղ նրան դիմավորող պաշտոնյան մատներով շրջանակ է ցույց տալիս (նույնասեռականների խորհրդանիշը): Դե ինչ, զարմանալիորեն պարզվում է, որ կան նաեւ թուրքեր, ովքեր հասկանում են, որ իրենց նախագահը եթե ոչ ֆիզիկապես, ապա գոնե հոգեպես իրեն պահում է իսկական գոմիկի պես:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
