ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մարտի 26-ին, Հովհ. Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց Թուրքմենստանի պետական մշակութային կենտրոնի թանգարանի ընտրանու ցուցահանդեսը: Այն իրականանում է ս.թ. մարտի 24-31-ը Հայաստանում անցկացվող Թուրքմենստանի մշակույթի օրերի շրջանակներում:
Հովհ. Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանն իր եւ ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանի անունից ողջունեց ներկաներին ու մեծարգո հյուրերին՝ Հայաստանում Թուրքմենստանի դեսպան պարոն Մաշալո Մուխոմմեդ Նիյազին, Թուրքմենստանի մշակույթի փոխնախարար տիկին Բախարգուլ Աբդիեւա Կուրբանովնային եւ վստահեցրեց, որ Աշխաբադից Երևան հասած մշակութային ուղերձն այս օրերին հաջողությամբ կիրականացվի Հայաստանում:
«Ես վստահ եմ, որ ցուցադրվող աշխատանքներից բացի, մեր գործընկերներն իրենց հետ բերել են մեծն փիլիսոփա և բանաստեղծ Մախթում Կուլիի իմաստնությունը, ախալթեքինյան լեգենդար երիվարի աչքերի կապույտն ու ոսկե սրարշավը Կարա-Կումի ավազն ի վեր եւ սքանչելի երգչուհի, Թուրքմենստանի ժողովրդական արտիստ Ալթին Գոշաևայի երգի պատառիկը»,-նշեց ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԸ:
Պատվիրակության կողմից ողջույնի խոսքով ելույթ ունեցավ և ջերմ հյուրընկալության համար շնորհակալություն հայտնեց Աննաջախան Կարաջաեւա Ակմուրադովնան:
Թուրքմենական պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ մշակույթի փոխնախարար պարոն Ներսես Տեր-Վարդանյանը:
Թուրքմենստանի ժողովրդական եւ դեկորատիվ-կիրառական արվեստը ներկայացնող ցուցանմուշներից /ազգային տարազ, գորգ, արծաթյա զարդեր/ բացի, ցուցահանդեսում ներառված են նաև թուրքմեն անվանի գեղանկարիչների ստեղծագործություններից:
Բացման արարողության ընթացքում Թուրքմենստանից բերված թանգարանային նմուշներին ավելացան նաև ազգային երաժշտության հնչյունները՝ թուրքմեն երաժիշտները հնչեցրին ազգագրական եւ ժողովրդական երգեր: Իսկ բազմերանգ տարազներով գեղեցիկ թուրքմենուհիները հյուրասիրեցին ներկաներին իրենց ազգային «պիշմե» կոչվող բլիթով:
Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մարտի 29-ը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
