ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆ. «ՈՐՔԱՆ ՏԵՂՅԱԿ ԵՄ` «ՓԵՍԱՅԻ ՊԱՐԸ» ՈՉ ՈՔ ՉԻ ԵՐԳԵԼ, ԵՐԵՎԻ ԵՍ ԵՐԳԵՄ»
Արխիվ 12-16ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆ. «ՈՐՔԱՆ ՏԵՂՅԱԿ ԵՄ` «ՓԵՍԱՅԻ ՊԱՐԸ» ՈՉ ՈՔ ՉԻ ԵՐԳԵԼ, ԵՐԵՎԻ ԵՍ ԵՐԳԵՄ»
Ժողովրդական երգիչ ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ վերջերս իր հանդիսատեսին ներկայացավ նոր տեսահոլովակով: «Դլե յաման» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը երգիչը նվիրել է լուսահոգի Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին: «Իրավունքի» հետ զրույցում երգիչը խոսելով իր տարբերակով ներկայացրած «Դլե յաման» երգի տեսահոլովակի մասին ստացած արձագանքներից, ասաց, որ այդքան էլ այն իրեն չի գոհացնում.
- Արված գործի գաղափարական բովանդակության եւ իր ծավալի համեմատ իմ սպասածից քիչ թույլ էր , որովհետեւ այս գործի մեջ այն թիմային աշխատանքը, որ կատարվել էր, պիտի ավելի մեծ արդյունք տար:
- Գուցե դա կապված է երգի «ծանր» լինելու հե՞տ:
- Երեւի թե Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա , թեեւ կան նաեւ մի քանի այլ պատճառներ: Նախ` մարդիկ սովորել են լսել «թեթեւ» երաժշտություն, որոնք մատուցվում են հիմնականում կոմերցիոն նպատակներով, ինչը եւ բերում է դժվարություններ` արվեստի գործեր ներկայացնելու դեպքում:
- Ի սկզբանե գիտեի՞ք , որ փող չեք աշխատելու այդ երգով:
- Միանշանակ վստահ էի, բայց դա ինձ չխանգարեց , որ գեղեցիկ ու մնայուն գործ ունենալու համար ներդնեմ բավականին լուրջ գումարներ:
- Երեւի մեծ զրոներով:
- Պրեմիերայից հետո կարծիքները հակասական բնույթ ունեին, սակայն ես մնում եմ նույն համոզմունքին , որ պետք էր այդ ստեղծագործության վրա ծախսվեին այդ մի քանի զրոներով գումարները:
- Երգիչները փող աշխատելու հույսով երգում են «Հարսանիք է լինելուե, «Հայրիկ», «Մայրիկ», «Քավոր» կամ էլ «Ծնունդդ շնորհավոր»: Դո՞ւք ինչու ընտրեցիք «Դլե յամանը»:
- Որքան տեղյակ եմ «Փեսայի պարը» ոչ ոք չի երգել , երեւի ես երգեմ. (Ծիծաղում է,- Հեղ.): Իսկ եթե լուրջ, ապա յուրաքանչյուր երգիչ իր պատմության մեջ պիտի ունենան կատարումներ , որոնք կհիշեցնեն իր ազգային պատկանելիության մասին, որը իմ կարծիքով յուրաքանչյուր կատարողի առաքելությունն է: Դեմ չեմ , որպեսզի լինեն նաեւ կոմերցիոն բնույթի երգեր , բայց ոչ այնքան, որ դառնա բարեկեցիկ կյանքի նպատակ: Հասկանում եմ` առանց դրանց էլ հնարավոր չէ :
- Ինչպե՞ս եք վերաբերվում «Ա»-երով վերջացող երգերին` կորել ա , եկել ա...
- Ինքս չեմ երգի, բայց երգողներին էլ չեմ քննադատում:
- Իսկ առաջիկայում ինչ ծրագրեր ունեք:
- Ապրիլի 4-ին կմեկնեմ ՌԴ ` 7 քաղաքներում համերգներ ունենք , իսկ ապրիլի վերջում կամերային երգչախմբի հետ Շվեյցարիա` կրկին համերգային շրջագայության: Արդեն մայիսին նախատեսված է նոր տեսահոլովակի նկարահանում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
