«ՍԱՀՄԱՆԻՆ ԱՆԴՈՐՐ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ` ԴԵՌ ՇԱՏ ԵՐԿԱՐ»
Արխիվ 12-16«ՍԱՀՄԱՆԻՆ ԱՆԴՈՐՐ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ`
ԴԵՌ ՇԱՏ ԵՐԿԱՐ»
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը, մասնավորապես զոհերի ու գերի ընկած զինվորի մասին տեղեկությունները, չէին կարող չդառնալ հանրության լայն քննարկման, անհանգստության ու հնարավոր բոլոր ուժերը համախմբելու կարեւորության գիտակցման պատճառ: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ոլորտից քաջատեղյակ մասնագետների հետ` այն ներկայացնելով «Կլոր սեղան» ձեւաչափով:
«ԲԱՐԴԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ Է ԾԱՌԱՑԱԾ ՄԵՐ ԱՌՋԵՎ»
Վերոնշյալի հետ կապված թիվ մեկ շահարկումը, որը շրջանառվում է համացանցում, հետեւյալն է` մի՞թե հնարավոր չէ առաջին գծում տեղակայել պայմանագրային զինծառայողների` այնտեղից ետ քաշելով ժամկետային զինծառայողներին:
Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ռազմական
փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ նշեց. «Պայմանագրային զինծառայության համակարգը մեր զինված ուժերում վաղուց ներդրված է: Ստորաբաժանումները պայմանագրային զինծառայողներով համալրելու գործընթացն այժմ էլ ընթացքի մեջ է: Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի ցանկության դեպքում կարող է անցնել պայմանագրային զինծառայության: Ավելին` մեր պետական սահմանի զգալի հատվածը պայմանագրայիններն են պահպանում: Այդուհանդերձ` պետք է իրատես լինել` մարտական հերթապահությունն առանց ժամկետային զինծառայողների ընդգրկման` լիարժեք լինել չի կարող»:
ՊՆ խորհրդականի տեսակետին է հակված նաեւ Հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար, ազատամարտիկ, ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ. «Չեմ կարծում,
որ հայրենիքը պետք է պաշտպանեն միայն պայմանագրային զինծառայողները եւ համոզված եմ, որ ժամկետայիններն էլ պետք է մասնակցեն գործընթացին: Այլ կերպ արդյունավետությունն այդքան բարձր չի կարող լինել, որովհետեւ պայմանագրայինները պետք է հերթափոխ ունենան, իսկ ո՞վ պիտի ապահովի այդ հերթափոխը: Այնպես որ, այդ մոտեցումն այդքան էլ ճիշտ չէ»: Դ. Ջամալյանն էլ հավելեց. «Պետք է հաշվի առնել, որ բարդագույն խնդիր է ծառացած մեր առջեւ` եղած ռեսուրսներով սահմանն անառիկ պահել, թույլ չտալ, որ թշնամին տիրապետող դիրքեր ձեռք բերի: Եվ այդ խնդիրը մենք պետք է լուծենք, այլ ելք պարզապես չունենք: Այլընտրանքը թուլանալն է, իսկ թուլանալու հետեւանքը` մեծ պատերազմը»:
«ԹՇՆԱՄՈՒՆ ԶՍՊԵԼՈՒ ՄԻԱԿ, ԱՆԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵԼՔԸ
ՀՈՒԺԿՈՒ ՀԱՐՎԱԾՆԵՐՆ ԵՆ»
Իսկ թե ո՞րը պետք է լինի թշնամուն զսպելու ծանրակշիռ քայլը մեր կողմից, հատկապես, որ այսօր բազմաթիվ աշխարհազորային ուժեր պատրաստ են մասնակցելու լայնամասշտաբ գործողությունների: Ըստ լեգենդար հետախույզի, խնդրին պետք է համակարգված մոտեցում ցուցաբերել. «Պետք է ծրագիր մշակվի,
որը կսանձի ոչ միայն հակառակորդի զինված ուժերը, որ իրենք ակտիվ գործողությունների չգնան, այլ նաեւ թուրք խաղաղ բնակչությունը պետք է ազդեցություն թողի իրենց զինվորների վրա: Հիշո՞ւմ եք` մոտավորապես մեկ տարի առաջ թուրքական գյուղի բնակչությունը սպիտակ դրոշ էր բարձրացրել իրենց կտուրների վրա: Ես մի քանի նման դեպք 90-ականներից եմ դեռեւս հիշում, երբ թուրքերը դիրքերից կրակում էին մեր վրա, թուրք խաղաղ բնակչությունը փայտերով իրենց զինվորներին ծեծում էր: Դա տեղի էր ունենում այն ժամանակ, երբ թուրք խաղաղ բնակչության վրա մենք որոշակի ազդեցություն էինք թողնում: Ինչ-որ մենք արել ենք 90-ական թվականներին, հիմա իրենք օգտագործում են մեր դեմ Շամշադինում, Նոյեմբերյանի տարածքում: Հետեւաբար պետք է վերսկսվի մեր նախորդ գործողությունների գործելաձեւը: Բացի դրանից, համոզված եմ, որ ոչ պակաս կարեւորություն է պետք է տալ այն նոր համակարգերին, որ հայկական միտքը ստեղծել է, եւ ինժեներները կարողանում են սարքել: Գումար պետք չէ խնայել դրա վրա: Համոզված եմ, որ բանակն ու մեր զինված ուժերը ամեն ինչ անում են իրենց հնարավորությունների սահմաններում: Բայց այդ հնարավորությունները շատացնել է պետք, հետն էլ մեծացնելով վերահսկողությունը հասարակության կողմից` իրենց գործունեությամբ սահմանամերձ տարածքները պաշտպանելու գործում»:
Ռազմական փորձագետ Դ. Ջամալյանն էլ այսպես պատասխանեց. «Թշնամուն զսպելու միակ, անայլընտրանքային ելքը` հուժկու հակահարվածներն են` կանխարգելիչ հարվածները: Թշնամին պետք է վախենա մեզանից, եւ այդ առումով օրեր առաջ կատարվածը հատկանշական է. մեր դիրքապահները ջարդել են թշնամու հատուկ ստորաբաժանումը: Պատկերացնում եք, թե ինչ մթնոլորտ է ստեղծվում թշնամու անձնակազմի շրջանում, երբ մարտական խնդիր կատարելու ուղարկված էլիտար ստորաբաժանման մնացորդներն են միայն վերադառնում, այն էլ` առանց այդ խնդիրը կատարելու, եւ տասնյակ դիակներ են բերում մարտի դաշտից: Ձախողման լուրը զորքերի եւ առավել եւս տվյալ ստորաբաժանման անձնակազմից թաքցնել անհնարին է: Ակնհայտ է, որ այդ դեպքում տրամաբանական հարց է ծագում. եթե էլիտար ստորաբաժանումն է ձախողվում, ի՞նչ կլինի մյուս` «սովորական» ստորաբաժանումների հետ: Իսկ ինչ վերաբերում է սահման մեկնելու աշխարհազորայինների պատրաստակամությանը, ապա դա մեր ուժն է, մեր հպարտությունը, մեր` իբրեւ ազգ` կենսունակ լինելու գրավականն ու ապացույցը»:
«ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՀԱՆԻՐԱՎԻ ՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Ուղիղ մեկ ամիս անց կնշենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Կարելի՞ է ենթադրել, որ սահմանում իրավիճակը լարված կմնա մինչեւ ապրիլի վերջ հարցին ի պատասխան, պարոն Ջամալյանը հորդորեց իրատես լինել. «Սահմանին անդորր չի լինելու դեռ շատ երկար: Մենք իրավունք չունենք հանիրավի հանգստացնել մեր ժողովրդին: Ընդհակառակը` պատասխանատու պետական գործչի պարտքն է` հստակ ներկայացնել իրականությունը մեր հանրությանն այնպիսին, ինչպիսին այն կա: Սահմանին լարվածությունն անընդհատ պահպանելը թուրք-ադրբեջանական ռազմավարությունն է, որի նպատակը մեր երկրում անառողջ հոգեբանական մթնոլորտ ստեղծելն է, Հայաստան հայրենիքի տարածքները հանձնելու դիրքորոշումներ հասունացնելը, արտագաղթը խթանելը: Հետեւաբար մենք էլ պետք է անենք այնպես, որ թշնամին իր այդ ռազմավարության հետեւանքով բազմապատիկ անգամ ավելի մեծ վնաս կրի եւ ստիպված հրաժարվի դրանից: Ահա այս հակընդդեմ ռազմավարությունը մենք պետք է կենսագործենք հետեւողականորեն: Սա երկարատեւ հակամարտություն է, որտեղ հաղթելու է առավել տոկունը»:
Իսկ պարոն Վարդանովը համոզված է, որ ոչ թե սահմանում իրավիճակը լարված կմնա, այլ թշնամին ավելի տեմպ կտա այդ լարվածությանը. «Կփորձեն իրենց լեզվով ասած, «հարամել» ամեն ինչ` լինի մեծ տոն, թե մեծ դժբախտություն, այդ թվում Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք պետք է զգոն լինենք, ավելի լավ պետք է աշխատի ոչ միայն մեր բանակը, այլեւ ազգային անվտանգությունը եւ ոստիկանությունը: Եվ վերջապես` սահմանամերձ գյուղերի տարածքների բնակչությունը ավելի լայնածավալ ձեւով պիտի ներգրավվի Հայաստանի պաշտպանության գործընթացի մեջ: Նկատի ունեմ, որ ստեղծվեն ձեր ասած աշխարհազորային ստորաբաժանումները սահմանամերձ գյուղերում, որոնք համապատասխան ղեկավարության ներքո կգործեն»:
«ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԼԱՅՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՄՈՌԱՆԱԼ ԵՐԲԵՔ ՊԵՏՔ ՉԷ»
Ի վերջո, ո՞րը պիտի լինի ստեղծված իրավիճակի լուծումը` հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լռությունը կամ ուշացած հայտարարությունները, ՊՆ խորհրդականը հակադարձեց. «Մեր հույսը մենք ենք ու մեր բանակը:Այս տարիներին բանակում տարվող տիտանական, սակայն հաճախ չերևացող աշխատանքի արդյունքն այն է, որ դիրքում կանգնած մեր դիրքապահը ժամերով կռիվ է տալիս թշնամու էլիտար ստորաբաժանմանն ու փախուստի է մատնում նրան: Այդպիսի բանակը արժանի է իր ժողովրդի վստահությանը»:
Հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատարն էլ ավելացրեց. «Մինսկի խմբի մոտեցումը շատ նորմալ է: Նախª իրենք իրենց շահերն են պաշտպանում այս բանակցային գործընթացում: Բացի դրանից, եթե թուրքն իրեն անշնորհքություն է թույլ տալիս, այդ համանախագահները սկսեն ասել` թուրքեր, ձեզ խելոք պահեք, հետո դժվար կլինի բանակցել: Դրա համար շատ հասկանալի է, որ իրենք «երկուսիս են հորդորում», որովհետեւ իրականում դրանով Թուրքիային են լսացնում` տեղ թողնելով, որ հետագա բանակցություններն իրենց միջնորդությամբ լարված չլինեն: Բայց մենք չպետք է այդքան մեծ ուշադրություն դարձնենք դրան, պետք է անենք ամեն ինչ, որ Հայաստանի սահմանները լինեն անսասան եւ երբ ստեղծվի հնարավորություն, պետք է լայնացնենք մեր սահմանները: Ընդհանրապես, սահմանները լայնացնելու մասին մոռանալ երբեք պետք չէ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
