ԱՄՆ-Ը ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՇԻԿԱՑՆՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Արխիվ 12-16ԱՄՆ-Ը ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՇԻԿԱՑՆՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Նախօրեին Ղրիմումª Սեւաստոպոլի Եղբայրական գերեզմանոցում տեղի ունեցավ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդուª Վիկտոր Յանուկովիչ կրտսերի հուղարկավորության արարողությունը: Վիկտորն օրերս էր զոհ գնացել միստիկա հիշեցնող իրավիճակում. Բայկալ լճի զբոսաշրջային հատվածներից մեկում նա իր վարած ավտոմեքենայով դուրս էր եկել լճի սառույցների վրա: Որպես զբոսաշրջային գոտի` այդտեղ սառույցի ամրությունը մշտապես ուսումնասիրվում է, եւ չնայած դրանª սառույցը կոտրվեց եւ մեքենան ընկավ լիճը: Ընդ որումª Վիկտորի ուղեկիցները հասցրին դուրս թռչել ու փրկվել, իսկ նաª խեղդվեց:
ՈՒԿՐԱԻՆԱՆª
ՕԼԻԳԱՐԽԻԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ
Թերեւս սնահավատության կնմանվի, բայց սա նախկին նախագահ Յանուկովիչին ուղղված պատիժ է հիշեցնում: Չէ՞ որ առաջին հերթինª հենց նրա վրա է Ուկրաինայի այսօրվա վիճակի մեղքը, տասնյակ հազարավոր զոհերի արյունը, եւ փոխանակ ամեն ինչ աներ, թեկուզեւª նույն Ուկրաինայից տարիներ շարունակ գողացած միլիարդները ներդներ սեփական ձեռքով կործանած երկրին գոնե մի փոքր օգուտ տալու համար, նախընտրեց ընտանյոք հանդերձ այլ երկրներում տարաբնույթ էկզոտիկ հաճույքների հետեւից ընկնելը...
Սրա հետ մեկտեղ նկատենք նաեւ, որ վերջին օրերին ներուկրաինական իրավիճակը հերթական անգամ շեշտակիորեն սրվել է: Ընդ որումª այս անգամ ոչ թե Դոնբասի շուրջ ¥թեեւ այստեղ էլ իրավիճակը կամաց-կամաց մոտենում է հերթական պատերազմական փուլին¤, այլ օլիգարխիկ-իշխանական շրջանակներում: Ավելի կոնկրետª դրված է ուկրաինական ամենահամեղ պատառներից մեկիª նավթարդյունահանության, վերամշակման եւ տեղափոխման համակարգերի նկատմամբ վերահսկողության հարցը, եւ դրա շուրջ օլիգարխ-նախագահ Պորոշենկոն իսկական պատերազմ է սկսել մեկ այլ գերհզոր օլիգարխիª Կիեւի վերահսկողության տակ գտնվող Արեւելյան Ուկրաինայի փաստացի տեր Իգոր Կոլոմոյսկու հետ: Պորոշենկոյի ձեռքին են բանակը, մյուս պետական ուժային կառույցները: Կոլոմոյսկին էլ թույլ չէ. նա է փաստացի վերահսկում ուկրաինական գրեթե բոլոր այսպես ասածª կամավորական գումարտակները...
Առաջ չընկնենքª գուշակություն անելով, թե ինչով կավարտվի այս հակամարտությունը. միգուցե ինչ-որ պահի այդ հսկա բիզնեսն ինչ-որ կերպ կիսեն, միգուցե սկսեն իրար վրա կրակել, որը միանգամայն այլ հունով կտանի առանց այն էլ կիսամեռ վիճակում հայտնված երկիրը: Սակայն անկախ այս կոնկրետ իրավիճակի ելքիցª մեկ բան հաստատ է. Ուկրաինայում իշխանական համակարգը, որպես երկրում անառարկելի վերահսկողություն իրականացնող ուժ, այդպես էլ չի կայացել:
Ճիշտ էª կոնկրետ այսª Կոլոմոյսկու դեմ արշավանքով նախագահ Պորոշենկոն նաեւ այդ խնդիրն է փորձում լուծել. համենայնդեպս նա երեկ եւս հայտարարեց, թե օլիգարխներից ոչ մեկը չի ունենա "գրպանային ռազմական ուժեր": Բայց հենց այդ օլիգարխիկ գումարտակներն են, որ Դոնբասի ուղղությամբ ուկրաինական հիմնական եւ ամենակայուն հարձակողական ուժն էին, եւ առանց կոնկրետ օլիգարխների ֆինանսավորմանª հարց է, թե դրանցից ինչ կմնա: Այսինքն, եթե Պորոշենկոն հասնի հաջողության, ապա դա էականորեն կարող է թուլացնել ուկրաինական առանց այն էլ հազիվ գոյատեւող ռազմական մեքենան: Իսկ եթե չհաջողվի, ապա Կոլոմոյսկին կվերահաստատի նախագահին առնվազն հավասարի իր կարգավիճակըª դրանից բխող բոլոր` ում համար տխուր, ում համար էլ ուրախ` հետեւանքներով հանդերձ:
Սա, իհարկե, կլիներ միայն ներուկրաինական եւ մեզ համար էլª ոչ այնքան հետաքրքիր թեմա, եթե հաշվի չառնենք մեկ ուշագրավ հանգամանք: Վաշինգտոնը միանգամայն հստակ վերահսկողություն ունի ինչպես Պորոշենկոյի, այնպես էլª Կոլոմոյսկու, եւ, առհասարակ, Դոնբասից այն կողմ գտնվող ուկրաինական բոլոր ուժերի նկատմամբ: Ընդ որումª այս հակամարտության նախնական փուլում Կիեւում ամերիկյան դեսպանը փորձեց կամ գոնե ձեւացրեց, թե փորձում է կանգնեցնել հետագա սրացումը: Բայց հակառակըª իրավիճակը հասավ ներուկրաինական նոր քաղաքացիական պատերազմի աստիճանի: Այսինքն ի՞նչ, այս անգամ ուկրաինական իշխանավոր-օլիգարխներն ամերիկացիներին չենթարկվեցի՞ն, թե Վաշինգտոնը բոլորովին այլ խաղ է սկսել: Թերեւսª երկրորդ տարբերակն է ավելի իրատեսական: Նկատի ունենք, որ ներպետական կայուն վերահսկողություն ձեռք բերելու դեպքում Պորոշենկոն իրականում հնարավորություն է ստանում առավելագույնս դուրս գալ ամերիկյան վերահսկողությունից. ի վերջո հենց նման զարգացումները թույլ չտալու համար է, որ ի սկզբանե, որպես պաշտոնական նախագահին հակակշիռ, Վաշինգտոնն արտոնեց օլիգարխիկ գումարտակների ստեղծման գործընթացը, որտեղ, ի դեպ, որպես կամավորներ` կուտակվեցին ամերիկյան փողերով պատրաստված այն ուժերը, հենց որոնց միջոցով էլ Յանուկովիչի օրոք իրականացվեց պետական հեղաշրջումը: Եվ հենց այս ուժերին չեզոքացնելու Պորոշենկոյի փորձերը արդեն իսկ հետաքրքիր եզրահանգումների տեղիք են տալիս:
ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Այն, որ նախագահ Պորոշենկոն ոչ միայն Գերմանիայի եւ Ֆրանսիայի բացահայտ ճնշումների արդյունքում էր, որ Մինսկում կնքեց հայտնի զինադադարային համաձայնագիրը, այն օրերին էլ էր զգացվում: Նկատի ունենք, որ այդ պահին ուկրաինական բանակը կանգնած էր ոչնչացման եզրին, եւ հետագա պարտությունները հաստատ Պորոշենկոյին չէին թողնի նախագահական աթոռին: Ընդ որումª պատերազմի վերսկսումը Դոնբասում կարճ ժամանակում հենց նույն հետեւանքն է ունենալու, հաշվի առնելով նաեւ, որ նախորդ մարտական գործողություններից մնացած հսկայական ռազմաավարը էականորեն բարելավել է դոնբասյան բանակի վիճակը, մինչդեռ գրեթե սնանկացած Կիեւը, բացի մեծ-մեծ հայտարարություններից, սեփական զինված ուժերի վերականգնման հարցում քիչ բան է հասցրել անել: Այսպիսովª նոր պատերազմը կարող է Պորոշենկոյին ոչ միայն աթոռից, այլեւ կյանքից զրկել: Բայց հենց ակնարկում է զինադադարային հերթական դրույթից հրաժարվելու մասին, Մոսկվան պարզապես միանգամից դիմում է Բեռլինին եւ Փարիզին, թե` սա՞ էր ձեր կողմից ամենաբարձր մակարդակով երաշխավորված զինադադարը: Դե դրանից հետո արդեն Պորոշենկոն պետք է տիկին Մերկելին բացատրություններ տա...
Մյուս կողմից էլ, եթե պատերազմ չկա, ապա նույնիսկ ամերիկացիներն են խոստովանում, որ դա դառնում է իրենց գլոբալ պարտությունը ռուսների նկատմամբ ոչ միայն ուկրաինական, այլեւª եվրոպական ճակատում: Ավելինª նաեւ միանգամայն անհասկանալի են դառնում այն ռազմական տեղաշարժերը, զենքի տեղափոխումները, որոնք Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի անունից իրականացնում է ողջ Արեւելյան Եվրոպայով մեկ. եթե Ուկրաինայում պատերազմ չկա, ապա ինչպե՞ս եվրոպացիներին բացատրել, թե դա արվում է "ռուսական ագրեսիայի" դեմն առնելու նպատակով: Ընդ որումª նաեւ պետք է շտապել, քանի որ զինադադարի կնքումից հազիվ մեկ-երկու ամիս է անցել, իսկ եվրոպական յոթ-ութ երկրներ արդեն իսկ բացահայտորեն հրաժարվում են հակառուսական պատժամիջոցներից, եւ դժվար չէ նկատել, որ Վաշինգտոնի համար գնալով ավելի դժվար է դառնում նույն քայլից հեռու պահել նաեւ եվրոպական լիդերներին:
Եվ այս իրավիճակում, թերեւս, Պորոշենկոյին մնում էր միակ ելքը. արագորեն իր վրա ճնշող վաշինգտոնյան գործիքներից ձերբազատվել, ինչը, իհարկե, որոշակիորեն կմեծացնի նրա մանեւրելու հնարավորությունները` արտաքին դաշտում: Այս օպերացիան, դժվար չէ կռահել, որ ձեռնտու է կամ արտոնված է Բեռլինի կողմից, ընդ որում, Մոսկվան եւս կարող է առնվազն լոյալ վերաբերմունք ունենալ: Իսկ ահա մինչեւ քաղաքացիական պատերազմի գնալու մասին Կոլոմոյսկու սպառնալիքները ավելի շատ նմանվում են Վաշինգտոնի կողմից Պորոշենկոյին ցույց տված "դեղին քարտի", որը, միգուցե, արդեն դարձել է "կարմիր":
Եվ իհարկե, ամենեւին էլ պատահական չէր, որ այս սուր իրավիճակին զուգահեռ` ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատեց բանաձեւ, որով նախագահ Օբամային կոչ է անումª սկսել Ուկրաինային զենքի մատակարարումը: Ընդ որումª բանաձեւն ընդունվել է գրեթե միաձայնª 348 "կողմ" ձայնով` ընդդեմ 48 "դեմ"-ի, ինչը նշանակում է, որ ամերիկյան ողջ քաղաքական էլիտան է կանգնած ուկրաինական իրավիճակը մինչեւ վերջ շիկացնելու այս քայլի ակունքում: Ընդ որումª զինադադարային համաձայնագիրը դեռ գործում է, եւ այս իրավիճակում Ուկրաինային զենք տալու նման միանշանակ ակնարկը հուշում է, որ Վաշինգտոնը, որպես այս մեծ "խաղի" վրա ազդեցության վերջին լծակ, սպառնում է առանց ավելորդ ձեւականությունների հետեւից ընկնելուª գնալ մեծ պատերազմ սարքելու այս վերջին միջոցին:
Չնայած նկատենք, որ պարտությունից խուսափելու այլ տարբերակ ԱՄՆ-ին պարզապես չի մնացել: Միայն թե դեռ հարց է, թե պատերազմը Վաշինգտոնի համար պարտվելու ավելի արագ տարբերակ չէ՞:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
