ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ «ՀԱԼԱԾՈ՞ՒՄ Է» ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ ԽԶԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ «ՀԱԼԱԾՈ՞ՒՄ Է» ԲՀԿ
ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ ԽԶԱԾ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
«Իրավունքի» տեղեկություններով` ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ խմբակցության հետ կապերը խզած պատգամավորներին կանգնեցրել է երկընտրանքի առաջ: Կամ նրանք շարունակում են ԲՀԿ-ի որդեգրած քաղաքական գիծը, կամ վայր են դնում իրենց մանդատը: Նաիրա Զոհրաբյանը, ըստ մեր տեղեկությունների, չի ցանկանում հաշտվել այն մտքի հետ, որ պատգամավորները ԲՀԿ-ի շնորհիվ կարող են վայեյել պատգամավորական մանդատը: Դրա վառ վկայությունը տիկին Զոհրաբյանի հարցազրույցն էր «Հայկական ժամանակ» թերթին, որտեղ նա ասել էր. «ԲՀԿ այն պատգամավորները, ովքեր տարակարծություններ ունեն ԲՀԿ-ի որդեգրած քաղաքականության վերաբերյալ՝ դուրս են եկել ԲՀԿ-ից, բայց չգիտես ինչու՝ համառորեն շարունակում են մնալ խմբակցության անդամ»:
Լուրերի իսկությունը «Իրավունքը» պարզեց` ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից: Վերջինս, նախ հորդորեց հարցն ուղղել ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին: Երբ Վահե Էնֆիաջյանին ասացինք, որ հարցը կուսակցությանն է վերաբերում, Վահե Էնֆիաջյանն ասաց. «Մենք մեր գործընկներների հետ փոխադարձ հարգանքի մթնոլորտում աշխատել ու աշխատելու ենք: Մեր խմբակցությունում բոլոր այն հարցերը, որոնք քննարկվում են, նաեւ հրապարակային են, իսկ այն, ինչ մեր խոհանոցային գործառույթներ են, մեր խոհանոցային գործառույթներ են: Կրկնում եմ` մեր մեջ կա փոխադարձ հարգանք»:
Ըստ էության, ԲՀԿ խմբակցության քարտուղարը չհերքեց մեր տեղեկությունները, պարզապես դրանք համարեց կուսակցության խոհանոցային գործառույթներ: Իսկ արդյոք Նաիրա Զոհրաբյանը կկարողանա վերջնականապես վռնդել կուսակցության համամասնական ցուցակով ԱԺ անցած եւ մանդատի քաղցրությունը վայելող դե ֆակտո ԲՀԿ պատգամավորներին, ցույց կտա ժամանակը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
