ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՄԻ ԴՊՐՈՑԻ ԼՈԲԲԻ՞ՍՏ
Արխիվ 12-16ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՄԻ ԴՊՐՈՑԻ ԼՈԲԲԻ՞ՍՏ
Վերջերս բավականին տհաճ խոսակցությունների մեջ ընկավ Երեւանի Պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Բանն այն է, որ Արամ Սիմոնյանը եւ իր մտերիմներից մեկը` ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանը, ինչպես նաեւ` պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը սկսել են զբաղվել «Այբ» կրթահամալիրի ակտիվ լոբբինգով: Անգամ ռեկտորը իր շքախմբի հետ օրերս այցելել է «Այբ» դպրոցը, որից հետո գովեստի խոսքեր չի ափսոսել: Սակայն կրթության ոլորտի բազմաթիվ մասնագետներ չեն կիսում ԵՊՀ ռեկտորի ոգեւորվածությունը: Թե՛ համալսարանի բազմաթիվ մասնագետներ, թե՛ Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովի պատգամավորներ, թե՛ հենց հանրակրթական համակարգի բազմամյա փորձ ունեցող տնօրեններ եւ ուսուցիչներ դեռեւս դժվարանում են հասկանալ, թե ինչով է այդ դպրոցը դարձել վերին արտի ցորեն: Իսկ վերին արտի ցորենը դրսեւորվում է նրանով, որ պետական բյուջեից այդ դպրոցին տրվում են բավականին ծանրակշիռ գումարներ: Դպրոցը ընդամենը երեք տարվա պատմություն ունի ու դեռեւս շատ-շատերի կարծիքով չունի համապատասխան կրթական նվաճումներ ու ծրագրեր, որպեսզի ստանա այլ դպրոցների համեմատ առնաձնահատուկ վերաբերմունք: Իսկ թե ինչո՞ւ է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իր համալսարանի բազմաթիվ ու բազմապիսի պրոբլեմները թողած զբաղվում «Այբ»-ի լոբբինգով, դա այլ խնդիր է, որին կանդրադառնանք հետագայում:
