ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
Արխիվ 12-16ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
Երեկ սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետություն: Պաշտոնական աղբյուրների համաձայնª այցի շրջանակներում ՀՀ նախագահը կհանդիպի ՉԺՀ բարձրաստիճան ղեկավարությանը, կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, կհյուրընկալվի Պեկինի համալսարանում, որտեղ հանդես կգա ելույթով եւ այլն: Սակայն պաշտոնական այս չոր հաղորդագրությունից զատ` չմոռանանք, որ Չինաստանը ժամանակակից աշխարհում այն կարգի պետություն է, ուր կատարած ամենաբարձր մակարդակով այցը հազիվ թե իր խորքային իմաստը չունենա: Հենց դա էլ փորձեցինք պարզել հայաստանյան վերլուծաբանների հետ մեր զրույցներում: Առաջ ընկնելով` նկատենք, որ մեր զրուցակիցները համակարծիք էին այն բանի շուրջ, որ տարբեր ոլորտներում Չինաստանի հետ Հայաստանի համագործակցությունը կարող է տնտեսական, քաղաքական եւ ռազմական կարեւոր նշանակություն ունենալ մեր երկրի համար:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ փաստեց, որ Չինաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելը Հայաստանի համար շահավետ է. "Անհրաժեշտ է հաշվի առնել պատմական անցյալը եւ ասել, որ հայ-չինական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն: Հայերը մեծ դերակատարություն են ունեցել մետաքսի ճանապարհի վրա առեւտրային փոխանակման վրա: Այսօր տարածաշրջանային մի շարք խնդիրներ հաշվի առնելովª պետք է վերականգնենք հայ-չինական հարաբերությունները: Չինաստանի հետ ռազմավարական որեւէ փաստաթղթի ստորագրումն ազդանշան պետք է լինի ապագա համագործակցության համար":
Տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ խոսքով` Հայաստանը պետք է փորձի իրացնել Չինաստանի հետ համագործակցային հարաբերություններըª հաշվի առնելով Չինաստանի դերը համաշխարհային տնտեսաֆինանսական համակարգում. "Վերջին մի քանի տարիների ընթացքում, հատկապես ֆինանսական ճգնաժամի տարիներին, ակնհայտ դարձավ, որ Չինաստանը վերածվել է համաշխարհային տնտեսության խոշոր կենտրոնի: Ըստ էության, իր կարեւորությամբ աշխարհում նա չորրորդն է, ինչը նշանակում է, որ Չինաստանի հետ համագործակցությունը ռազմավարական առումով կարեւոր է: Անհրաժեշտ է զարգացնել ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական կապերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա տարիների ընթացքում տնտեսական ցուցանիշներով Չինաստանն իր մրցակիցներից ավելի շահեկան դիրքերում կգտնվի: Պետք է հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ Չինաստանը համաշխարհային տնտեսության մեջ` գլոբալիզացիայի ընդհանուր համատեքստում նոր մշակույթ է բերում: Վստահ եմ, որ ՀՀ նախագահի այցը կարեւոր քայլ կլինի` երկու երկրների միջեւ զարգացնելու քաղաքական եւ տնտեսական կապերը":
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ կարծիքով` Հայաստանի համար Չինաստանի հետ հարաբերություններն ունեն նախ եւ առաջ ռազմավարական նշանակություն, ընդ որում այդ կարեւորությունը վերաբերում է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության ոլորտին. "ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Չինաստան` հայ-չինական հարաբերությունների զարգացման համար կարող է դառնալ նոր խթան: Մանավանդ այժմ, երբ տարածաշրջանում իրավիճակը գնալով` սրվում է եւ ապակայունանում, անհրաժեշտ է ավելացնել անվտանգության պաշարը: Այս առումով հայ-չինական հարաբերությունները կարող են մեծ նշանակություն ունենալ: Հետեւաբարª հայկական դիվանագիտության համար Չինաստանը կարեւորագույն ուղղություններից մեկը պետք է լինի, եւ ՀՀ նախագահի այցը կարող է մի շարք հարցերում այդ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի վրա":
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
