Բաց նամակ Ռեջեփ Թաիփ Էրդողանին. «ՁԵՐ ԱԶԳԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿԳՈՅԱՏԵՎԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԽԱՐԱՆՈՎ»
Արխիվ 12-16Բաց նամակ Ռեջեփ Թաիփ Էրդողանին. «ՁԵՐ ԱԶԳԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿԳՈՅԱՏԵՎԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԽԱՐԱՆՈՎ»
Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հույների «ՊԱՏՐԱԴԱ» կազմակերպության նախագահ, քաղաքական-կրոնական եւ ազգային խմբերի` Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար, վերլուծաբան ԷԴՈՒԱՐԴ ՊՈԼԱՏՈՎԸ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանին բաց նամակ է հղել, որում մասնավորապես ասված է.
«Պարոն նախագահ, զարմանքով իմացանք, որ Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը, որը ձգվել է 1915 թ. մարտից մինչեւ 1916թ. հունվար, որոշել եք Թուրքիայում նշել ապրիլի 24-ին:
Ամենայն հավանականությամբ Դուք նախատեսում եք մեծ հիացմունք արտահայտել այդ ճակատամարտում խայտառակ պարտություն կրած անգլիացիների, ֆրանսիացիների ու նրանց համակիրների սերունդներին: Բնականաբար, պետք է եզրակացնել, որ ապրիլի 24-ի օրվա ընտրությունը, ոչնչով աչքի չի ընկնում Գալիպոլիի ճակատամարտի պատմության մեջ, ուստի ունի մեն-միակ բացատրություն` այդ օրը աշխարհը նշելու է օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցը, եւ Թուրքիայի Հանրապետությունը պետք է աշխարհին ցույց տա, թե ինքն ունի իր պատմությունը: Այն, որ շարունակվում է Քեսաբում, Ձեր անմիջական մասնակցությամբ. քանի որ Ձեր հովանավորությամբ ռադիկալ իսլամական շարժման զինված ահաբեկչական խմբավորումները` «Ջաբհատ ալ-Նուսրա», «Շամ ալ- Իսլամ» եւ «Անսար ալ-Շամ», 2014թ. մարտի 21-ին Թուրքիայի տարածքից անցան Սիրիա եւ սկսեցին ռազմական գործողություններ` հայաբնակ Քեսաբ քաղաքում եւ հարակից գյուղերում:
Դուք մեկ անգամ չէ, որ հայերին զգուշացրել եք լքել հիշյալ տարածքները. Այն նույն հայերին, որոնց նախնիների մի մասը ցեղասպանությունից փրկվել էր` ապաստանելով Սիրիայում, մյուս մասը արտաքսվել էր թուրքական երեք իշխանությունների կողմից: Հիմա Դուք հայերին առաջարկում եք արտաքսվել, բայց այս անգամ, ոչ թե Թուրքիայից, այլ` Սիրիայից: Ավերվել են ոստիկանական բաժանմունքներ, բնակելի տներ, դպրոցներ, սպանվել ու վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Աճում ու ընդարձակվում է մարդկային իրավունքների խախտման աշխարհագրությունը թուրքական կառավարության կողմից:
Ի դեպ, թուրքական 5-րդ բանակը, որը ջարդուփշուր եղավ` Թուրքիայում գերմանական զինվորական միսսիայի ղեկավար Լիման Ֆոն Սանդերսի հրամանատարությամբ, 1918թ. ցրվեց` Երեւանի մատույցներում փոքրաթիվ հայկական բանակից պարտվելով: Երեւի ամեն ինչ չէ, որ որոշվում է թվով եւ արյունարբուությամբ:
Այնուամենայնիվ, պարոն նախագահ, նույնիսկ ամենադաժան ոճրագործությունը կարող է, եթե չմոռացվել, ապա գոնե ներվել, եթե ոճրագործը գիտակցել է կատարածի ողջ ծանրությունը ու զղջացել է դրա համար: Քրիստոնեության մեջ զղջումը հոգու փրկության հնարավորություն է տալիս, կարծում եմ` իսլամում, որպես հզոր կրոն, եւս այդ հարցը Ղուրանի սուրահներում բավարար չափով արծարծված է:
Մի ամբողջ դար Թուրքիան զղջման հնարավորություն ուներ, բայց նա ոչ միայն հրաժարվում է իր կատարած հրեշային չարագործությունից, այլ նաեւ շարունակում է իրականացնել այն քաղաքականությունը, որը հիմնականում քիչ բանով է տարբերվում Օսմանայն կայսրության քաղաքականությունից: Այն բանից հետո, երբ տանջահարված հայերի, հույների ու այլ ազգերի ոսկորների վրա ձեւավորվեց թուրքական հանրապետությունը, այն փաստորեն, այդպես էլ չկարողացավ տարանջատվել պետական հանցագործներից` էթնիկ հատկանիշների պատճառով զանգվածային սպանությունների կազմակերպիչներից ու իրականացնողներից: Եվ շատ դահիճ-երիտթուրքեր զբաղեցրին բարձրաստիճան պետական պաշտոններ եւ մինչ օրս Թուրքիայի Հանրապետությունում նրանց հիշատակը հարգվում է: Եթե հանկարծ Երրորդ Ռեյխի վերնախավն ավարտեր իր կարիերան ոչ թե դատապարտյալի աթոռին` Նյուրնբերգում, այլ սկսեր կառավարել պարտված Գերմանիան, մինչեւ օրս վայելելու էր հայրենակիցների հարգանքն ու սերը: Բնական է, որ պատմության նկատմամբ նման մոտեցմամբ Թուրքիան չէր կարող յոլա գնալ առանց խոշոր ձեւախեղումների, որպեսզի մաքրի /ճերմակացնի/ իրեն:
Դեռեւս 1933թ Քեմալ Աթաթուրքի հրամանով հրապարակվեց օրենք «Թուրքական պատմական ընկերակցություն», որի կազմի մեջ ընդգրկվել էին կողմնակալ թուրք եւ օտարերկրացի պատմաբաններ: Նրանց հանձնարարված էր մաքրել արխիվները, փոխել հինը եւ ստեղծագործել այլ ժողովուրդների նոր պատմությունը, որոնք ապրել են օսմանյան սրի ներքո: Իհարկե, արխիվները կարելի է մաքրել, իսկ ինչպես բացատրել թուրքական տարածքներից միլիոնավոր հայերի, հույների ասորիների անհետացումը: Մի՞թե այդ ժողովուրդները ինքնակամ որոշել են լքել իրենց հայրենիքը, տներն ու տաճարները: Հենց նրանց անհետացումը ցեղասպանության փաստի աղաղակող ապացույցն է: 1913-1923թթ Հայերի ցեղասպանությունն ընդունելուց հրաժարվելը կառավարությանը եւ թուրք ժողովրդին հանում է համաշխարհային համաձայնությունից` /կոնսենսուսից/ կապված մարդկության դեմ հանցագործության հարցի հետ: Դուք խորհուրդ եք տալիս մոռանալ եւ այն ու չակտիվանալ: Մեր նախահայրերը փորձեցին մոռանալ եւ Թուրքիային վերաբերվել որպես իրենց հայրենիքի, բայց իրենց պարբերաբար հիշեցնում էին ցեղասպանություններով, եւ յուրաքանչյուր հաջորդն ավելի ահավոր էր:
Դուք հաստատում եք, որ այսօրվա թուրք ժողովուրդը այդ մասին ոչինչ չգիտի եւ չի հիշո՞ւմ: Իրապես, որտեղի՞ց իմանան, եթե պատմական արդարությունը հետապնդվում է օրենքով, թուրքական պատմության դասագրքերում այդ մասին չի ասվում, իսկ եթե ասվում է, ապա այնպիսի խեղաթյուրումներով, որ զոհն ու հանցագործը փոխատեղված են: Թվում է, թե սուտը հաղթանակել է, եթե կտրենք ճշտի ճամփան: Բայց ո՛չ: Այդպես չի լինում, եւ վաղ թե ուշ հանցագործությանը հետեւում է պատիժը:
Ոմանց թվում է, թեեւ Թուրքիայի Հանրապետությունը ցեղասպանությունից հրաժարվում է, բայց այն բավականին քաղաքակիրթ է ու մարդկության համար վտանգ չի ներկայացնում: Սակայն դժբախտաբար, իրականությունը լավատեսության հիմքեր չի տալիս: Մասնակցելով թուրքական NTV ալիքի հեռուստահաղորդումներից մեկին, Դուք Ձեր նախընտրական քարողչության շրջանակներում անդրադարձաք թուրքական հասարակության մեջ շրջանառվող Ձեր Էթնիկ ծագման հարցին. «Կիլիչդարոգլու /Кылычдароглу/ դու ալեւիտ ես, ես` սուննի, ասա այդ մասին: Դեմիրթաշ, դու՛ զազա ես: Մի վախեցիր դա ասելու»: Արդեն լավ է, որ Դուք առաջարկում եք չվախենալ ու ասել, թե Թուրքիայի Հանրապետությունում կան ոչ թուրքեր: Բայց հետոն ահավոր է. «Ինչ ասես չեն ասել իմ ծագման մասին, ինձ վիրավորել են, կոչել են վրացի, բայց որ ամենավատն է, կներե՛ք, ինձ նույնիսկ հայ են կոչել: Այնուամենայնիվ ես կասեմ, որ իմացել եմ իմ ծնողներից, ես թուրք եմ»: Մի քանի տարի առաջ այդ նույն NTV հեռուստաալիքին տրված հարցազրույցում Դուք խոսել եք այն լուրերի մասին, թե իբր Դուք ունեք հունական եւ հրեական արմատներ: Եվ ներողություն եք խնդրել, որ ուղղակի նշել եք այդ ժողովուրդներին:
Նույնիսկ թուրքական կայքերը որոշակի լարվածությամբ վերաբերվեցին իրենց առաջնորդի հայտարարությանը: Եթե հիշենք, որ Աբդուլլա Գյուլը եւս ժամանակին վիրավորական համարեց իր մոր հայուհի լինելու փաստը, ուրեմն պարզ է դառնում վերին օղակներից սկսած` թուրքական հասարակությանը վերագրվող կատաղած ազգայնականության պատկերը:
Այսպիսով, Թուրքիայում լինել հայ, վրացի կամ հրեա, վիրավորական է:
Պարոն նախագահ, իսկ եթե հանկարծ պարզվի, որ Դուք հայ եք կամ հույն: Ձեր նախահայրերը կարող էին բռնի մահմեդականացված լինել` իրավիճակ, որն ի դեպ, Թուրքիայում շատ տարածված է: Այդ դեպքում թուրքական հայտնի լոզունգը. «Երջանիկ է նա, ով կարող է ասել իր մասին` ես թուրք եմ», արդեն Ձեզ համար չէ: Այդ դեպքում, ի±նչ անել: Բանն այն է, որ ո՛չ հայերը, ո՛չ հույները, ո՛չ էլ վրացիները ուրախ չեն լինի, եթե պարզվի, որ Թուրքիայի նախագահն իրենց ազգակիցն է: Քանի որ Ձեր` ֆաշիզմով պարուրված չափազանց ազգայնամոլ հայացքը, պատիվ չի բերի ո՛չ հայերին, ո՛չ հույներին, ո՛չ էլ վրացիներին:
Աստծո առաջ հավասար լինելու գաղափարին հասնելու համար, դժբախտաբար, Դուք դեռ պիտի շատ աճեք: Հենց վանող ազգայնականությունն է պատճառը` շատ հայտնի մարդկանց կողմից թուրքերի նկատմամբ նեգատիվ վերաբերմունքի: Բացառված չէ, որ հենց Ձեր բացահայտ ազգայնամոլությունն իր դերն ունեցավ, եւ հենց Ձեր մեղքով էր, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը դիմեց ՀՀ խորհրդարանին`առաջարկելով հետ կանչել հայ-թուրքական պրոտոկոլները: Դժվար է գործ ունենալ մի երկրի հետ, ուր նախագահը վիրավորական է համարում հնարավոր պատկանելությունը հնագույն ազգերից որեւէ մեկին, որոնք իրենց նշանակալի ներդրումն ունեն ինչպես հին, այնպես էլ ժամանակակից քաղաքակրթության մեջ:
Դեռ մի քանի ամիս առաջ Ս.Սարգսյանը Ձեզ շնորհ արեց եւ հրավիրեց Երեւան 2015թ. ապրիլի 24-ին, որպեսզի միասնաբար հարգենք անմեղ զոհերի հիշատակը, որպեսզի ինքներդ էլ ազատվեք եւ ազատեք թուրք ազգին ոճրագործի ժառանգությունից, հակառակ դեպքում` Ձեր ազգը դեռ երկար կգոյատեւի մարդասպանի խարանով: Երբեւէ հայ եւ թուրք ժողովուրդները կհանգեն իրենց պատմության ընդհանուր հասկացմանը, Թուրքիան զղջումով կմաքրվի ցեղասպանության արյունից, բայց հիմա պարզ է դառնում, որ դա Ձեր ղեկավարման ընթացքում չի լինի: Ափսոս…»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
