«ԲՈԼՈՐ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐՆ ԷԼ ՊԱԽԿՎԱԾ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ»
Արխիվ 12-16«ԲՈԼՈՐ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐՆ ԷԼ ՊԱԽԿՎԱԾ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ»
Երեկ կառավարությունում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետների ակումբի անդրանիկ նիստը` տնտեսությանն առնչվող հարցերի վերաբերյալ: Նախկին վարչապետներից նիստին մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Նիստից հետո հանդիպման մանրամասների մասին «Իրավունքը» զրուցեց պարոն Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ.
–Այս հանդիպումները լինելու են կոնֆիդենցիալ, չեն մեկնաբանվելու դրսում, եւ դա պետք է պահպանել: Իսկ ամեն մեկի կարծիքը տնտեսության մասին դուք գիտեք, որովհետեւ բոլոր նախկին վարչապետներն էլ պախկված մարդիկ չեն, մամուլում իրենց կարծիքն ասում են: Ինչ վերաբերում է մեր զրույցներին, մենք որոշել ենք այն կոնֆիդենցիալ պահել:
– Պարոն Մանուկյան, այնուամենայնիվ, այս ակումբը միայն տնտեսական հարցերի քննարկման հարթա՞կ է, թե՞ նաեւ քաղաքական:
– Հիմնականում` տնտեսական: Քաղաքական է այնքանով, ինչքանով դա շփում ունի տնտեսականի հետ: Բայց քաղաքական հատուկ քննարկումներ չեն եղել:
– Իսկ որքանո՞վ եք արդյունավետ համարում ներկա եւ նախկին վարչապետների նման հանդիպումները, որոնք հետայսու պարբերաբար են լինելու:
– Միշտ այն կարծիքին եմ եղել եւ ինքս էլ օգտագործել եմ դա հենց առաջին օրվանից, երբ վարչապետ էի, որ փորձված մարդկանց հետ պետք է նստել ու խոսել: Դու ինչ կընդունես, ինչը չես ընդունի, քո գործն է, պատասխանատուն դու ես, բայց պետք է մարդկանց հետ խոսել: Հետեւաբար կարծում եմ` օգտակար են այս հանդիպումները, իսկ մնացածը կյանքը ցույց կտա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
