Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՉՆԱՇԽԱՐՀԻԿ" ԴԱՇԻՆՔՆԵՐ` ԴՐՍՈՒՄ ԵՎ ՆԵՐՍՈՒՄ

Արխիվ 12-16

"ՉՆԱՇԽԱՐՀԻԿ" ԴԱՇԻՆՔՆԵՐ`
ԴՐՍՈՒՄ ԵՎ ՆԵՐՍՈՒՄ


Միանգամից նշենք, որ "չնաշխարհիկ" բառն օգտագործել ենք ոչ թե դրա կենցաղային կամ բանաստեղծական իմաստով, այլ նկատի ունենք այդ բառի բուն սկզբնական իմաստը` այն է` չինաց աշխարհից բերած: Խոսքը, ինչպես կռահեց ընթերցողը, վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած այցին, որը հիմք է դնում հիմնարար, նույնիսկ դաշնակցային հարաբերությունների մեր երկրների միջեւ: Չինական այցին դեռ կանդրադառնանք, իսկ այժմ` ներքաղաքական, որոշ չափով նաեւ` ստվերում մնացած գործընթացների մասին, որոնք ունեն ակնհայտ աշխարհաքաղաքական որակներ եւ որոնք 2017-ին կարող են կանխորոշել հաջորդ խորհրդարանի կազմը:
ԲԱԺԱՆՈՒՄ ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆԱԿԱՆԻ ԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ, ԱՅԼ` "ՌՈՒՍԱՄԵՏԻ" ԵՎ "ԱՐԵՎՄՏԱՄԵՏԻ" ՄԻՋԵՎ
Իշխանափոխությանը կամ առավել եւս մայդաններին միտված ընդդիմադիր պայքարը Հայաստանում գործնականում հասավ իր վերջալույսին: ԲՀԿ-ի արտահերթ համագումարով ապահովվեց "եռյակի", ու "եռյակի" հետ մեկտեղ` փողոցային հեղափոխությունների յոթն ու քառսունքը: Հեղափոխական նպատակներ հետապնդող միակ ուժն է մնացել "Հիմնադիր խորհրդարանը", որը ծրագրում է ինչ-ինչ քայլերի մեկնարկ ապրիլի 24-ին, եւ անցել է պայքարի հակասահմանադրական մեթոդներին` պայմանագրեր կնքելով քաղաքացիների հետ հենց "Հիմնադիր խորհրդարանը" իշխանություն ճանաչելու վերաբերյալ եւ կազմելով գրոհայինների խմբեր, որոնք կոչվում են "քաղաքացիական բանակ":
Սակայն հենց ապրիլի 24-ով էլ, ամենայն հավանականությամբ, կավարտվի "Հիմնադիր խորհրդարանի" պատմությունը` կամ այդ օրը նրանց նկատմամբ կկիրառվեն ամենակոշտ միջոցները` 100-ամյակի օրով ապօրինի քայլեր կատարելու համար, կամ ապրիլի 24-ից առաջ կիրառված կլինեն կանխիչ միջոցներ: Իսկ դրա համար բոլոր նախադրյալները կան` "քաղաքացիական պայմանագրի" տեքստն իսկ արդեն բավարար հիմք է սահմանադրական կարգի դեմ հանցակազմի առկայության պատճառաբանությամբ քր. գործ հարուցելու եւ ձերբակալություններ կատարելու համար:
Սակայն, կա նաեւ բացահայտորեն սահմանադրական կարգի դեմ դուրս չեկող արեւմտամետ ընդդիմություն: Այսպես, ընդդիմադիր այդ միավորումների համախմբման նախաձեռնողներից մեկը Պարույր Հայրիկյանն է, իսկ ՀՀՇ-ական պատգամավոր Ալիկ Արզումանյանը հաստատում է, որ խորհրդակցություններ են ընթանում մասնավորապես Արամ Զ. Սարգսյանի կուսակցության եւ Հրանտ Բագրատյանի կուսակցության հետ: Արզումանյանը խոսում է "լիբերալ դաշտի" "միասնական թիմով հանդես գալու" նախադրյալների մասին:
Բայց հետաքրքրական է, որ արեւմտամետ երանգներ ունեցող դրսեւորումներ առկա են եւ իշխանական թիմում: Այսպես, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը, ով անընդունելի է համարում "արեւմտամետ" եւ "ռուսամետ" տերմինները, այնուամենայնիվ, հանդես է եկել արեւմտամետ երանգներով. "Ես կարծում եմ` Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի երազում է, որ Հայաստանը երբեւէ լինի մի պետություն, որը որպես մոդել, բավարարում է այն չափանիշներին, որ Եվրամիության անդամ պետությունները ներկայացնում են": Ըստ նրա` կարող են տասնյակ հարցեր լինել, որոնք դեպքում ինքը համաձայն է ավելի շատ իր ընդդիմադիր գործընկերոջ, քան իր խմբակցության անդամների հետ, եւ Ֆարմանյանն ասում է. "Հաջողություն կարող եմ մաղթել իմ բոլոր այն գործընկերներին, ովքեր կփորձեն աշխատանք տանել կոնսոլիդացման ուղղությամբ":
Բայց հարկ է նշել նաեւ, որ ռուսամետ ուղղվածության ուժեր կան եւ ընդդիմադիր դաշտում: Արտախորհրդարանական այդպիսի ուժեր կան վաղուց, իսկ ինչ վերաբերում է ԱԺ-ին, ապա Տիգրան Ուրիխանյանը հրաժեշտ է տվել ԲՀԿ-ին, եւ կառույցը, որի ձեւավորմանը ձեռնամուխ է լինում, ավելի շուտ կողմնորոշված է դեպի հյուսիս, այլ ոչ թե արեւմուտք: Ի դեպ, կան նաեւ չինական ուղղությանը առավելագույն կարեւորություն տվող այնպիսի գործիչներ, ինչպիսին է, զորօրինակ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Իսկ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին կարելի է համարել "հյուսիսային" ուղղության վառ ներկայացուցիչ արտախորհրդարանական դաշտում:
Կոնկրետ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին` որպես կուսակցության, ՀՀԿ խմբակցությանը իր` այլ կուսակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ պետական ապարատի հանրապետական ներկայացուցիչներին, ապա այդտեղ պայմանականորեն կարելի է առանձնացնել "ռուսամետ", "կենտրոնամետ" եւ "արեւմտամետ" թեւերը:
Այսինքն` ունենք ներքին քաղաքական դաշտ, որը բաժանվում է ոչ թե ըստ իշխանամետության կամ ընդդիմադիր լինելու, այլ ավելի շուտ աշխարհաքաղաքական կողմնորոշման սկզբունքով: Եվ, ի դեպ, ընդդիմությունն էլ մեծամասամբ ծայրահեղական չէ, ծայրահեղականները հիմնականում լցվել են Ժիրայր Սէֆիլյանի կառույց, ոմանց փորձում է հավաքագրել, եւ արմատական ընդդիմության նոր լիդեր դառնա Նիկոլ Փաշինյանը: Իսկ ծայրահեղականության կամ չափավորության շուրջ բանավեճի արդյունքում "Ժառանգություն" կուսակցության պառակտումն արդեն իսկ փաստ է:
Հիմա չափից ավելի շատ խոսվում է մայիսին Ռիգայում կայանալիք "Արեւելյան գործընկերության" գագաթնաժողովի մասին: Ոմանք բարբառում են անգամ այդտեղ դեպի Եվրոպա կտրուկ շրջադարձ կատարելու մասին, իսկ Եվրահանձնաժողովը իր տարածած հաշվետվությամբ նույնիսկ մեծ հույսեր է կապում, որ իբր Հայաստանը կընդունի համասեռամոլների պաշտպանությունն ու "ընտանեկան բռնության դեմ" օրենսդրությունը: Սակայն, ինչ վերաբերում է առաջինին, ապա ՀՀ իշխանությունը ամենեւին էլ նման չէ ինքնասպանների ակումբի, որպեսզի խաղա անկանախատեսելի ռեալ ընդվզումներով հղի ԼԳԲՏ եւ ֆեմինիստական խաղեր: Համ էլ, լավ էլ գործում է ԵՏՄ աշխարհաքաղաքական հովանոցը, եւ ընթանում է հակառակ գործընթացը: Այսպես, կառավարության վերջին նիստին ներկայացված փաստաթղթերը, որոնք վերաբերում էին տղամարդկանց եւ կանանց հավասար իրավունքներին ու հնարավորություններին, խնամքով մաքրված էին գենդերային տերմինաբանությունից, ինչը գրանտածիծ ՀԿ-ների ակտիվիստներին հասցրել է հիսթերիայի:
Ինչ վերաբերում է Ռիգայում որեւէ լուրջ փաստաթուղթ ստորագրելուն, որը կնշանակի կտրուկ շրջադարձ դեպի Եվրոպա, ապա դա հնարավոր է միայն մի դեպքում` եթե Ռուսաստանի հետ պատահի աշխարհաքաղաքական աղետ: Բայց քանի որ պատմության դասերը պարզ ցույց են տալիս, որ ռուսները կործանվելու խասյաթ չունեն, ապա դա նշանակում է, որ այդ տարբերակի հավանականությունը բավականին ցածր է:
Այլ հարց է, թե մինչեւ 2017-ի ԱԺ ընտրությունների նախօրե, ինչպիսի աշխարհաքաղաքական դասավորություն կլինի աշխարհում ու մասնավորապես, մեր տարածաշրջանում: Դա կարող է էապես պայմանավորել, թե խորհրդարանական ինչպիսի իշխող կոալիցիա կձեւավորվի: Դա կարող է լինել "կենտրոնամետների" եւ "ռուսամետների" կոալիցիա, կարող է լինել "կենտրոնամետների" եւ "արեւմտամետների" կոալիցիա, կարող է լինել եւ կոալիցիա, որը պարունակում է բոլոր երեք բաղադրիչները, ինչը քիչ կտարբերվի այսօրվա ՀՀԿ-ից: Սակայն հարկ է նշել, որ իշխանական դաշտում "արեւմտամետները" տիրապետում են զգալիորեն ավելի մեծ քարոզչական եւ տեղեկատվական ռեսուրսների, քան "ռուսամետները":
Ինչեւէ, ամենեւին չպետք է բացառել, որ այսօրվա ընդդիմադիրների մի մասը կարող է հայտնվել 2017-ի իշխող կոալիցիայում եւ, ընդհակառակը, այսօրվա իշխանական դաշտի մի մասը կարող է դառնալ կառուցողական ընդդիմադիր: Թե ինչպես կլինի` մենք Նոստրադամուս չենք` կանխատեսում անելու համար, սակայն մի բան պարզ է` հեղաշրջումների եւ մայդանների հավանականությունը մոտ է զրոյի, եւ խոշոր ներքաղաքական ցնցումներ դժվար թե լինեն, եթե, իհարկե, մեր երկրի գլխին չկոտրվեն աշխարհաքաղաքական աղետները:

ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԴԱՇԻՆՔ

Այն, որ ՀՀ նախագահը այդքան մեծ կարեւորություն տվեց հեռավոր Չինաստան կատարված պետական այցին, ամենեւին էլ պատահական չէ: Ֆիզիկական տնտեսագիտության չափանիշներով, այսինքն` իրական տնտեսությամբ, Չինաստանն առաջինն է աշխարհում, իսկ 2020-ին առաջինն է լինելու եւ դասական "մոնետարիստական" տնտեսագիտության չափանիշներով: Եվ այդ գերտերությունն ունի իր շահերը մեր տարածաշրջանում: Իզուր չէ, որ մեկնաբանելով այդ այցը, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը մատնանշեց, որ Չինաստանը կարող է դառնալ մեր տնտեսության եւ ենթակառուցվածքների համար ներդրումների անսպառ աղ բյուր, մասնավորապես, նաեւ զարկ տալ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը: Բայց եղան նաեւ խանդի տեսարաններ` զորօրինակ, արեւմտամոլ Ստյոպիկ Սաֆարյանը չինական այցի կապակցությամբ` մեր երկրին անվանեց "պուտանկա պետություն": Դե պարզ է, նա երազում է, որ Հայաստանը հարաբերվի բացառապես իր սիրած անգլոսաքսերի հետ, եւ նրա բրիտանամոլ ուղեղում չի տեղավորվում, թե ինչպես կարելի է անվտանգության հարցերում դաշնակից ունենալ Ռուսաստանին, իսկ տնտեսական ներդրումներ բերել Չինաստանից` Արեւմուտքի հետ պահպանելով սոսկ ոչ թշնամական հարաբերություններ: Սակայն, այժմ բուն այցի մասին: Գործարկվել են բազում միջպետական փաստաթղթեր` մեկ տասնյակից ավել, որ վերաբերում են տարբեր ոլորտներին ու կրում են միջկառավարական եւ միջգերատեսչական բնույթ: Բայց ամենակարեւորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը ստորագրել են 12 կետանոց "Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման մասին" համատեղ հռչակագիր:
Իսկ այժմ բուն կետերի մասին: Ըստ երկրորդ կետի. "Հայկական կողմը հաստատում է մեկ Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, հանդես է գալիս որեւէ ձեւով "Թայվանի անկախության" դեմ, վերահաստատում է, որ Թայվանի հետ որեւէ պաշտոնական կապ չի հաստատում, աջակցում է Թայվանյան նեղուցի երկու ափերի միջեւ հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաեւ երկրի միավորմանն ուղղված` Չինաստանի կառավարության բոլոր ջանքերին` համարելով, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը` Չինաստանի ներքին գործը": Միաժամանակ "Չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների եւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն": Եվ ինչը շատ կարեւոր է, այդ նույն կետով Հայաստանն ու Չինաստանը պարտավորվում են իրար դեմ որեւէ քայլեր չանել. "Կողմերը կրկին հայտարարում են, որ չեն մասնակցում որեւէ միությունների կամ դաշինքների, որոնք ուղղված են Կողմերից որեւէ մեկի ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության դեմ, չեն ձեռնարկում ցանկացած նման գործողություն, ներառյալ` երրորդ կողմի հետ նման պայմանագրերի կնքումը, թույլ չեն տալիս իրենց տարածքում այնպիսի կազմակերպությունների եւ խմբավորումների ստեղծում, որոնք վնաս են հասցնում մյուս Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը, ավելին` արգելում են դրանց գործունեությունը իրենց տարածքում: Կողմերը լիովին սատարում են, սեփական իրողություններից ելնելով, երկու երկրների ժողովուրդներից յուրաքանչյուրի ընտրած զարգացման ճանապարհը, հաստատում են աջակցությունը մյուս Կողմի ջանքերին` ուղղված պետական անկախության, ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության ամրապնդմանը, սոցիալ-քաղաքական կայունության ապահովմանը եւ ազգային տնտեսության զարգացմանը": Այլ կետերով սահմանվում է խորացված համագործակցություն` գործնականում բոլոր ոլորտներում, եւ չորրորդ կետում առկա է չինական ներդրումների մասին կարեւորագույն դրույթը. "Չինական կողմը խրախուսում եւ աջակցում է իր ձեռնարկություններին` Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ անելու եւ ձեռնարկություններ ստեղծելու հարցում` իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա եւ առեւտրային օրինաչափություններին համապատասխան եւ, ելնելով տնտեսական եւ տեխնիկական նպատակահարմարությունից եւ հնարավորությունից, կմասնակցի այնպիսի բնագավառներում կառուցմանն ու զարգացմանը, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տրանսպորտը, էներգետիկան, կապը, առողջապահությունը, ենթակառուցվածքները եւ այլն, ինչպես նաեւ հայկական Կողմին հետագա հնարավոր աջակցություն կցուցաբերի` ժողովրդի բարեկեցության բարձրացման համար կարեւոր նախագծերի իրականացման հարցում": Նույն կետում ներառված է եւ հայկական դրամի ու չինական յուանի ազատ փոխանակումը. "Կողմերը պատրաստ են հանգամանորեն քննարկել ֆինանսական համագործակցության զարգացման հարցը, ներառյալ` ազգային արժույթների փոխադարձ փոխանակումները, գտնել ֆինանսավորման ճկուն եւ բազմազան մեթոդներ եւ ֆինանսական աջակցություն տրամադրել համագործակցության կարեւոր նախագծերին": Իսկ թե ինչին է հատկապես ուղղված տնտեսական համագործակցությունը, ապա. "Կողմերը նշեցին, որ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ ստեղծման նախաձեռնությունը նոր պատմական հնարավորություններ է ընձեռում երկու երկրների բազմակողմ համագործակցության համար: Կողմերն ակտիվորեն կաշխատեն արդեն կնքված համաձայնագրերի իրականացման ուղղությամբ, համատեղ ջանքերով առաջ կտանեն Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագիծը` երկկողմ համագործակցության նոր լայն հեռանկարներ բացելով":
Այսինքն` մեր երկիրը ստանալու է ներդրումներ եւ ճանապարհներ, դոլարային կախվածությունից կտրվելու նոր հնարավորություն, արտաքին քաղաքականությունում ունենալու է Չինաստանի աջակցությունը: Իսկ Չինաստանը շահագրգռված է աշխարհի քարտեզի վրա հազիվ երեւացող Հայաստանով, այն պատճառով, որ մենք աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական հանգույց ենք եւ խաչմերուկ: Խոշոր հաշվով, այդ այցը եւ կնքված համաձայնությունները իրոք կարելի է անվանել չնաշխարհիկ` այն իմաստով, որը հիշատակել ենք նյութի սկզբում, ու ինչու չէ, նաեւ այդ բառի արդի իմաստով:  

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ