ԱՆՈՏ ԵՎ ԶԻՆՎԱԾ
Արխիվ 12-16Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկի երկրամասի իրավապահները հարուցել են քրեական գործ` ոստիկանի սպանության, հրազենի հափշտակման եւ "կալանավայրից" փախուստի դիմելու դեպքերի առիթներով: Ճիշտ է, "կալանավայրը տվյալ դեպքում կալանավորներին տեղափոխող հատուկ ավտոմեքենան էր, սակայն հենց այս հանգամանքն էր հանգեցրել ծանրագույն հետեւանքների:
Վլադիվոստոկ քաղաքի դատարաններից մեկում քննվվում էր թմրանյութեր տարածող 2 հանցագործների` Վլադիմիր Բեսպալովի ու նրա հանցակից գործընկերոջ քրեական գործը: Դատական նիստի ավարտից հետո` մեղադրյալներին կալանավայր տեղափոխելու ժամանակ, Բեսպալովին հաջողվել էր խլել ուղեկցող ոստիկանի զենքը, սպանել նրան, ծանր վիրավորել մյուս ուղեկցողին ու փախչել: Նրա` թմրանյութերի տարածման գործով հանցակից ընկերը չէր ցանկացել փախչել ու մնացել էր դեպքի վայրում: Բեսպալովին հայտարարել են հետախուզման, բնակչությունը նախազգուշացվել է այդ անձի խիստ վտանգավոր լինելու մասին եւ նրան ճանաչելու հիմնական նշանը. 41-ամյա Բեսպալովի մի ոտքը… պրոտեզ է:
ՀԱՆԳՍՏԱՑՈՂՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ...
ՀԱՆԳԻՍՏ ՉԼԻՆԵԼ
Մարտի 18-ին Թունիսում` "Բարդո" թանգարանում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետեւանքով զոհվել էր Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացուհի եւ ծանր վիրավորվել էր մյուսը: Այդ կապակցությամբ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն ու Տուրիզմի դաշնային գործակալությունը կոչ են ուղղել Թունիսում հանգստացող համաքաղաքացիներին` չլքել հանգստյան տունը եւ չհաճախել մարդաշատ վայրերը:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
