"ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ՇԻՏԱԿ ՔԱՅԼԵՐՈՎ"
Արխիվ 12-16"ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ՇԻՏԱԿ ՔԱՅԼԵՐՈՎ"
ԲՀԿ-ն հայտարարեց իր` ընդդիմություն լինելու կարգավիճակի մասին, որին զուգընթաց` ԲՀԿ մամուլի նախկին պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ էլ հայտարարեց "Քաղաքացիական շտաբ" բացելու իր նախաձեռնության մասին: Իսկ թե ինչ է այն իրենից ներկայացնում, եւ արդյո՞ք այսուհետ պարոն Ուրիխանյանը կառանձնանա եւ կգործի որպես առանձին քաղաքական միավոր` նա մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց.–Ես բազմիցս հայտարարել եմ, որ այս ընթացքում չեմ ցանկանում որեւէ տեղեկատվություն տրամադրել դեռեւս չիրականացված, կամ առավել եւս իրականացված քայլերի, գործողությունների վերաբերյալ: Ես որեւէ հայտարարություն չեմ արել, եւ այն, որ հնարամիտ լրագրողները հայթայթում են տեղեկատվություն` դահլիճ վարձակալելու հայտի վերաբերյալ (մայիսի 2-ին Մարզահամերգային համալիրում իրականացվող համագումար), դա միգուցե կարող է միայն գովեստի պատճառ հանդիսանալ իրենց աշխատանքի առթիվ: Կլինի՞ համագումար, կլինի ակնառու, եւ բոլորը կտեսնեն` ինչ համագումար է, ովքեր են մասնակցում, ինչ հարցեր են քննարկվում: Իսկ եթե չի լինի` հետեւաբար կփակվեն բոլոր հարցերը: Ի՞նչ իմաստ ունի խոսել այսօր, եթե ամբողջ հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի: Խոսելու ժամանակը վաղուց անցել է: Այն կարեւոր հեղափոխությունը, որը պետք է իրականացվի մեր երկրում, այն է` ազնվության հեղափոխությունը, դա պետք է անել շիտակ քայլերով:
– Ձեր` ԲՀԿ-ից դուրս գալու մասին լուրերը ճի՞շտ են:
– Կարծում եմ` ժողովրդի համար բացարձակ էական չէ, թե ինչ կարգավիճակում կամ պաշտոնական դիրքում, ինչ հնարավորության ես կտիրապետեմ կամ ինչպես հանդես կգամ: Վստահ եմ ու համոզված, որ ինչպես եղել եմ, այնպես էլ մնալու եմ ժողովրդի շահերի պաշտպան, երկրում ժողովրդի առկա խնդիրները բարձրացնող ու դրանց լուծումները պահանջող եւ պահանջատիրության մթնոլորտ երկրում ձեւավորող:
– "Քաղաքացիական շտաբի" ստեղծման գաղափարն առաջացավ փետրվարյան իրադարձություններից հետո՞:
– Այո, բայց այդ գաղափարն առաջացել է մոտավորապես 1200-1300 մարդու մոտ եւս, որոնք ձեւավորեցին բնական պահանջարկ` այսօրվա իրականության մեջ: Պետք է նաեւ ասեմ, որ ոչ մի որոշում ես չեմ կայացնում հասարակական ու քաղաքական գործունեության մեջ, այլ առաջնորդվում եմ հանրային պատվերով:
– ԲՀԿ-ն հայտարարեց, որ ընդդիմություն է, եւ Դուք եւս հանդես եք գալու այդ տիրույթում: ԱԺ-ում Ձեր երեկվա կատարած հայտարարությունը եւս վկայեց այդ մասին, որտեղ Դուք դժգոհություններ հայտնեցիք` ներքաղաքական իրավիճակից սկսած, վերելակների անսարքությունից մինչեւ բարձր ատյաններ: Հետաքրքիր է Տիգրան Ուրիխանյան քաղաքական գործիչը արտաքին քաղաքական ինչպիսի՞ ուղղություն է որդեգրելու` "ե՛ւ-ե՛ւ"-ի՞, թե "կա՛մ-կա՛մ"-ի սկզբունքով:
– Ես կողմնակից եմ միայն մեկի արտաքին քաղաքականության, երկրիս ու ժողովրդիս առաջնային շահի ուղղության:
– Իսկ ավելի կոնկրե՞տ:
– Իսկ ավելի կոնկրետ, ո՞ւմ համար պարզ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը իր գլոբալ հարցերի նախապատվությունը բնականաբար պետք է տա անվտանգության հայեցակարգին, ելնելով տարածաշրջանում գոյություն ունեցող իրավիճակից, կոմունիկացիաների եւ օգտակար հանածոների, ռեսուրսների բացակայությունից: Այս բոլորն ուղղակիորեն բերում են ակնհայտ պատասխանի, այն է, որ երկիրը եթե ապրում է տրանսֆերների հաշվին, որեւէ մեկը չի կարող հաշվի չառնել, թե որտեղ են աշխատում մեր հայրենակիցները եւ դրանով պահում իրենց հարազատներին: Մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ պայմանագիր, որը մեր երկիրը ապահովում է այդ հիշյալ պայմանագրի տիրույթով: Իսկ հիմա չկա այլընտրանքային առաջարկ եւ չի էլ լինելու այլ պետությունից, բայց դա չի նշանակում, որ տնտեսական հարթության մեջ ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում մենք պետք է զերծ մնանք Եվրոպական միության երկրների հետ առանձին-առանձին կամ ամբողջապես փոխգործակցությունից, մեզ համար տեսանելի ու շոշափելի հասույթով, շահույթով: Բայց մեզ համար բացառապես կարեւոր են հասույթն եւ շահույթը, այլ ոչ թե միայն խոստումները, որոնք երբեմն կարող է իրականացվեն:
Ինչ վերաբերում է իմ ընդդիմադիր լինելուն, ապա ես ինձ այլ տիրույթում չեմ տեսնում: Իսկ եթե անգամ դուրս գամ ընդդիմադիր դաշտից, ապա միայն այն ժամանակ, երբ 40 տոկոսանոց աղքատությունը երկրում կզրոյացվի:
– Ի վերջո, եթե Դուք որոշեք կամ պարզվի, որ այն տեղեկատվությունը, թե պատրաստվում եք դուրս գալ ԲՀԿ-ից, համապատասխանում է իրականությանը, ապա դա կլինի անձի՞, թե գաղափարախոսության պատճառով:
– Բարձր եմ գնահատում Ձեր լրագրողական պրոֆեսիոնալիզմը եւ հետաքննականությունը, բայց Դուք տալիս եք հարց, որի հիմքը միտված է ապագային:
– Չկա՞ այս պահին նման որոշում:
– Եթե ես չեմ խոսում` ելնելով նպատակահարմարությունից` բազմաթիվ հարցերի շուրջ, դա չի նշանակում, որ ես չունեմ հստակ պատկերացումներ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
