"ՄԵՂԱՎՈՐԸ" ԷԺԱՆ ԳԱԶ ՎԱՃԱՌՈՂ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆ Է
Արխիվ 12-16Ավելի քան մի ամիս առաջ ընթերցողի ուշադրությունն էինք հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի տարբեր հատվածների գազալցակայաններում գազը վաճառում են որեւէ տրամաբանության չենթարկվող իրարից տարբերվող գներով: Մասնավորապես, եթե Արմավիրում ավտոմեքենաները կարելի է լիցքավորելª 1 խմ գազի համար վճարելով 130-140 դրամ, ապա Աշտարակի շրջակայքում գինը մոտ 170 դրամ է, իսկ Երեւանումª 200:
Այն, որ գների մոտ 50 տոկոսանոց տարբերությունը, մեղմ ասած, աննորմալ է եւ հուշում է, որ թանկ գնով վաճառողները պարզապես գերշահույթներ են ստանում, թերեւս որեւէ մեկը չկասկածի: Բայց պարզվում է, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ¥ՏՄՊՊՀ¤ նախագահ Արտակ Շաբոյանը, որն այս օրերին արդեն հասցրեց քանիցս նշել, թե մրցակցային առումով Հայաստանում ամեն բան տեղին է, նշված հարցով եւս "իր բարձունքին" գտնվեց: Ամեն դեպքում, ի պատասխան մեր հարցին, թե ինչ վիճակում է այս թեման ¥ժամանակին հանձնաժողովից մեզ տեղեկացրել էին, որ մեր հրապարակումների հետքերով ուսումնասիրություններ կանեն¤, պարոն Շաբոյանը բավականին "տարօրինակ" պարզաբանումներ տվեց.
- Բնականաբար այս ոլորտում կան բազմաթիվ տնտեսվարողներ, եւ շատ տրամաբանական է, որ պետք է գները տարբեր լինեն: Գնագոյացման վրա բազմաթիվ գործոններ ազդում եւ, էլի եմ կրկնում, գները նույնը չպետք է լինեն: Ընդհակառակը, եթե գները նույնն են լինում, այդ դեպքում հնարավոր է, որ հակամրցակցային համաձայնության ինչ-որ էլեմենտներ պարունակեին:
Պահո. բայց չէ՞ որ ողջ Հայաստանով մեկ, օրինակª բենզինի գները նույնն են: Ուրեմն ինչո՞ւ պարոն Շաբոյանն այստեղ "հակամրցակցային համաձայնության ինչ-որ էլեմենտներ" չի տեսնում: Առավել եւս, որ բենզին բերող տարբեր ընկերություններ կան, ինչը նշանակում է, որ գնային "գնագոյացման վրա ազդող բազմաթիվ գործոններ" իրոք պետք է լինեն: Այլ հարց է, թե գազալցակայաններում վաճառվող գազի հետ կապված այդ որտեղի՞ց պետք է նման գործոններ ծլեն. գինն այստեղ հիմնականում ձեւավորվում է բնական գազի եւ էլեկտրաէներգիայի հաշվին, որոնք բոլոր գազալցակայանների համար էլ նույնն են: Մյուս ծախսերը սրանց համեմատ խղճուկ են եւ գնագոյացման վրա մի քանի տոկոսից ավելի չեն կարող ազդել: Բայց եթե պարոն Շաբոյանն այստեղ տեսնում է "գնագոյացման վրա ազդող բազմաթիվ գործոններ", ուրեմն դա արդեն իսկ ակնարկ է, որ այս հարցով եւս ՏՄՊՊՀ-ից պետք է հույսներս կտրենք: Առավել եւս, որ շարունակելով խոսքըª Ա. Շաբոյանը նաեւ ասաց.
- Ինչ վերաբերում է Ձեր կողմից թերթում բարձրացված խնդրին` մասնավորապես Արմավիրի գազալցակայանների հետ կապված, ապա պետք է ասեմ, որ այդ ուղղությամբ մենք ուսումնասիրություններ ենք կատարում: Ներկայումս ուսումնասիրություններն ընթացքի մեջ են եւ Արմավիրի մարզի բոլոր ԱԳԼՃԿ-ներից գնագոյացման հաշվարկներ ենք պահանջել եւ տեղեկատվությունն է ուսումնասիրվում, որպեսզի հասկանանք. միգուցե նաեւ դեմպինգային քաղաքականություն է իրականացվում: Իսկ մնացածի առումով, բնականաբար հարյուրավոր տնտեսվարողներ կան այս ոլորտում եւ հակամրցակցային համաձայնության գալն ամեն դեպքում քիչ հավանական ենք համարում: Կոնկրետ փաստեր են անհրաժեշտ:
Հրաշալի է. միանգամից "մտածել են", որ եթե Արմավիրի շրջակայքում գազն էժան է, ուրեմն հենց նրանք էլ մեղավոր են: Միայն թեª այդ ո՞ւմ դեմ արմավիրցիները պետք է փոքր երթեւեկություն ունեցող ճանապարհներին դեմպինգ անեին, երեւանյան գազալցակայանների՞. ծիծաղելի կլիներ: Այլ հարց է, թե ինչո՞ւ ՏՄՊՊՀ-ի մտքով չի անցել, որ ոչ թե Արմավիրում է դեմպինգ, այլ Երեւանում են գերշահութաբեր գներ, որ գոնե երեւանյան գազալցակայաններից էլ "գնագոյացման հաշվարկներ պահանջեին"...
Մի խոսքովª ամեն ինչ այնքան "տարօրինակ" էր, որ մի պահ նույնիսկ մտածեցինք, թե ճի՞շտ ենք հասկացել պարոն Շաբոյանին: Ուստիեւª շարունակեցինք հարցերը.
- Ձեր ցանկացած փաստերից չէ՞, որ մայրաքաղաքի բոլոր գազալցակայններում գազի գինը 200 դրամից չի իջնում, իսկ մարզերում այն հասնում է 130-140 դրամի:
- Համաձայն եմ, մենք էլ ենք դիտանցում իրականացրել եւ մեր դիտանցման արդյունքում պարզել ենք, որ` այո, Դուք ճիշտ եք, բավականին ցածր գներ կան: Այս պահին գնագոյացման հաշվարկներ են կատարվում` կոնկրետ Ձեր նշած խնդրով զբաղվում ենք: Իսկ առհասարակ, գները բնականաբար, պետք է տարբեր լինեն...
- Ամբողջ հարցն այն է, որ այս դեպքում գները հեչ մոտ չեն:
- Դե, դրա համար այս պահին չեմ կարող վերջնական արդյունք ասել, այդ գործընթացը ընթացքի մեջ է: Մայրաքաղաքում տասնյակ ԱԳԼՃԿ-ներ կան եւ այս տեսանկյունից շուկան մրցակցային է հանդիսանում:
Բայց մի՞թե Արմավիրում եւս տասնյակ գազալցակայաններ չկան, որ միանգամից, այն էլª չգիտես` ինչ հիմքով ՏՄՊՊՀ նախագահը դեմպինգից է խոսում: Եվ, երկրորդը. մայրաքաղաքում գազալցակայաններ, ճիշտ է, կան: Բայց նաեւ կան ցանցեր, որոնց հետեւելով էլª մյուսները գին են հաստատում: Եվ այն, որ մայրաքաղաքում իրականում է գերշահութային գին, հաստատում է թեկուզեւ այն, որ Երեւանից դուրս գալուն պես գազի գինը միանգամից 200-ից դառնում է 170 դրամ...
Բայց չէ, տրամաբանություն փնտրելը դադարեցնենքª մեղավորն արմավիրցիներն են. թե ձեզ ո՞վ է թողել` խելքին մոտ գնով գազ վաճառել, որ թանկ վաճառողների վրա խոսակցություն բերեք: Ա՛յª հիմա ձեզ ՏՄՊՊՀ-ն մի լավ խելքի կբերի, ու միանգամից կմոռանաք էժան գնով ապրանք վաճառելու մասին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
