ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ Է ՆԱԵՎ ԸՆԴԴԵՄ ԽՈՍՔԻ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
Արխիվ 12-16ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ Է ՆԱԵՎ ԸՆԴԴԵՄ ԽՈՍՔԻ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
ԱԺ հայտարարությունների ժամանակ, իր ելույթից առաջ, ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նախ անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հոդվածին, որը լույս է տեսել մարտի 24-ին. "Նա շատ հետեւողական է իր հակահայկական քաղաքականության մեջ: 1990 թվականին, երբ ընդունվում էր Անկախության մասին հռչակագիրը, Տեր-Պետրոսյանը անում էր ամեն ինչ, որպեսզի Ցեղասպանության ճանաչումը չմտնի որպես ՀՀ արտաքին քաղաքական հիմնասյուն":
Իսկ իր հայտարարությունում պատգամավորն անդրադարձել է Հայաստանում Սորոսի հիմնադրամի` կրիմինալ պարունակող դրվագներին: Նա ասել է.
– "Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան" հաստատության, կամ նույն ինքը` Սորոսի հիմնադրամի կայքում 2014-ին տրամադրված գրանտների ցուցակում հայտնաբերվել է 2 առավել քան տարօրինակ դրամաշնորհներ` 4000-ական դոլարի չափով: Առաջինը թվագրված է 2014թ. հոկտեմբերի 24-ով, տրված է "Նոր սերունդ" ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանին, եւ դրա նպատակն է` "օժանդակել խտրականության դեմ ռազմավարական դատավարություններին: Մասնավորապես, գործի շրջանակներում հարց է բարձրացվելու` արդյո՞ք "Իրավունք" թերթի հրապարակման մեջ առկա է ատելության խոսք ԼԳԲՏ համայնքի նկատմամբ":
Երկրորդ նմանաբովանդակ գրանտը թվագրված է հոկտեմբերի 27-ով, տրված է "ՓԻՆՔ Արմենիա" ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանին, եւ նպատակն է` "օժանդակել խտրականության դեմ ռազմավարական դատավարություններին: Մասնավորապես գործի շրջանակներում հարց է բարձրացվելու` ատելության խոսքի առկայության մասին` այն հրապարակման մեջ, որը պարունակում է "ազգի թշնամիների" ցուցակ…":
Փաստորեն հայտնի գլոբալիստ, նարնջագույն հեղափոխությունների հովանավոր Սորոսը, իր հիմնադրամի միջոցով փող է տալիս որոշ ՀԿ-ների` կոնկրետ լրատվամիջոցի` "Իրավունք" թերթի դատական հետապնդումն իրականացնելու համար: Այսինքն, սույն հիմնադրամը ֆինանսավորում է խոսքի եւ մամուլի ազատության հետապնդումները Հայաստանում, կոնկրետ թիրախավորելով մեկ լրատվամիջոց: Այդտեղ փաստորեն առկա է բացահայտ ֆինանսական միջամտություն` դատական գործերին: Կարելի է ենթադրել, որ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում նպատակաուղղված է ոչ միայն ազգային ավանդական արժեհամակարգի դեմ, այլեւ պայքարում է ընդդեմ հիմնարար ժողովրդավարական արժեքի` խոսքի եւ մամուլի ազատության:
Միաժամանակ ԵԽԽՎ վերջին նստաշրջանում, 22 պատգամավորներ տարածել են զրպարտչական բնույթի հայտարարություն` փորձելով ճնշում գործադրել իմ եւ "Իրավունք" թերթի, ինչպես նաեւ Հայաստանի դատական համակարգի վրա: Այդ տոտալիտար դրսեւորմանը ես պատասխանեցի բաց նամակով, որտեղ անընդունելի համարեցի խոսքի եւ մամուլի ազատության դեմ նման դրսեւորումները: Արդյո՞ք այդ ամենում նույնպես չկա Սորոսի մատը:
Թերեւս այդ դրվագները հարկ է դարձնել դատախազության եւ պետական այլ լիազոր մարմինների հետազոտության առարկա: Սա պետք է լինի նաեւ մեր հասարակության համար ահազանգ, որ հայ ազգի արժեհամակարգի ու ինքնության դեմ ծավալվել է համակարգված եւ համատարած արշավ:
