ՏՄՊՊՀ-Ն ԳՈՐԾԵԼ Է ԻՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՈՒՂԻՂ ՀԱԿԱՌԱԿ
Արխիվ 12-16ՈՒՂԻՂ ՀԱԿԱՌԱԿ
ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացրած ծրագրի հետ կապված` հարակից զեկուցող ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին մի քանի հարց ուղեց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը.
"1. ՏՄՊՊՀ-ին տրամադրում են հսկայական բյուջետային հատկացումներ, աշխատակազմ, մեքենաներ եւ այլն (շուրջ 300 միլիոն դրամ- խմբ.): Ինչպիսի՞ն է տրամադրվող բյուջետային գումարների դիմաց էֆեկտիվությունը` բա՞րձր, ցա՞ծր, թե` բավարար:
2. Արդյոք հանձնաժողովում քննարկվե՞լ է Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի զեկույցը, որտեղ նա ներկայացնում է հանձնաժողովում առկա թերություններն ու խնդիրները: Ընդ որումª բավականին լուրջ թերություններ են առաջ քաշվում, ինչը Կ. Անդրեասյանը հնչեցրել է ԱԺ ամբիոնից: Մասնավորապես, որ հանձնաժողովի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձեւավորմանը: Այսինքն, ըստ ՄԻՊ-ի` ստացվում է, որ ՏՄՊՊՀ-ն աշխատել է իր ֆունկցիայի ուղիղ հակառակ ուղղությամբ:
3. Այն, որ շարունակում է ցածր մնալ հանձնաժողովի նկատմամբ ցածր վստահությունը, ինչի մասին են վկայում հանձնաժողովին ներկայացված ընդամենը 68 բողոքները, քննարկվե՞լ են, թե ինչում է կայանում խնդիրը":
Պարոն Մելքումյանը նշեց, որ հարցերը տարողունակ էին եւ բարձր հնչեղություն ունեցող, բայց այդպես էլ որեւէ հարցի կոնկրետ պատասխան չտրվեց: Ասենք, թե ի վերջո ինչպես է գնահատում առհասարակ հանձնաժողովի աշխատանքը: Միայն համաձայնեց, որ իսկապես հանձնաժողովն ունի այնպիսի պրակտիկա, որ, օրինակ, նույն խախտման համար մի ընկերության նշանակում է 5 միլիոն, մյուսինª 200 միլիոն դրամ տուգանք:
Բայց չէ՞ որ նույն բանի համար այդքան տարբերվող տուգանքներ նշանակելու հնարավորությունն արդեն իսկ չարաշահումների համար լայն դուռ է բացում: Ուստիեւ արձագանքելովª Հ. Բաբուխանյանը ստիպված եղավ երկրորդ անգամ հստակեցնել հարցըª ասելով, որ, ՄԻՊ-ը գտնում է, որ հանձնաժողովի օրենքում նախատեսված չափազանց լայն հայեցողության հետեւանքով, միեւնույն կամ նման խախտում կատարած ընկերությունների նկատմամբ տուգանքի չհիմնավորված տարբեր չափեր են նշանակվում: Արդյունքումª հանձնաժողովում կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձեւավորմանը. "Հիմա Դուք գտնում եք, որ չափազանց լա՞յն են հանձնաժողովի հնարավորություները, որը օրենքով տվել է ԱԺ-ն, եւ արդյոք ԱԺ-ն հիմա դրանք "նեղացնելու" խնդի՞ր ունի, թե ընդհակառակը` պետք է ընդլայնի հանձնաժողովի իրավասությունները":
Մելքումյանն էի ի վերջո նկատեց, որ այո, գտնում է, որ կամայականությունը բարձր է, եւ պետք է շատ հստակ նշվի, թե որ դեպքում հանձնաժողովն ինչ պետք է անի, ինչ տուգանք նշանակի. "Մեր մտահոգությունն այն է, որ օրենքում պետք է հստակություն մտնի":
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
